03.12.2018 12:50

Ինչ կեղծ հայտարարություններ է արել Վիգեն Սարգսյանը ԱՄՆ Կոնգրեսում 2008-ին

Ինչ կեղծ հայտարարություններ է արել Վիգեն Սարգսյանը ԱՄՆ Կոնգրեսում 2008-ին

Նախընտրական շրջանում մարդկանց հետ ուղիղ շփումներից խուսափող հանրապետականները մեծ սիրով խոսում են գոյություն չունեցող կամ իրենց իսկ կողմից հնարավոր մարտահրավերների մասին, փոխարենն աշխատում են խուսափել իրական կամ լուրջ հարցերի վերաբերյալ դիրքորոշումներից: Իսկ եթե ասում էլ են, ապա կամ խեղաթյուրելով, կամ` իրականությունը խեղելով: Այդ թեմաներից է, մասնավորապես, Մարտի 1-ի հարցը: Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելով` ՀՀԿ-ականները ներկայացրել էին հայտարարության մի նախագիծ, որտեղ Մարտի 1-ի մասին ըստ էության մեջբերումներ էին արել իրենց իշխանության ժամանակ այդ դեպքերի մասին հնչեցված պաշտոնական տեսակետներից: Հարցազրույցներում էլ` փաստացի նույն տեսակետներն են մեջբերում եւ վերջ:

Օրինակ` ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը, որին օրերս հարցազրույցի ժամանակ հարցրել էին Մարտի 1-ի մասին, կրկին ընդհանուր մեջբերումներ է արել իրենց իշխանության ժամանակվա իրավապահների ներկայացրած պաշտոնական տեսակետներից, իսկ երբ եկել է մանրամասնելու պահը` հավելել է. «Ես քննչական մարմիններում երբեք չեմ աշխատել, դժվարանում եմ պատասխանել»:

Կարող է թվալ, թե Սարգսյանը, ի տարբերություն այլ նախկին պաշտոնյաների, շատ չի առնչվել մարտիմեկյան իրադարձություններին կամ չի մասնակցել իրականությունը կեղծիքի վերածելու գործին: Բայց այդպես չէ:

Գնանք 10 տարի հետ:

2008 թվականի ապրիլի 17-ին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում անցկացվեցին լսումներ՝ հետընտրական Հայաստանում մարտի 1-ից հետո ստեղծված իրավիճակի շուրջ:
Լսումներում Հայաստանի պաշտոնական տեսակետը ներկայացրել է հենց Վիգեն Սարգսյանը, որն այն ժամանակ  Սերժ Սարգսյանի օգնականն էր:

Հիմա տեսնենք, թե այդ լսումներում ինչ ելույթ է ունեցել Սարգսյանը եւ, մասնավորապես, ինչպես է ներկայացրել Մարտի 1-ից առաջ տեղի ունեցած իրադարձություններն ու բուն մարտիմեկյան դեպքերը: Ներկայացնենք Սարգսյանի ելույթի առավել ուշագրավ այն հատվածները, որոնց զգալի մասը հետագայում ոչ միայն հերքվել է, այլեւ՝ ապացուցվել է, որ տեղի է ունեցել լիովին հակառակը:

***

«Ուժի կիրառումը դիտարկվել է միայն որպես ծայրահեղ, բայց միակ միջոցը, որով մենք կարող էինք դադարեցնել քաղաքացիական անկարգությունները, որոնք կսասանեին նոր եւ զարգացող ժողովրդավարության հիմքերը»:

***

«2008 թվականի փետրվարի 23-ին նախագահ Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ հայտարարեց, թե պաշտպանության երկու փոխնախարարները միացել են իր շարժմանը. «Բանակը մեզ հետ է»:  Եղել են բազմաթիվ փորձեր, որպեսզի համոզեն «Երկրապահ» կամավորական միությանը՝ այդ քաղաքական առճակատման մեջ ներքաշվելու համար: Այդ ՀԿ-ի ռազմական ուղղվածությունը, ինչպես նաեւ ինքնապաշտպանության մարտերին մասնակցած ազատամարտիկների մոտ ապօրինի զենքի առկայության հավանականությունը հասարակական կարգի եւ անվտանգության պահպանման հարցում լուրջ մտահոգությունների տեղիք էր տվել»:

Վիգեն Սարգսյանի մատնանշած այդ ելույթի ժամանակ (ելույթը՝ տեսանյութում) Տեր-Պետրոսյանը ոչ միայն նման հայտարարություններ չի անում, այլեւ խոսում է բանակը քաղաքականությունից հեռու պահելու, հետընտրական զարգացումների մեջ բանակը չներքաշելու անհրաժեշտության մասին, հատկապես որ՝ արդեն տեղեկություններ կային, որ իշխանություններն արդեն հակառակ մտադրություններ ունեին, եւ ինչպես հետո պարզվեց՝ նախապատրաստում էին հայտնի 0038 հրամանը:

Ստացվում է, որ Վիգեն Սարգսյանը՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ ԱՄՆ Կոնգրեսում  բացահայտ սուտ հայտարարություններ է արել:

***

«Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հավաստի տեղեկություններ են ստացել, որ Օպերայի հրապարակի վրաններում առկա են զենք եւ պայթուցիկ նյութեր: 2008-ի մարտի 1-ին, առավոտյան մոտավորապես ժամը 7-ին, երբ օպերայում մոտ 900 մարդ կար, անզեն ոստիկանները, առանց սաղավարտների եւ վահանների, դիմել են ցուցարարներին՝ վրաններում խուզարկություն անցկացնելու համար»:

Վիգեն Սարգսյանի այս հայտարարությունը եւս սուտ է, քանի որ փաստահավաք խմբի զեկույցներով եւ այլ նյութերով՝ լուսանկարներ, տեսանյութեր, ապացուցվել է, որ ոստիկանները մինչեւ ժամը 7-ն են մուտք գործել Ազատության հրապարակ, խախտելով օրենքը: 

«Ոստիկանության աշխատակիցները  ցուցարարներին հրապարակից հեռացնելու մտադրություն չեն ունեցել»:

Սարգսյանի այս հայտարարությունը մեկ օր առաջ հերքել էր անձամբ Ռոբերտ Քոչարյանը, որը, ելույթ ունենալով ԵՊՀ-ում, հայտարարել էր, որ իշխանությունների համբերությունը կարող է հատնել, եւ նրանք ստիպված են լինելու «մաքրել» Ազատության հրապարակը:

«Սակայն, ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա՝ նետելով քարեր, փայտի կտորներ, երկաթյա ձողեր, մոլոտովի կոկտելներ եւ պատրաստի «Ոզնիներ»:

Հարձակման անկանխատեսելիության պատճառով՝ օրենքով նախատեսված կարգով որոշում է կայացվել՝ ամբոխին սանձելու համար հրավիրել եւ տեղակայել սաղավարտներով, վահաններով եւ ռետինե մահակներով զինված օժանդակ ուժեր: Ոստիկանները միայն ռետինե մահակներ են կիրառել: Այլ հատուկ միջոցներ չեն օգտագործվել: Արդյունքում, ակցիայի մասնակիցները ստիպված են եղել լքել հրապարակը»:

Ոստիկանությունն, այսինքն, ոչինչ չի արել, բայց ակցիայի մասնակիցները ստիպված են եղել լքել տարածքը: Ոստիկանությունը հայտարարել էր, որ զննությունը տեսանկարահանվել է, սակայն, նրանց մուտքը հրապարակ՝ այդպես էլ չեն ցուցադրել: Պաշտոնական կադրերը սկսվում են արդեն բախումների ավարտի ժամանակ: Նման կադրեր չէին կարող ցույց տալ, որովհետեւ եթե դրանք կան էլ, ապա այնտեղ հստակ կերեւար, թե իրականում ինչպես եւ ինչի համար են նրանք մտել հրապարակ, ինչ գործողություններ են իրականացրել:

Տարօրինակ է նաեւ այն, որ Սարգսյանը որեւէ ակնարկ չի անում անգամ այն մասին, որ հրապարակում էր նաեւ Տեր-Պետրոսյանը, թե ինչ հանգամանքներում են նրան հեռացրել` փաստացի բերման ենթարկել եւ տեղափոխել իր տուն` փաստացի տնային կալանքի տակ առնելով:

«Իրականացվել է խուզարկություն, որը հաստատել է զենքի եւ զինամթերքի մասին ունեցած տեղեկությունները»:

Ոստիկանական այս կադրերը բոլորը հիշում են. Հ1-ով անդադար ցույց էին տալիս, թե ինչպես են ոստիկաններն առանց ձեռնոցների թփերի տակ «հայտնաբերում» այդ առարկաները, առանց ձեռնոցների դիպչում դրանց եւ ցուցադրում՝ այդպիսով փաստացի խոտանելով հնարավոր ապացույցները՝ գտնված առարկաների վրա թողնելով իրենց մատնահետքերը։

Այս դրվագի մասով ամենակարևորն այն է, որ ՀՔԾ-ում քննվող մարտիմեկյան գործով վերջերս նույնիսկ պարզվել է, որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք փաստաթղթեր են կեղծել Ազատության հրապարակում զենքի առկայության մասին՝ պատրվակ ստեղծելու համար, որ Ռոբերտ Քոչարյանն ուժ գործադրի խաղաղ ցուցարարների նկատմամբ մարտի 1-ի վաղ առավոտյան։ 

***

«Մյասնիկյանի արձանի մոտ կազմակերպիչները հավաքագրել էին իրենց խմբավորումները, որոնք զինված են եղել հրազենով, զինամթերքով, ոստիկանական ուժերի վրա հարձակվելու եւ մայրաքաղաքի այլ հատվածներում անկարգությունները տարածելու համար»:

Այս պնդումն անգամ իրենց՝ Վիգեն Սարգսյանենց նախկին իշխանության իրավապահ մարմինները եւ դատարանները չեն հաստատել: Որեւէ ցուցարարի զենք կիրառելու մեղադրանք չի առաջադրվել:

«Առկա են տեսանյութեր, որոնք վկայում են անզեն ոստիկանների վրա բազմաթիվ կազմակերպված հարձակումների մասին»:

Այս դեպքում նույնպես անզեն ոստիկանների դեմ կազմակերպված զինված հարձակումների կադրեր չեն հրապարակվել: Փոխարենը հրապարակվել են բազմաթիվ այլ կադրեր՝ զինված ոստիկաններով, ՆԶ զինծառայողներով, այլ զինված անհայտ անձանցով:

«Երեկոյան սկսվել են անկարգությունները: Ամբոխը հրազենով, մոլոտովի կոկտեյլներով, երկաթյա ձողերով, «ոզնիներով», ձեռքի նռնակներով հարձակվել է բացառապես ռետինե մահակներով, վահաններով եւ սաղավարտներով զինված ոստիկանների վրա։

Ժամեր անց փոքրաթիվ խմբավորումները հրդեհել են ավելի քան 20 ավտոմեքենա, ոստիկանական եւ շտապօգնության մեքենաներ, հանրային ավտոբուսներ, դատարկել եւ թալանել են մոտակայքում գտնվող պետական եւ մասնավոր շինությունները»:

***

«Երեկոյան ժամը 9-ին Հանրապետության նախագահը իրազեկվել է, որ հրազենից եւ պայթուցիկներից 8 ոստիկաններ կան վիրավոր: Մեկ սպա ոստիկան էր սպանվել:  Հետագա անկառավարելի իրադարձությունները եւ մահացու ելքերը կանխելու համար՝ նախագահը, Սահմանադրության համաձայն, խորհրդակցելով վարչապետի եւ ԱԺ նախագահի  հետ, հայտարարել է արտակարգ դրություն, որը հաստատվել է ԱԺ կողմից»:

Սա ամենաուշագրավ պնդումն է։ Այսպես՝ ըստ ԱԺ մարտիմեկյան հանձնաժողովի պաշտոնական զեկույցի եւ այն ժամանակվա նախաքննության տվյալների, Ռ Քոչարյանը սպա Համլետ Թադեւոսյանի մահվան մասին չէր կարող տեղեկացված լինել մարտի 1-ի ժամը 9-ին եւ առհասարակ այս օրը որեւէ ժամի, քանի որ, ըստ նույն պաշտոնական փաստաթղթի, սպա Համլետ Թադեւոսյանը մահացել է մարտի 2-ին, ժամը 3-ին։ Այսինքն, արտակարգ դրության համար սպայի մահը որպես պատճառաբանություն վկայակոչելը քրեորեն հետապնդելի կեղծիք է այս պայմաններում, ընդ որում՝ թե՛ ՀՀ-ում, թե՛ հավանաբար նաեւ ԱՄՆ-ում՝ Կոնգրեսին կեղծ ցուցմունք տրամադրելու հիմքով։

Կարծում ենք, վաղուց արդեն ժամանակն է մարտիմեկյան դեպքերով փաստերի կեղծման, կեղծ փաստական տեղեկությունների հրապարակման ուղղությամբ նույնպես ՀՔԾ-ն սկսի հետաքրքրվել։ Արդյո՞ք կարեւոր չէ, թե որն է եղել այս մարդկանց տեղեկատվության աղբյուրը։