04.12.2018 14:06

Արսեն Գրիգորյան. ՀՀԿ-ին մերժել են քաղաքական թպրտոցը

Արսեն Գրիգորյան. ՀՀԿ-ին մերժել են քաղաքական թպրտոցը
Լուսանկարը՝ armeniasputnik.am կայքից

Հետաքրքիր մարտավարություն է մտել ՀՀԿ՝ նրանք իշխանության հետ խոսում են այն մեղադրանքներով, որով մինչեւ 2017-ի ընտրությունները ընդդիմությունն էր խոսում ՀՀԿ-ական իշխանության հետ:

Աշոտյանն ասում է, որ ուսուցիչներին տանում են Փաշինյանի հանրահավաքներին, Շարմազանովն էլ ասում է, թե ոստիկանությունն իր մոտ է հրավիրում ՀՀԿ-ի համար աշխատողներին եւ հորդորում է չաշխատել: Ուզում են ասել, որ հասարակության մեջ պահանջված են, եւ իշխանության ոտքերը դողում են: Նրանք մտածում են, թե մի օր իսկական ընդդիմություն են դառնալու կաթիլ-կաթիլ ստելով: Բայց նրանք գիտեն, որ իրենց իշխանության տարիներին ընդդիմությունը չէր ստում: Կնշանակի, որ երբ նրանք ասում են այս ամենը, փորձում են հիմարացնել ժողովրդին, որովհետեւ «Նիկոլը հիմարացրեց»:

ՀՀԿ-ում այս օրերին դեռ իներցիայով ընդդիմություն են խաղում, առանց իմաստավորելու, թե ինչպիսի ընդդիմություն էին Նիկոլը եւ մյուսները, ինչու էին նրանք ընդդիմություն, ընդհանրապես՝ ինչ իմաստ ունի ընդդիմություն լինելը: Նրանք դեռ խրոխտ են: Բայց խրոխտ էր նաեւ Արտաշես Գեղամյանը: Վերջում պարզվեց, որ մի զրո պակաս արժե, ու հաշտվեց հարվածային գործիքի իր ճակատագրի հետ: Հանրապետականին կարելի է հասկանալ՝ Հայաստանի անկախության առաջին օրից մինչեւ հիմա երբեք առիթ չեն ունեցել իմանալու, թե ինչ վարկանիշ ունեն հասարակության մեջ, հիմա իրենք իրենց վարկանիշը գիտեն նույնիսկ մինչեւ քվեարկությունը: Եվ նրանք ջղաձգվում են: Հենց սա պետք է հասկանալ՝ թույլի ամբողջ «համարձակությամբ» նրանք ատամներ են ցույց տալիս, որոնք իրենց բերանում չեն: Նրանք գռմռում են ոչ իրենց կոկորդով, թափ տալիս ոչ իրենց ձեռքերը, ամեն ինչ արտագրած է:

Բայց մի փոքրիկ խնդիր կա: Մինչեւ հեղափոխությունը Հայաստանում լեգիտիմ էր ընդդիմությունը: Լեգիտիմությունը միշտ ազնիվ սկիզբն է, հետո այդ լեգիտիմը կարող է ստել, խաբել, կորցնել իրականության զգացումը, նույնիսկ սպանել: Բայց սկիզբը միշտ ազնիվ է: ՀՀԿ-ն ընդդիմադիր դաշտ է մտնում արդեն ոչ լեգիտիմ: Որովհետեւ նրան մերժել են: Եվ նրան իշխանություն ունենալը չեն մերժել, իշխանություն ունենալը մերժում են ընտրություններով: ՀՀԿ-ին մերժել են փողոցում՝ հայհոյանքներով, շրջափակումներով, իշխանության գործունեությունը կաթվածահարելով: ՀՀԿ-ին մերժել են հենց քաղաքական թպրտոցը: Ժողովուրդը նրան մերժել է իր հավատը: Այսինքն, ընկեր, չենք ասում՝ դու չես կարող ընդդիմություն լինել, չենք ասում՝ իրավունք չունես խոսել ճշմարտությունից, չենք ասում՝ սխալ ես, երբ խոսում ես ձեր հանդեպ ատելության խոսքի ավելցուկից, բայց մենք քեզ չենք հավատում: Դու մեզ դրել ես մի վիճակում, որում ինքդ քեզ զրկել ես մեր օգնությամբ նույնիսկ ճահճի երեսին մնալու իրավունքից: Ահա ինչու Աշոտյանի ու Շարմազանովի ասածները չեն ընկալվում:

Զվարճալիքը հասնում է գագաթնակետին, երբ նրանց դժգոհություններին որպես արձագանք լսում ես այն, որ գլխավոր դատախազը միջնորդությամբ մտնելու է ԱԺ՝ կալանավորելու համար ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին: Այստեղ կարող էր իջնել վարագույրը, սակայն վճռական հարվածն առջեւում է: Որովհետեւ այստեղ էլ սխալվեցիք, տղաներ: Դուք միշտ մոռացել եք ժողովրդին, նույնիսկ նրա անունից խոսելիս եք մոռացել: Եվ այստեղ էլ դուք կրկին ինքներդ կրակեցիք ձեզ վրա: Քանզի ժողովրդին հետաքրքիր չեք, սպառնալիք էլ չեք: Ձեր «քվեարկությունն» ավարտվել է: