29.11.2018 13:56

Քոչարյանի որդիները «ծառայել» են Երեւանում. Փաշինյան

Քոչարյանի որդիները «ծառայել» են Երեւանում. Փաշինյան

Այսօր Գեղարքունիքի մարզում անցկացրած նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նախօրեին իր արած այն հայտարարությանը, ըստ որի՝ ինքը Հայաստանի առաջին ղեկավարն է, ում որդին ծառայում է Լեռնային Ղարաբաղում: Նա հայտարարել է, թե իր այդ հայտարարությունը շահարկումների առարկա է դարձել, այդ թվում՝ ԼՂՀ իշխանությունների կողմից: 

Փաշինյանը նախ նշել է, որ ինքը շեշտել էր կոնկրետ Լեռնային Ղարաբաղում ծառայության փաստը: Ապա անդրադարձել է Հայաստանի նախկին ղեկավարների որդիների ծառայությանը:

«Սերժ Սարգսյանը տղա չունի, գիտեմ նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի որդին, այո, ծառայել է, եթե չեմ սխալվում՝ Շամշադինում:  Ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել՝ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ: Եւ հիմա պաշտոնապես ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի երկու որդիները «ծառայել են»՝ Երևանում եւ ոչ մի գիշեր չեն անցկացրել որևէ զորամասում»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ պաշտոնական փաստաթղթերն իր ձեռքի տակ են, ըստ որոնց, Քոչարյանի մի որդին ծառայել է Պաշտպանության նախարարության վարչական մասում, մյուս որդին էլ ձևակերպված է եղել որպես վարորդ:

«Որտեղ ուզեցել է՝ գնացել է՝ պետության բենզինի հաշվին, ավտոյի հաշվին։ Էդ ինչի՞ եք տենց ոգևորվել, որ մի բան ասում եմ, գիտեմ ինչ եմ ասում։ Եթե որևէ մեկն իմ էս ասածը կասկածի տակ դնի, փաստերով ու փաստաթղթերով կապացուցեմ»,- հայտարարել է Փաշինյանը։

Ապա անդրադարձել է իր հայտարարությունների մասին Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների, այդ թվում՝ ԼՂՀ նախագահի խոսնակի կողմից պարբերաբար հնչող արձագանքներին: «Ճիշտն ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը։ Էդ ինչի՞ են ակտիվացել և տարբեր մեկնաբանություններ անում և ինչի՞ են փորձում որևիցե ձևով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավում։ Ես ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ և այդ հարցերն անպայման կքննարկեմ Բակո Սահակյանի հետ։ Իսկ մինչ այդ ես պարոն Սահակյանին հորդորում եմ, որ կարգի հրավիրի իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը օրը մեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս։ Այ քեզ բան։ Դուք պատկերացնում եք, եթե իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի եւ անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա, դուք հասկանո՞ւմ եք դրա հետեւանքը ինչ կլինի: Սթափվե՛ք հարգելիներս և զբաղվեք ձեր աշխատանքով։ Իհարկե այն, ինչ-որ տեղի է ունեցել, ես կքննարկեմ ձեզ հետ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»,- ասել է Փաշինյանը: