03.12.2018 14:40

Վրաստանի խորհրդարանում բացառում են արտահերթ ընտրությունների անցկացումը

Վրաստանի խորհրդարանում բացառում են արտահերթ ընտրությունների անցկացումը

Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն բացառում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչը պահանջում են ընդդիմության ներկայացուցիչները:

Նախօրեին Թբիլիսիի կենտրոնում տեղի է ունեցել ընդդիմադիր «Ուժը միասնությունն է» միավորման բազմահազարանոց ցույցը: Այդ դաշինքի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն նոյեմբերի 28-ին պարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում:

Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները և մտադիր է դատական կարգով հասնել դրանց չեղարկմանը ու իշխանություններից պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Վաշաձեն հայտարարել է, որ իշխանություններին մինչև դեկտեմբերի 16-ը ժամանակ է տալիս, որպեսզի նրանք իրենց հետ երկկողմ խորհրդակցություններ անցկացնեն, հակառակ դեպքում բողոքի ցույցերը կշարունակվեն: Ի դեպ, դեկտեմբերի 16-ին է նշանակված նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությունը:

«Խորհրդարանական ընտրությունները տեղի կուենան 2020 թ., ինչպես դա նախատեսում է Սահմանադրությունը: Մենք պատրաստվում ենք երդմնակալության արարողությանը, ինչպես նաև 2020 թ. խորհրդարանական ընտրություններին: Այդպիսին է մեր օրակարգը»,- հայտարարել է  Կոբախիձեն՝ հավելելով, թե ընդդիմության հանրահավաքն ապացուցեց, որ ընդդիմությունը երկրում հեղաշրջում կազմակերպելու և իրավիճակն ապակայունացնելու ոչ մի ռեսուրս չունի:

Փոխանցում է ria.ru-ն: