28.11.2018 13:43

Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հետևողականորեն հայտնել էր Լևոն Տեր-Պետրոսյանը

Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հետևողականորեն հայտնել էր Լևոն Տեր-Պետրոսյանը

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը Ստեփանավան քաղաքում, խոսելով Արցախի հարցի մասին, հայտարարել է. «Ես ՀՀ առաջին ղեկավարն եմ, որ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում հստակ հայտարարել է` «Ես կարող եմ հանդես գալ ՀՀ անունից, բայց ես չեմ բանակցում ԼՂ անունից, և ԼՂ դիրքորոշումը կարող է ներկայացնել միայն Արցախի իշխանությունը»: Մեկնաբանություն կար, թե Ղարաբաղի իշխանության դիրքորոշումը Ղարաբաղի հարցում լինելու է կարևոր, ես ասում եմ` ոչ, կարևոր չի լինելու, վճռական է լինելու»:

Արցախը, որպես հակամարտության լիարժեք կողմ, ԵԱՀԿ կողմից պաշտոնապես ընդունվել է 1994-95թթ., երբ հստակ սահմանվել է, որ «ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատում է կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ-ի նախկին որոշումները, այսինքն` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ մեջ ներգրավված ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ (Լեռնային Ղարաբաղ) մասնակցությունը ողջ բանակցային գործընթացում, այդ թվում Մինսկի կոնֆերանսում»:

Ողջ Արցախյան պատերազմի ընթացքում կրակի դադարեցման բազմաթիվ միջնորդություններ Հայաստանը պայմանավորել է արցախյան կողմի դիրքորոշմամբ: Նույնիսկ Արցախ-Ադրբեջան համաձայնություններ են ձեռք բերվել: Ավելին, պատերազմը դադարեցնելու փաստաթուղթը պաշտոնապես ստորագրել են երեք կողմերի ներկայացուցիչները: Նման ձեռքբերումներ հնարավոր էր միայն լուրջ և հետևողական դիվանագիտության շնորհիվ:

Որ Արցախի հարցում գլխավորը Արցախի դիրքորոշումն է, դրա մասին իր ղեկավարման տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանն է խոսել՝ մշտապես հայտարարելով, որ «մեզ համար ընդունելի է ցանկացած լուծում, որը կբավարարի Ղարաբաղին»: Եվ հենց այդ դիրքորոշման շնորհիվ էր, որ հնարավոր եղավ Արցախը դարձնել բանակցությունների լիարժեք կողմ:

Ավելին, Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու անհրաժեշտության մասին, նույնպես առաջին անգամ ահազանգել է Լևոն Տեր-Պետրոսյանը, որը 2007թ. տասնամյա լռությունից հետո իր առաջին հրապարակային ելույթում հայտարարեց հետևյալը. «Անհրաժեշտ է վերադառնալ Ղարաբաղի հարցի կարգավորման նախկին ձեւաչափին, որում Ղարաբաղը ներկայացված էր որպես հակամարտության լիիրավ կողմ»։

Մի խոսքով` այն, ինչի մասին Փաշինյանն այժմ հայտարարում է ու պնդում, թե, իբր, նա ՀՀ առաջին ղեկավարն է, որ նման դիրքորոշում է հայտնում, չի համապատասխանում իրականությանը: Սրանից դեռևս երկու տասնամյակ առաջ այդ դիրքորոշումը հետևողականորեն հայտնել է Լևոն Տեր-Պետրոսյանը, և ոչ միայն հայտնել է, այլև գործնականում իրականություն է դարձրել, ինչը հետագայում մսխվել է Ռոբերտ Քոչարյանի կողմից»: