30.11.2018 16:04

Հարութ Ուլոյան. Փաշինյանը պետք է հստակեցնի

Հարութ Ուլոյան. Փաշինյանը պետք է հստակեցնի

Սևան քաղաքում, խոսելով Արցախը բանակցությունների գործընթաց վերադարձնելու մասին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Մենք, այո, կարևոր ենք համարում հարցի վերջնական և խաղաղ կարգավորման առումով Ղարաբաղի վերադարձը բանակցային գործընթաց: Եվ մենք, այո, նախորդ իշխանությունների և կառավարությունների կոպտագույն սխալն ենք համարում Ղարաբաղը բանակցությունների սեղանից հեռացնելուն մասնակից լինելը: 1994թ. հրադադարի պայմանագիրը ստորագրել են երեք սուբյեկտ` Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը, իսկ Բուդապեշտի գագաթնաժողովում Ղարաբաղը ճանաչվել է որպես հակամարտության կողմ, բայց հետագայում Ղարաբաղը դուրս է մղվել բանակցային գործընթացից, այդ թվում` Հայաստանի մասնակցությամբ, և դա մեր արտաքին քաղաքականության կոպտագույն սխալն է, որի հետևանքները մենք մինչև այսօր զգում ենք և տեսնում ենք»:

Առերևույթ, այո, ճշգրիտ է ներկայացվում իրադարձությունների ընթացքը, սակայն յոթ ամիս լինելով ՀՀ վարչապետ, տիրապետելով տվյալ թեմային առնչվող ողջ տեղեկատվությանը և այժմ քննադատելով Արցախը բանակցությունների գործընթացից դուրս մղելը՝ Փաշինյանը, նախևառաջ, հստակ գնահատական պետք է տա, թե կոնկրետ ում շնորհիվ է Արցախը դարձել բանակցությունների լիիրավ կողմ և ում շնորհիվ է դուրս մղվել բանակցությունների գործընթացից: Ավելին, Փաշինյանը պետք է անդրադառնա ևս մեկ հանգամանքի, այն է` ով է մերժել «տարածքային ամբողջականության» սկզբունքը, և ապագայում դա ինչպես է ամրագրվել բանակցային գործընթացում:

-       Նախ, ինչպես և Փաշինյանն է նշում, Արցախը պաշտոնապես հակամարտության կողմ է հաստատվել 1994թ. Բուդապեշտի գագաթնաժողովում:

-       1995թ. ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատել է «կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ-ի նախկին որոշումները, այսինքն` ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ մեջ ներգրավված ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄԻ (Լեռնային Ղարաբաղ) մասնակցությունը ողջ բանակցային գործընթացում, այդ թվում՝ Մինսկի կոնֆերանսում» [1]:

-       1996թ. Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ փորձ է արվել բանակցային գործընթացում ամրագրել «տարածքային ամբողջականության» սկզբունքը, ինչին դեմ է արտահայտվել հայկական կողմը, և Լևոն Տեր-Պետրոսյանը վետո է կիրառել այդ նախագծի ընդունման ժամանակ:  ԵԱՀԿ գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում արձանագրվել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հարցի շուրջ այդպես էլ չի հաջողվել համաձայնության գալ [2]:

-       1997թ. արդեն Արցախի հարցի լուծման պաշտոնական երկու տարբերակներ են ներկայացվել բոլոր երեք կողմերին` Փաթեթային (հուլիս) և Փուլային (դեկտեմբեր), որոնք մերժվել են հենց Արցախի կողմից:

-       Բոլոր երեք կողմերին է ներկայացվել ևս մեկ` «Ընդհանուր պետություն» կոչվող տարբերակը (1998թ, նոյեմբեր), արդեն Քոչարյանի իշխանության օրոք, ինչը մերժվել է Ադրբեջանի կողմից:

Միայն այս պատմական փաստերն արդեն իսկ ապացուցում են այն, որ Արցախը բանակցությունների գործընթացից դուրս է մղվել հենց Քոչարյանի իշխանության տարիներին: Անմտություն է կարծել, որ 1998թ. Մինսկի խմբի կողմից Արցախի հարցի լուծման ինչ-որ տարբերակ կարող էր պաշտոնապես ներկայացվել Արցախին, եթե վերջինս դուրս մղված լիներ բանակցային գործընթացից:

Որ Արցախը բանակցությունների գործընթացում լիարժեք ներգրավված է եղել Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ողջ ժամանակաշրջանում՝ ապացուցվում է 1998թ. անվտանգության խորհրդի նիստում Տեր-Պետրոսյանի հնչեցրած ելույթով: Խոսելով Արցախի և Հայաստանի դիրքորոշումների մասին՝ Տեր-Պետրոսյանը հայտարարել է. «Ես այսօր չեմ պատրաստվում խոսել առաջին երկու (փաթեթային, փուլային) տարբերակների առավելությունների ու թերությունների մասին, քանի որ, նախ՝ բոլորդ էլ դրանց ծանոթ եք, եւ ապա՝ մեր դիտողություններն ու վերապահումներն այդ տարբերակների վերաբերյալ արտահայտված են Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված պաշտոնական պատասխաններում (այդ փաստաթղթերը ձեզ բաժանված են)։ … Հայաստանը (ճիշտ է՝ սկզբունքային վերապահումներով) ընդունել է փաթեթային տարբերակը, եւ Ղարաբաղն ինքն է կտրականապես մերժել այն։ Փաթեթայինը մերժվելուց հետո մեզ ներկայացվել է փուլային տարբերակը, եւ Հայաստանը (նորից՝ սկզբունքային վերապահումներով) այն ընդունել է։ Ղարաբաղը սա նույնպես մերժել է եւ այժմ առաջարկում է կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին» (08.02.1998թ.): Սա, մի կողմից, խոսում է այն մասին, որ Արցախի հարցի վերաբերյալ ողջ բանակցային գործընթացին տեղյակ են եղել ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ողջ իշխանական վերնախավը [3], իսկ մյուս կողմից՝ ևս մեկ անգամ ապացուցում է այն, որ մինչև Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը Արցախը բանակցային գործընթացում ներկայացված է եղել որպես լիիրավ կողմ և դրանով իսկ պայմանավորված` անհամաձայնություններ է հայտնել հարցի լուծման տարբերակների վերաբերյալ կամ, ընդհանրապես, մերժել է դրանք: 

Որ Արցախը բանացային գործընթացից դուրս է մնացել Քոչարյանի օրոք, դա հաստատվում է նաև նրանով, որ Քոչարյանն ինքն է արդարացրել Հայաստան-Ադրբեջան երկկողմանի բանակցությունների ձևաչափը: 2006թ. Քոչարյանը Ադրբեջանի հետ երկկողմանի բանակցությունների ձևաչափում երեք «դրական կողմ» է ներկայացրել. 1. Հայաստանը շատ ավելի մեծ արդյունավետությամբ կարող է պաշտպանել հայկական կողմի շահերը, 2. ես՝ որպես բանակցությունների ակտիվ կողմ, շատ ավելի մեծ հնարավորություն եմ ստանում իմ բոլոր այցերի, հանդիպումների ժամանակ ներկայացնել Ղարաբաղի հարցը, 3. երբ Հայաստանն է բանակցում, ՀՀ-ն իր ներուժը ամբողջովին՝ եւ դիվանագիտական, եւ տնտեսական, եւ պաշտպանական, ներդնում է այս հարցի կարգավորմանը [4]: Քոչարյանը նաև հարց է հնչեցրել. «Սա լո՞ւրջ արգումենտ է, թե՞ ոչ», ապա ինքն իրեն պատասխանել է` «Իհարկե, սա շատ լուրջ հանգամանք է»: Այսինքն` Արցախի փոխարեն Ադրբեջանի հետ բանակցելու ձևաչափում «դրական» ու «լուրջ» հանգամանքներ նշելով՝ Քոչարյանն ուղղակի խոստովանել է, որ հենց ինքն է Արցախը բանակցային գործընթացից դուրս թողել:

Ի դեպ, Լևոն Տեր-Պետրոսյանը 1999 թվականից հետո Հայաստանում ամրապնդված իշխանություններին ընդհանրացնելով ներկայացրել է  որպես «քոչարյանասերժական ռեժիմ», սակայն կոնկրետ իրադարձությունները մեկնաբանելիս քննադատությունը երբեք չի տարածել «բոլորի» վրա: Ի տարբերություն Փաշինյանի, որն Արցախը բանակցությունների գործընթացից դուրս մղելու համար մեղադրում է «նախորդ իշխանություններին», Տեր-Պետրոսյանը, նույն թեմայի մասին խոսելիս, երբեք մեղադրանքները չի ուղղել «հաջորդ իշխանություններին», այլ վերլուծել է պատճառահետևանքային կապը և փաստել, որ Արցախը բանակցությունների գործընթացից դուրս է մղվել հենց Քոչարյանի ձեռքով, իսկ Սերժ Սարգսյանը ժառանգել է Քոչարյանի օրոք արդեն իսկ ձևախեղված և արդեն երկկողմանի բնույթ ստացած բանակցային գործընթացը: Այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը սկզբում այդպես էլ վճռականություն չունեցավ այդ հարցը բարձրաձայնելու, իսկ հետագայում այն դարձրեց զուտ ներքին լսարանի սպառման համար քարոզչական թեմա:

Վերջում` հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել Մինսկի խմբի նախկին համանախագահների գնահատականը տվյալ թեմայի վերաբերյալ.

- «1999-2001 թթ. և 2003-2004 թթ. Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև երկխոսությունը բանակցային բացառիկ ձևաչափ էր, քանի որ Ռոբերտ Քոչարյանը ներկայացնում էր նաև ԼՂ-ն: Դա սխալ էր իր կողմից, սեփական հնարավորությունների գերագնահատում էր», - ռուսական կողմը ներկայացնող նախկին համանախագահ Վ.Կազիմիրով ( В. Н. Казимиров, «Мир Карабаху», 2009 г.):

- «Քոչարյանն է ցանկացել, որ բանակցություններում ինքը ներկայացնի ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ղարաբաղը», - ֆրանսիական կողմը ներկայացնող նախկին համանախագահ Բ. Ֆասիե (Հայկական ժամանակ», 30.03.2010թ)։

[1] - http://www.vn.kazimirov.ru/doc13.htm

[2] - https://www.osce.org/ru/mc/39543?download=true

[3] - տվյալ նիստին մասնակցել են  Լևոն Տեր-Պետրոսյանը, Բաբկեն Արարքցյանը, Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Հարությունյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վազգեն Սարգսյանը, Սերժիկ Սարգսյանը, Վանո Սիրադեղյանը, Արկադի Ղուկասյանը, Լեոնարդ Պետրոսյանը, Օլեգ Եսայանը, Սամվել Բաբայանը, Արա Սահակյանը, Կարապետ Ռուբինյանը, Տեր-Հուսիկ Լազարյանը, Վարդան Օսկանյանը, Շահեն Կարամանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Հովհաննես Իգիթյանը, Բագրատ Ասատրյանը:

[4] - https://www.aravot.am/2006/03/03/323389/