01.12.2018 12:55

Եզրակացությունը թողնում ենք ընթերցողին

Եզրակացությունը թողնում ենք ընթերցողին

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ՀՀԿ-ական, այս կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը այսպիսի միտք է արտահայտել.

«Շատ վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի այս ոճը, որը հիշեցնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղցի-հայաստանցի բաժանումը, որը երկար ժամանակ է՝ մոռացվել էր։  Մեծ վտանգ կա, որ Նիկոլն այս արցախատյաց հայտարարությամբ վերադարձնում է այդ բաժանումը։ Ո՞ւմ ջրաղացին է նա ջուր լցնում։ Նորից կրկնեմ՝ իրեն պետք է կիլոմետրերով հեռու պահել ղարաբաղյան հակամարտության կարգավորումից, որից ինքը ոչինչ չի հասկանում»։ («Հրապարակ» օրաթերթ, 29 Նոյեմբեր)

Ոչ  թե պատասխանելով ՀՀԿ-ական այս «կոմսոմոլին», այլ հնարավոր քիչ տեղեկացված ընթերցողի համար ասենք. 90-ական թվականներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում «հայաստանցի-ղարաբաղցի»-ն անգամ որպես բառակապակցություն, քերականական ձեւակերպում ընդհանրապես գոյություն չուներ։ Ձեւակերպումը ծնունդ է առել եւ տարածվել Ռ. Քոչարյանի իշխանության շրջանում (երբ նա «կադրերի» առաջին տասնյակները բերեց Ղարաբաղից Հայաստան) եւ առավել վտանգավոր երեւույթի վերածվել Սերժ Սարգսյանի օրոք։

Իսկ թե ինչպիսին է եղել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքն ու գնահատականը երեւույթին, բավարար է ներկայացնել Առաջին նախագահի՝ այդ երևույթի վերաբերյալ բազմաթիվ անդրադարձերից ընդամենը երկուսը․

1 «Զուտ մարդկայնորեն ինձ մեծագույն ցավ են պատճառում Հայաստանի պետական այրերի հասցեին այստեղ հնչեցված խիստ գնահատականները, որովհետեւ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը եղել են իմ անձնական եւ մարտական ընկերները՝ անհատականություններ, որոնց անուններն ըստ արժանվույն պետք է արձանագրվեն հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ։ 1999 թվականից հետո նրանց դրսեւորած վարքագիծն ամենեւին չի կարող ջնջել կամ ստվերել նրանց՝ ու նաեւ Սամվել Բաբայանի եւ Արկադի Ղուկասյանի անուրանալի եւ նշանակալից դերը, ինչպես Արցախի ազատագրման, այնպես էլ հայոց պետականության վերականգնման եւ ամրապնդման գործում։ Իմ ելույթում հնչեցված կոշտ որակումները թելադրված են ոչ թե նրանց վարկաբեկելու կամ դատապարտելու միտումով, այլ միայնումիայն ներկա վարչախմբի վերարտադրման անթույլատրելիության մասին ահազանգելու անհրաժեշտությամբ։ Լավագույն ելքը եւ իրենց պատմական վաստակն ու արժանապատվությունը փրկելու վերջին շանսը կլիներ, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը կամավոր հեռանային քաղաքական ասպարեզից, ինչը, վստահ եմ, հավուր պատշաճի կգնահատվեր երախտապարտ եւ ներողամիտ հայ ժողովրդի կողմից։ Կանխելով հնարավոր մեղադրանքները, միանգամից ուզում եմ ընդգծել. իմ վերաբերմունքի մեջ բոլորովին դեր չի խաղում Քոչարյանի եւ Սարգսյանի ղարաբաղցի լինելու հանգամանքը։ Եթե նրանք արժանի լինեին, թող ոչ թե տաս, այլ հարյուր տարի բարով կառավարեին Հայաստանը, ինչպես նրանց նախնիները՝ արցախցի Հեթումյանները 150 տարի կառավարեցին Կիլիկիո թագավորությունը։ Ես անթույլատրելի եմ համարում անպարկեշտ խոսակցությունների ու գրգռությունների միջոցով ղարաբաղցիների եւ հայաստանցիների միջեւ սեպ խրելուն միտված տրամադրությունները, դրանք գնահատելով թե՛ անարդար, թե՛ վտանգավոր։ Ուստի կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ նման մտայնության տարածումն ու ամրապնդումը կանխելու համար, մանավանդ որ Քոչարյանի եւ Սարգսյանի ստեղծած իշխանական արատավոր համակարգի հենասյուների 99 տոկոսը կազմում են ոչ այլ ոք, քան հայաստանցիները» (Ելույթ (26.10.2007), Լ. Տեր-Պետրոսյան, Վերադարձ, էջ 42)։

2 «Լուրջ մտահոգության առարկա է նաեւ խաղաղության եւ պատերազմի երկընտրանքի շուրջ ծավալված բանավեճի առիթով սոցցանցերում եւ հատուկենտ լրատվամիջոցներում հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ սեպ խրելու նկատվող միտումը։ Այդ տեսակետից հատկապես վրդովեցուցիչ է հեղինակավոր կայքերից մեկում օրերս հրապարակված մի այլանդակ հոդված (hraparak.am, 7.04.2017)։ Այլանդակություն լինելուց բացի, այն հայաստանցիների եւ ղարաբաղցիների միջեւ բացահայտ թշնամանք հրահրելուն միտված եղկելի սադրանքի տպավորություն է թողնում։

Հանուն Ղարաբաղի ազատագրման հայաստանցիների կրած զրկանքներն ամենեւին հիմք չեն ղարաբաղցիներին կշտամբելու եւ երախտամոռության, անբանության կամ մակաբուծության մեջ նրանց մեղադրելու համար։ Դեռ մեծ հարց է, թե ով ում է ավելի շատ բան տվել՝ Հայաստանը Ղարաբաղին, թե՞ Ղարաբաղը Հայաստանին։ Այդպիսի հիմք չէ նաեւ Հայաստանում ապաստանած մեկ-երկու տասնյակ ղարաբաղցի պաշտոնյաների ու խոշոր գործարարների նկատմամբ ձեւավորված խիստ բացասական վերաբերմունքը։ Վերջիններիս բարքերից ու ապօրինություններից հավասարապես տուժել եւ տուժում են ոչ միայն հայաստանցիները, այլեւ իրենք՝ ղարաբաղցիները։

Հայաստանն ու Ղարաբաղը մեր ընդհանուր հայրենիքն են, որի քաղաքացիները հավասարապես կիսում են թե՛ հաղթանակները, թե՛ պարտությունները, եւ թե՛ զրկանքներն ու տառապանքները։ Դրանով հանդերձ, չպետք է մոռանալ, որ ղարաբաղցիներն ապրում են հայ-ադրբեջանական առճակատման առաջնագծում, սահմանային ընդհարումների ու գնդակոծությունների մշտական սպառնալիքի տակ, եւ այդ պատճառով ավելի սուր են ընկալում իրողությունները, ինչը հայաստանցիներից բացառիկ նրբանկատություն է պահանջում։ Բնական է նաեւ, որ հայկական պետականության երկու միավորների միջեւ լինեն մարտավարական հարցերի հետ կապված քաղաքական հակասություններ։ Դրանք միշտ էլ եղել են եւ սովորաբար լուծվել են Հայաստանի եւ Ղարաբաղի ղեկավարության փոխըմբռնման միջոցով։ Անթույլատրելին ու դատապարտելին այդ հակասությունները կենցաղային մակարդակի անհանդուրժողականության եւ փոխադարձ մեղադրանքների դաշտ տեղափոխելն է (Լեւոն Տեր-Պետրոսյան. Մտահոգիչ ու վտանգավոր ետընտրական տրամադրություններ,- 10.04.2017)

Աշոտյանին խորհուրդ կտայինք Տեր-Պետրոսյանի մասին որևէ բան ասելուց առաջ ուշադիր ընթերցել նրա հրապարակած ելույթներն ու հոդվածները։ Այլապես, ամեն անգամ նա կհայտնվի նմանատիպ անհարմար, եթե չասենք՝ հիմար վիճակում: 

Աշոտ Սարգսյան