Հակամրցանակ՝ սեքսի վատագույն նկարագրության համար

Լոնդոնյան Literary Review ամսագիրը հերթական անգամ մրցանակ է շնորհել անգլերեն լեզվով գրականության մեջ սեքսի վատագույն նկարագրության համար: Այս տարի մրցանակի է արժանացել ամերիկացի գրող Ջեյմս Ֆրեյը՝ իր «Կատերինա» ինքնակենսագրական վեպի համար:
Հանձնաժողովի երևակայությունը ցնցել են վեպում բազմաթիվ էրոտիկ տեսարանները, հատկապես՝ Փարիզի զուգարաններից մեկում վեպի գլխավոր հերոս Ջեյի և իր սիրեցյալ Կատերինայի միջև սեքսի երկար նկարագրությունը:
«Ջեյմս Ֆրեյն այս տարի կարողացել է առաջ անցնել բազմաթիվ տղամարդ-նոմինանտներից՝ կասկածելի էրոտիկ տեսարանների քանակով և երկարությամբ,-ասվում է հանձնաժողովի հայտարարության մեջ:- Այդ բազմաթիվ և անվերջ տեսարանները կհերիքեին, որ հեղինակը մի քանի մրցանակ շահեր»:
«Այս հեղինակավոր մրցանակին արժանանալը մեծ պատիվ է ինձ համար և մեծ պատասխանատվություն»,- հայտարարել է Ջեյմս Ֆրեյը:
Այս մրցանակը տրվում է 1993 թվականից, այն ստացել են շատերը՝ Սթիվեն Քինգից մինչև Թոնի Բլեր:
Փոխանցում է BBC-ն: