04.12.2018 16:00

Թմրամոլություն, մեծամոլություն, կաննիբալիզ. համաշխարհային առաջնորդների «չարաճճիությունները»

Թմրամոլություն, մեծամոլություն, կաննիբալիզ. համաշխարհային առաջնորդների «չարաճճիությունները»

Երկուշաբթի Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, որ երկրում ամեն կերպ խրախուսում է կասկածվող թմրադիլերների արտադատական հալածանքները, լուրջ դեմքով հայտարարել է, որ իր արտակարգ նախագահական ծանրաբեռնվածության պարագայում իրեն շատ է օգնում թմրախոտի մեկ-երկու գլանակը, հատկապես՝ ACEAH-ի գագաթնաժողովներում չքնելու համար:

«Իմ աշխատանքն ինձ սպանում է, իսկ տարիքի վրա՝ թքած, ես խոտ եմ ծխում, որ չքնեմ»,- ասել է Ֆիլիպինների նախագահը, ապա անմիջապես ավելացրել, թե կատակ է անում:

Դուտերտեն նաև որոշել է ACEAH-ի գագաթնաժողովը քննարկելու առիթով մի քիչ բամբասել Բրունեյի սուլթանից, իբր՝ Հասանալ Բոլկիահը մշտապես քնում է միջազգային գագաթնաժողովներում: Ճիշտ է դա, թե ոչ, համենայն դեպս՝ Բրունեյի սուլթանը միակը չէ, որ սիրում է հրապարակավ քնել. բազմիցս այդ վիճակում են տեսել նաև Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:

Գամբիայի նախկին բռնապետ Յայա Ջամերը պարծենում էր, թե խոտաբույսերից իր պատրաստած թուրմով կարողանում է «բուժել» ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց: Թե նրա «բուժումից» հետո քանի մարդ է մահացել՝ հայտնի չէ:

«Այլընտրանքային բժշկության» ասպարեզում իրեն փորձել է նաև Հաիթիի հանրահայտ բռնապետ Ֆրանսուա Դյուվալիեն, որը պնդում էր, թե շատ լավ տիրապետում է վուդուիզմին և կարող է հեռվից մարդկանց և՛ բուժել, և՛ վնասել, հատկապես՝ ամեն ամսի 22-ին, երբ «վուդուի հոգիներն» իր կողմից են: Դյուվալիեի խոսքով՝ ինքը անեծք է ուղարկել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի վրա՝ նրա սպանությունը 1963 թ. նոյեմբերի 22-ին վերագրելով իր մոգական ուժի ազդեցությանը: Հայտնի է նաև, որ Դյուվալիեի հրամանով երկրում սպանել են բոլոր սև շներին, որովհետև «դրանք դժբախտություն են բերում»:

Ուգանդայի առաջնորդը՝ իր ընդդիմախոսներին դաժանաբար հետապնդող Իդի Ամինը, հաճույք էր ստանում ինքն իրեն մտացածին տիտղոսներ շնորհելուց, օրինակ՝ «Բրիտանական կայսրության նվաճող» կամ ամենահայտնին՝ «Շոտլանդիայի արքա»: Նա նաև շատ արագ «առաջ էր գնում» ռազմական ծառայության ոլորտում՝ իրեն ֆելդմարշալ էր դարձրել և պարգևատրել (ինքն իրեն) Բրիտանիայի և Ֆրանսիայի բարձրագույն պագևներով՝ Վիկտորիայի խաչ և Ռազմական խաչ: Ասում էին՝ Ամինը  գլխատված քաղաքական ընդդիմախոսների գլուխները պահում էր իր սառնարանում: Բարեբախտաբար՝ դա չէր հաստատվել: Մինչդեռ Ամինի աշխարհագրական հարևանն ու ժամանակակիցը՝ Կենտրոնաֆրիկյան Կայսրության կայսր Ժան-Բեդել Բոկասան, տապալվելուց, արտաքսվելուց և ապա հայրենիք վերադառնալուց հետո, ստիպված էր արդարանալ կանիբալիզմի մեղադրանքներից: Դատարանում նա պնդել էր, թե սառցարաններում մահապատժի ենթարկվածների մարմինները պահել է «հաջողության համար»:

Հետխորհրդային առաջնորդներից առանձնանում է Թուրքմենստանի հանգուցյալ ղեկավար Սափարմուրատ Նիյազովը, որն իր պատվին անվանել էր հունվար ամիսը, երկնաքար,  քաղաք և զբոսայգի: Նրա գիրքը պարտադիր ընթերցանություն էր դպրոցներում և համալսարաններում, երկրի քաղաքացիները պարտավոր էին գրքի իմացության քննություն հանձնել: Նիյազովի ժառանգորդը՝ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը, նույնպես  բավական «չարաճճի» է. նա մերթ ձիերի ամենամյա գեղեցկության մրցույթներ է կազմակերպում, մերթ երգում է, մերթ ինչ-որ ծանրություն բարձրացնում:

Փոխանցում է BBC-ն: