30.11.2018 17:53

Ելքը՝ հրապարակել կարգավորման սեղանին եղած բոլոր թղթերը

Ելքը՝ հրապարակել կարգավորման սեղանին եղած բոլոր թղթերը

Արդեն ավանդույթ է դարձել՝ ներքաղաքական ցանկացած զարգացման պարագայում, երբ չգիտես ինչ անել ու ինչ ասել, շահարկիր ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը:

1998 թվականից հետո այս մոտեցումը ներհայաստանյան եւ ներղարաբաղյան քաղաքական իրողությունների անբաժանելի մասն էր դարձել: Եւ այսօր էլ՝ քարոզարշավի օրերին, նորից գլուխ է բարձրացրել: Գլուխ էր բարձրացրել հեղափոխության օրերին:

Եւ անողների շրջանակն ու անելու եղանակներն էլ մնացել են նույնը: Ոչինչ չի փոխվել: Ղարաբաղի հարցի շահարկումը զենք է, որը կիրառվել է նախկինում, կիրառվում է նաեւ այսօր:  

ԼՂ հարցը շահարկողների շրջանակը մշտապես նույնն է եղել. նրանք, ովքեր այդ հարցը խաղարկելով  են իշխանության եկել Հայաստանում 1998 թվականից, եւ նրանց մերձավոր քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, վերլուծաբաններն ու քարոզչամեքենան՝ ԶԼՄ-ների մի հսկայական փաթեթով: Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, եւ բոլոր նրանց մերձավորները: 

Շահարկման էությունը

Մենք Ղարաբաղը պահողներն ենք, «նրանք» («նրանք»-ն, ի դեպ, փոխվում է՝ կախված քաղաքական իրավիճակից)՝ Ղարաբաղը «ծախողները»: Մենք նրանց ամեն գնով չպետք է թույլ տանք իշխանություն ունենալ, իշխանության գալ, որովհետեւ նրանց իշխանությունը սպառնում է Ղարաբաղին, մենք պետք է ամեն գնով լինենք ու մնանք իշխանության, որովհետեւ քանի մենք ենք իշխանության, մենք Ղարաբաղը չենք «ծախում»:

Որքան էլ զարմանալի է, բայց այս պրիմիտիվ «տեղեկատվական բադիկը» հաճախ աշխատում է, հատկապես, երբ տասնամյակներ տիրապետելով քարոզչական ամբողջ ռեսուրսին՝ մարդկանց ԼՂ հարցի ու բանակցությունների մասին մատուցվել է միայն սուտ ու կեղծիք: Այսինքն, նրանք իրենց իշխանությունը պահելու, ժողովրդի շրջանում իրենց «իշխանապիտանելիությունը հիմնավորելու» համար թաքցրել են, թե իրենք ինչի շուրջ են բանակցել:

Լյուստրացիա

Այս շահարկման գործիքը հենց շահարկողների գլխին «ջարդելու» եւ հասարակությանը ճշմարտությունը ներկայացնելու ընդամենը մեկ միջոց կա: Ներկայիս իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, ԼՂ հարցի լուծման եղանակի իրենց պատկերացումները ներկայացնելուն զուգահեռ, պետք է ընդամենը հրապարակայնացնեն 94-ի հրադադարից հետո ԼՂ հիմնախնդրի կարգավորման շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված բոլոր պաշտոնական առաջարկները (փուլային եւ փաթեթային՝ 1997, Ընդհանուր պետություն՝ 1998, Քի Ուեսթ՝ 1999, Մադրիդյան՝ 2007, Կազանյան՝ 2011 եւ Լավրովյան առաջարկները՝ 2016) եւ դրանց վերաբերյալ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների պաշտոնական պատասխանները:

Եթե Փաշինյանը հրապարակի այդ թղթերը, ԼՂ հիմախնդիրը շահարկելու հարցը ոչ միայն կվերանա արանքից, այլեւ Քոչարյանն ու Սարգսյանը իրենք աջակցություն կխնդրեն ներկա իշխանություններից՝ իրենց պաշտպանելու այն քաղաքացիներից (հատկապես՝ ԼՂՀ), որոնց տարիներ շարունակ խաբել են:

Լյուստրացիան կօգնի ոչ միայն նրան, որ ԼՂ հարցը շահարկման առարկա դարձնող, ստեր տարածելով ջրի երեսին մնացող անհայտ ծագման բազմաթիվ ուժեր ու գործիչներ ինքնաբերաբար կմաքրվեն քաղաքական դաշտից, այլեւ ճշմարտությունն իմացած մարդկանց հնարավորություն կտա, մանիպուլյացիաների ենթարկվելու փոխարեն, իրական քննարկում սկսել՝ հասկանալու համար, թե մենք, ի վերջո, ինչպես ենք պատկերացնում կարգավորումը, ինչպես է դա հնարավոր անել եւ մոբիլիզացնել հանրային ներուժը իրական, հնարավոր, օպտիմալ  եղանակն իրագործելու շուրջ:

Քրիստինե Խանումյան