01.12.2018 12:50

Արսեն Գրիգորյան. Քոչարյանը քաղբանտարկյալ չի դառնա

Արսեն Գրիգորյան. Քոչարյանը քաղբանտարկյալ չի դառնա

Ես գլխի եմ ընկել, թե ինչու են Քոչարյանի փաստաբանները այդքան համառորեն փորձում նրան հեռու պահել բանտից` Ռոբերտ Քոչարյանը չի կարող դառնալ քաղբանտարկյալ: Նրա թիմը արդարության հաղթանակ չի փնտրում, նրա թիմը փնտրում է օրենքի ճեղքեր: Թիմին տրված հրահանգի էությունն է այդպիսին՝ եթե նստեմ, նստելու եմ արածիս համար, իսկ ես նստել չեմ ուզում:

Քոչարյանը քաղաքական որևէ թիմ չի ներկայացնում, նա ինչպե՞ս կարող է դառնալ քաղբանտարկյալ: Ռոբերտ Քոչարյանն այսօր չունի նույնիսկ անհատական քաղաքական հայացքներ: Նա չունի այն քաղաքական թեզը, որը կարող է լինել քաղաքական որևէ թիմի քիմքին հարմար և որը կարող է ինքն իրենով քաղաքական թիմ ստեղծել:

Ինչու՞ նա ամենաարագը մերվեց ՀՅԴ-ին` որովհետև ՀՅԴ-ն Հայաստանում գործող կուսակցություններից ամենաքիչ քաղաքականն էր: Կարելի է լինել հանճարեղ պոետ և դաշնակցական, կարելի է լինել աննկարագրելի լավ պարող և դաշնակցական, կարելի է նույնիսկ լինել ամեն ինչ և դաշնակցական: Բայց միայն դաշնակցական լինելը քեզ քաղաքական դեմք չի դարձնում, թող ներվի ասել` դաշնակցական լինելու համար առանձնապես մեծ խելք պետք չէ: Դաշնակցությունը երազողի ապաստարան է:

Բնության մեջ այդպես լինում է՝ մի երազողը ապաստարան է գտնում պոեզիայում, մեկ այլ երազող՝ դառնում է հակասեմիտ, երրորդ երազողը աստղերից չի իջնում: բայց կան ապաստարաններ, որոնք քեզանից բովանդակային մարդ լինելու ջանքեր չեն պահանջում: Ահա ինչու Քոչարյանն ընտրեց Դաշնակցությունը: Քոչարյանը որևէ որակ չուներ, որում դաշնակցությունը կլիներ իբրև օժանդակ գաղափար: Նա ինչ-որ հրաշքով հայտնվել էր Հայաստանի իշխանության գլխին առանց քաղաքական հայացքների: Ուստի ընտրեց դաշնակցությունը, որը իբրև ընտրույթ նրանից գլխի առկայություն չէր պահանջում:

Այսօր էլ նա գիտի, որ դաշնակցական լինելն իրեն քաղբանտարկյալ չի դարձնի, դա բարոյական որակ է, որում նա քաղաքական կերպար չի կարողանա լինել: Եվ բացի դրանից, Դաշնակցությունը կարծես նույնիսկ դուրս է մնում խորհրդարանից, այսինքն, որեւէ ազդեցություն չի ունենալու գործընթացների վրա կամ գրեթե չի ունենալու:

Ստիպված է հորինել իր կուսակցությունը: Բայց նախ բոլոր գաղափարախոսությունները զբաղված են, երկրորդ, ստիպված կլինի անձամբ պահել այդ քաղաքական ուժը: Ռոբերտ Քոչարյանը նախանձելի վիճակում չէ: Նա պահպանողական չէ, լիբերալ էլ չէ, ազգային հարցերի վրա թքած ունի, կանաչ էլ չէ՝ աֆրիկյան առյուծների սպանդը վկա, սոցիալիզմից ոչինչ չի հասկանում: Դիցուք, երբ նա խոսում է Ռուսաստանի հետ հարաբերություններից, այնքան պարզ է երեւում, որ դրա տակ պետական շահ չկա, կա մարդկային պարզ վախ: Նրա ցանկացած մտքում կարելի է տեսնել սեփական կաշվի «քնարերգությունը»:

Այս մարդը ըստ էության 10 տարի նախագահ է եղել ճակատագրով իր իրական տեղի հետ հատվելու համար: Եվ հիմա եկել է այդ հատման պահը, նա դատարանում է: Ես չգիտեմ, գուցե չնստի, բայց նա քաղաքական որեւէ ուժում լոկոմոտիվ չի կարող լինել, նա չի կարողանա գաղափարներ առաջարկել, շատ-շատ ֆինանսավորի ինչ-որ մեկի խորամանկ ծրագրերը, թեպետ լսել եմ, որ ձեռքից պինդ է, շռայլ մարդ չէ: Շռայլ է միայն արյուն թափելու իր ծրագրերում: Հետեւաբար, եթե նույնիսկ չի նստելու, դատարանները նրան պիտի միշտ հիշեցնեն, որ նա մնալու է խցանված օրենքի ճեղքերի եւ սեփական պատասխանատվության արանքում: