03.12.2018 15:43

Լիզա Ճաղարյան. Երկիրը ների, Երկինքը չի ներելու

Լիզա Ճաղարյան. Երկիրը ների, Երկինքը չի ներելու

ՀՀԿ-ական կոմսոմոլների սին ու զավեշտալի մոլեգնության ալիքը շարունակում է լափին տալ։

Իշխանություն են կորցրել, բայց հո չե՞ն կորցրել անպատժելիության պայմաններում հղկված-կոկված հատկությունը՝ լկտիությունը։ Առանց կակազելու այս կոմսոմոլակույտը գիշերուզօր հոխորտում է ՀՀԿ-ականների իրականացրած աննախադեպ հաջողությունների մասին, մատ է թափ տալիս պետությանն իրենց անձնազոհ նվիրումը չգնահատողների վրա, ճամարտակում է արդարությունից, ազատությունից, ազնվությունից, պրոֆեսիոնալիզմից, շահարկում է ՀՀԿ-ի հիմնադիր, հանգուցյալ Աշոտ Նավասարդյանի անունը։

Ցանկացած ամբարտավան հոխորտանքի հնարավոր է դիմանալ, բայց սրանց պղծությունը սահման չի ճանաչում։ Սրանք՝ ապրիլյան պատերազմի զոհերի դահիճները, փորձում են վահան դարձնել նաեւ մեր զինվոր երեխաների անունները։ Նահատակների հերոսության մասին այնպես են բարբաջում, կարծես Հայաստանի քաղաքացիները երազում էին, որ չորս օրում հարյուր զոհ տայինք՝ զոհված հերոսների թիվը բազմապատկելու համար, եւ մեր այդ «մեծագույն երազանքն» իրականացվել է ՀՀԿ ավազակախմբի անձնազոհ ջանքերի «շնորհիվ»։

Պարզվում է՝ ապրիլյան անամոքելի ողբերգությունն այս ամբարտավան կռճոնակույտի «հաղթանակն» է։ Պարզվում է՝ տասնյակներով զոհերն ու տարածքի կորուստն աննախադեպ հաղթանակներ են։

Եվ ինչու՞ են այսքան լկտի ու ամբարտավան։ Որովհետեւ մինչ օրս մարսել ու մարսում են մեր զինվոր երեխաների հանդեպ կատարած հրեշավոր հանցագործությունները։ Որովհետեւ բոլո՛րս գիտենք, որ ապրիլյան պատերազմում մեր երեխաները մատաղացու գառ դարձան, որովհետեւ ռոբասերժական «պանծալի հաղթանակների» տարիներին օտարից ավելի անգթորեն՝ սրանք թալանում էին Հայաստանն ու Արցախը, Հայաստանի ու Արցախի բանակը, որովհետեւ մեր երեխաները դիվերսանտներից պաշտպանվում էին «կանսերվի բանկաներով», իսկ այս նույն թալանչի հանցագործներն իրենց դղյակները պաշտպանում էին ու մինչ օրս պաշտպանում են տեխնիկայի վերջին ճիչի ընձեռած հնարավորություններով, անառիկ պարիսպներով, «բուդկա» տղերքով եւ ժամանակակից լավագույն զենքուզրահով։ Որովհետեւ արյունը երակներում սառեցնող հայտնի պատմությունները, թե ինչ անտերության էին մատնված սահմանին կանգնած զինվորները, սիրտ մղկտացնող պատմություններ էլ մնացին, եւ այս ողբերգության բարձրաստիճան մեղավորներից պատժվող չեղավ։ Որովհետեւ բանակի ալան-թալանի մասին խոսելը, պարզվում է՝ ըստ հանրապետականների բութ ու անամոթ «տրամաբանության», հարվածում է մեր բանակին։ Ավելի պարզ՝ որպեսզի բանակը չվարկաբեկվի, թալանչիները թող անպատիժ մնան, աշոտյանաշարմազանովական խառնակույտն էլ շահարկի հերոսների անունները՝ որպես ՀՀԿ-ի «պատմական հաղթանակ»։

Ապրիլյան պատերազմը մեր չամոքվող Մեղքն է, մեր չսպիացող վերքն է, եւ միայն մարդկային կերպարանքը կորցրած, իշխանության փշրանքներին ատամներով կառչած սրիկաները կարող են հպարտանալ չորսօրյա այդ մղձավանջով՝ ինքնախարազանման զգացումից լալկվելու փոխարեն։

Այդ օրերին զոհված զինվորների հերոսանալու հետ աշոտյանաշարմազանովյան կռճոններն այնքան առնչություն ունեն, որքան՝ Արցախի սահմանը խախտած հակառակորդները, եւ ապրիլյան հերոսների նահատակության համար առավե՛լ մեղավոր են, քան Հայաստանի սահմանը խախտած օտարները, եւ չգիտեմ, թե բազմահատոր հանցագործություններից ո՛րը կներվի ՀՀԿ-ականներին, ապրիլյան ողբերգության նահատակների անունների պիղծ շահարկումը չի ներվելու երբեք։

Երկիրը ների, Երկինքը չի ներելու։   

Հ.Գ. Ի դեպ, Աշոտյան Արմենը սպառնացել է, որ ինքն ու մի կույտ ՀՀԿ-ականներ դատի են տալու Արարատ Միրզոյանին։ Ինչու՞։ Մի բանավեճի ժամանակ Միրզոյանն ասել է, որ ՀՀԿ-ն հանցագործների բանդա է։ Ասել է նույն բանը, ինչը որ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքացիները բարձրաձայնում են տարիներ շարունակ։

Հենց այդ նույն Հայաստանի քաղաքացիների անունից խոստանում ենք, որ այդ անձկալի դատուդատաստանից հետո ՀՀԿ-ական պոռոտախոս եւ «ազնիվ» խեղկատակներն առնվազն պատասխանատվության են ենթարկվելու իմանալ-չհայտնելու հոդվածով։

Անհամբեր սպասում ենք, դատի տվեք։