05.12.2018 11:03

Հատուկ դատախազը դատավորին առաջարկել է «չնստեցնել» Թրամփի նախկին խորհրդականին

Հատուկ դատախազը դատավորին առաջարկել է «չնստեցնել» Թրամփի նախկին խորհրդականին

2016 թ. ամերիկյան ընտրություններին միջամտության և Ռուսաստանի հետ Դոնալդ Թրամփի շրջապատի գործարքի վերաբերյալ հետաքննությունը վարող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակը դատավորին խորհուրդ է տվել նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆիլինի նկատմամբ սահմանել ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, քանի որ նա «նշանակալի կերպով համագործակցել է» հետաքննության հետ:

Անցյալ տարվա դեկտեմբերի 1-ին Ֆիլինը գործարք էր կնքել արդարադատության հետ՝ խոստովանելով, որ սուտ վկայություն է տվել ՀԴԲ-ին՝ Վաշինգտոնում Ռուսաստանի նախկին դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ ունեցած խոսակցությունների բովանդակության մասին:

Դրանից հետո, դատավորին հասցեագրված հուշագրում նշում են դատախազները, Ֆիլինը 19 զրույց է ունեցել քննիչների հետ և «առաջին ձեռքից տեղեկություններ է հաղորդել Թրամփի անցումային թիմի և Ռուսաստանի պաշտոնատար անձանց միջև փոխգործակցության համատեքստի և բովանդակության մասին»:

Ֆիլինը ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը զբաղեցրել է շատ կարճ ժամանակով՝ 2017 թ. հունվարի 17-ին Թրամփի պաշտոնակալության օրվանից մինչև նույն թվականի փետրվարի 13-ը, երբ ստիպված եղավ հրաժարական տալ, ձևական իմաստով՝ այն բանի համար, որ փոխնախագահ Մայք Փենսին ճիշտ չէր հաղորդել Օբամայի վարչակազմի վերջին օրերին Կիսլյակի հետ իր հեռախոսազրույցների բովանդակության մասին: Դեսպանի հեռախոսը գաղտնալսվել էր ՀԴԲ-ի կողմից:

Փոխանցում է BBC-ն: