05.12.2018 18:28

Լիզա Ճաղարյան. «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլեւս»*

Լիզա Ճաղարյան. «Հ. Յ. Դաշնակցությունը անելիք չունի այլեւս»*

Քարոզարշավի օրերին ՀՀԿ-ական հանցախումբը տարիներով կուտակած լկտիության իր անսպառ պաշարն ուղղակիորեն ցփնում է Հայաստանի քաղաքացիների համբերատար դեմքին, եւ հասարակության ուշադրությունն այնքան է սեւեռված սրանց ամբարտավան ճամարտակությունների վրա՝ «հանկարծ էս հանցագործները չխցկվեն խորհրդարան» մտահոգությամբ, որ գրեթե ստվերում են մնում այլ քաղաքական ուժերի ելույթները։

Բայց դե՝ հո դաշնակցությունը մնացած «դեղնակտուցների» թայը չի, հարյուրեսիմքանիամյա զառամյալ ավերակ է, եւ ում-ում՝ սրան մի օր հաջողվելու էր թեկուզ մի պահ ուշադրությունը շեղել իր կոալիցիոն «դարավոր» բարեկամ ՀՀԿ-ականներից։

Ու հաջողվեց։ Հաջողողն այս կուսակցության ստվերային առաջնորդ Հրանտ Մարգարյանն է, որը գլխին է հավաքել մի խումբ (գուցե՝ անտեղյակ) ջահելների եւ «գեղիցը մարդ չկա» նշանաբանը, Սերժիկ Սարգսյանի ասած՝ թարս խիարի պես բռնած, ճառել է լեզվին եկածը՝ երեւի հուսալով, որ կասի ու կմարսի, էլի՛, խառը ժամանակներ են։

Ընկեր Հրանտը երկար է բարբառել։ Դե, լեզվի տակ ոսկոր չկա, այս կուսակցության «դարերի խորքից» մեզ հասած ադաթն էլ այն է, որ ով ընդդիմանում է ստվերային խմբապետի տեսակետին, տեղում անդամությունը սառեցվում է կամ կախակայվում։ Այնպես որ ընկեր Հրանտը նախապես վստահ էր, որ իր արտաբերած ցանկացած անհեթեթություն եւ պոչավոր սուտ ընդունվելու են իր ընտրած լսարանի համերաշխ գլխատմբտմբոցով, հակառակ պարագայում՝ մի քիչ կզսպեր իր փուչ խանդավառությունը։ Ընկեր Հրանտի որոշ մոլախոտ մտքեր քաղհան կանեմ, կանդրադառնամ միայն ելույթի այն հատվածներին, որոնք հարուցել են «Լեւոնի դպրոցի սան»-իս (մեջբերումն ընկեր Հրանտի ճառից է) ծիծաղը։

Ընկեր Հրանտը հեռվից է գալիս, էէէն ժամանակներից, երբ «հայտնվեցին «Ղարաբաղ» կոմիտե կոչվող մարդիկ, որոնք բացարձակ ղեկավարություն էին»:

Դժգոհ է փաստորեն ընկեր Հրանտը, որ Ղարաբաղյան շարժման պայքարի առաջնորդը «Ղարաբաղ» կոմիտեն էր՝ բացարձակ ղեկավարությամբ։

Վա՛հ, ընկեր Հրա՞նտ։ Հա՛, գիտենք, որ մարդկանց հիշողությունը կարճ է, բայց այնքա՛ն աղետալիորեն չի կարճ, որ հիշողներ չգտնվեն հետեւյալ անհերքելի իրողությունը. Ղարաբաղյան ազատագրական պայքարի շրջանում ընկեր Հրանտի կուսակիցները զբաղված էին հեռու-հեռուներից ազգին խելքի բերելու կոչեր հղելով, եւ «կողմ ըլլալով դեմ ենք» արտահայտությունը օդ է նետվել հենց այդ օրերին։ Դաշնակցությունը «կողմ ըլլալով՝ դեմ էր անկախությանը», եւ այս կուսակցության կարկառուններն իրենց արտերկրյա տաքուկ բնակարաններում նստած՝ ահաբեկում էին Հայաստանի հասարակությանը, թե ինչ վատ-վատ բաներ են լինելու, եթե Հայաստանը փորձի անկախանալ։ Հեռվից «հրովարտակներ» երկնելու փոխարեն բա գայի՛ք հենց այդ օրերին, եւ ի՞նչ իմանաս՝ գուցե ազգը ձե՛զ նախընտրեր, ու «Ղարաբաղ» կոմիտեի «բացարձակ ղեկավարությունը» խարխլվեր։

Չէ, «դարավոր» փորձառությամբ այս կուսակցության կարկառունները մի բան հիանալի գիտեին։ Գիտեի՛ն՝ երբ գան։

Ու եկան։ Եկան Հայաստանի անկախացումից հետո, «կոտորած, ջարդ, Սումգայիթ»-ից հետո։ Չակերտվածը նույնպես ընկեր Հրանտի ելույթից մեջբերում է (բոլոր մեջբերումներն «Առավոտ» կայքի «Լեւոնի դպրոցի սաները ռեւանշի են դուրս եկել» հոդվածից են)։ Եվ այսպես, ընկեր Հրանտը հարազատ միջավայրում է եւ ընդդիմախոսների բացակայությունից օգտվելով՝ իր ամբարտավանությամբ ՀՀԿ-ին էլ է տալիս-անցնում։ Մեղադրում է «Ղարաբաղ» կոմիտեին կոտորածի, ջարդի, Սումգայիթի համար։ Այսինքն թե՝ եթե իրենք՝ դաշնակները, «բացարձակ ղեկավարեին» Շարժումը, Կարմիր բանակն ու ադրբեջանցիները վարդումեխակով էին դիմավորելու իրենց, եւ ոչ մի կոտորած, ջարդ ու Սումգայիթ չէին լինելու։ Այսպիսի հրեշավոր մեղադրանք մինչ օրս չի բարձրաձայնել ոչ մի հոգեգարված «հակաԼեւոնական», իսկ ահա ընկեր Հրանտը բարձրաձայնեց։ Մեղքն իր վիզը, բայց նորից կրկնեմ՝ դու՛ք գայիք, պայքարեիք եւ հաղթեիք առանց կոտորածի, ջարդի ու Սումգայիթի, ոչ թե հեռուներից «սրտաճաք անեիք» դարասկզբին դաշնակցական իշխանավարությունից ի վեր առաջին անգամ ողնաշարն ուղղած հերոս ժողովրդին։

Այնուամենայնիվ՝ եկան։ Եկան՝ իր ազատությունն առանց դաշնակների «բացարձակ ղեկավարության» նվաճած ժողովրդին սովորեցնելու, որ «ձեռքդ քո ծնկին պետք է դնես, ծնկի ելնես, ազատությունդ նվաճես»:

Իաաա, իրո՞ք, ընկեր Հրանտ։ Ոնց որ թե թեթեւակի ուշացել էիք, հը՞։ Չէ, չէ, սխալվում եք։ Այստե՛ղ էլ ընկեր Հրանտը գերազանցում է իր կոալիցիոն բարեկամ ՀՀԿ-ին։ «ՀՅԴ-ն, իբրեւ Հայաստան վերադարձած նոր կազմակերպություն, գերազանցեց ինքն իրեն`կազմակերպելով եւ առաջ տանելով ղարաբաղյան պայքարը`թույլ չտալով Մոսկվայի, Բաքվի, ցավոք նաեւ Երեւանի ծրագիրն իրականացնել»,- ասում է ընկեր Հրանտը: Հասկացա՞ք, Հայաստանում դավաճաններ էին հավաքված Ազատության հրապարակում, զբաղված էին «կոտորած, ջարդ, Սումգայիթ» կազմակերպելով, եւ սփյուռքի փողերը հավաքած ու Հայաստանում բարեհաջող վայրէջք կատարած դաշնակցությունը վրա հասավ, որ մեզ դավաճանական ուղուց շեղի եւ զինված պայքարի մղի ընդդեմ ոսոխի։ Մինչ այդ ոչ պայքարող կար, ոչ զոհվող ու նահատակվող կար, ոչ զենք հայթայթող կար, ոչ բանակ ստեղծելու մտադրություն կար։ Եկան դաշնակներն ու ազատագրեցին Արցախը՝ բանի տեղ չդնելով «ժողովրդի 84 տոկոս վստահություն վայելող անկախ պետականության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի» «սպառնալիքներին», որ խմբերը ետ կանչեն Ղարաբաղից, այլապես իրենց դատի կտա ապօրինի գործունեություն ծավալելու համար:

Սա ոչ միայն լկտի ստի գագաթնակետ է, նաեւ հազարավոր զոհված եւ մինչ օրս ապրող հազարավոր ազատամարտիկների նկատմամբ սրիկայություն է, ընկեր Հրանտ։ Գաղտնիք չէ, որ այդ տարիներին դուք զբաղված էիք զոհվածների ամոթալի «որս»-ով, գիտենք, որ գրեթե բոլոր զոհվածներին «հավատավոր դաշնակցական» էիք ներկայացնում ձեր կուսակցական «Երկիր» թերթում, բայց նույնիսկ անսահման թվացող անբարոյականությունն է չափ ու սահման ունենում։ Ոչ ոք չի ուրանում այն անձնուրաց նահատակներին եւ ողջերին, որոնք Արցախում զենքը ձեռքներին կռվել են ՀՅԴ դրոշի տակ, դուք է՛լ մի ուրացեք այն հազար-հազարավորներին, որոնք սփյուռքի փողերո՛վ չէին զենք հայթայթում, բայց հայթայթու՛մ էին կրկնակի, եռակի դժվարությամբ եւ ինքնազոհության գնով, եւ հիշեք՝ հենց այն ժամանակ, երբ ձեր կուսակից ընկերները կռվում էին Արցախում, դուք եւ ձեզ նման «գերագույն մարմիններն» ու «պյուռօյի» անդամներն զբաղված էիք Հայաստանում կատաղի պայքար մղելով երկրաշարժից ավերակված, սովետական միության փլուզումից հետո կաթվածահարված տնտեսությամբ երկրի՝ ժողովրդի գրեթե միահամուռ կամքով ընտրված իշխանության դեմ։ Այն ժամանակ դուք չէիք հիշում, որ պատերազմող երկրում պետք չէ կայունությունը խարխլել, դա հետո հիշեցիք։ Հիշեցիք ռոբասերժական տարիներին, երբ սկսեցիք պորտֆելներ մուրալ Հայաստանը թալանող, խաղաղ քաղաքացիներին գնդակահարող հանցագործներից։ Այն ժամանակ դուք պայքարում էիք նորընտիր իշխանության դեմ թույլատրելի ու անթույլատրելի բոլոր ստոր ու նենգ միջոցներով՝ սեւ քարոզչությամբ, հանրահավաքներով եւ... ահաբեկություններով։

Այո՛, այո՛, ընկեր Հրանտ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին «փակվեցին դաշնակցական թերթերը, կուսակցության գործունեությունը կասեցվեց, շատերը կալանավորվեցին», որովհետեւ ՀՅԴ-ն ստեղծել էր առնվազն երկու ահաբեկչական կառույց եւ զբաղված էր ազգի շարքերի «դավաճաններին» սպանելով»։ Եվ եթե մոռացկոտներ շատ կան, հիշեցնեմ՝ այն տարիներին, երբ դաշնակցության պարագլուխները եւ մարդասպանություններն ի կատար ածողները բանտում էին, ա՛յդ տարիներին Հայաստանում ո՛չ մի աղմկալի քաղաքական սպանություն չի եղել։ Երկրորդ ալիքը սկիզբ առավ իշխանափոխությունից հետո։ Հիշու՞մ եք, ընկեր Հրանտ, Քոչարյանի օրոք իրար հերթ չտվող սպանություններն ու երկու փամփուշտով ինքնասպանությունները, զարհուրելի «Հոկտեմբերի 27»-ը։ Հիշեցնե՞մ, թե ոնց պատահեց, որ «27-ի» գործի դարակներում «կախակայվեցին» այն բազմաթիվ փաստերը, որոնցից մեկն էլ «ռոմանտիկ նարկոմանների» պարագլխի «պատմական» հանդիպումն էր անձամբ ձեզ հետ մինչ ԱԺ նախճիրը, եւ թե ինչպես Քոչարյանի թեթեւ ձեռքով մոռացվեցին ե՛ւ այդ հանդիպումը, ե՛ւ բազմաթիվ այլ աղաղակող փաստեր, որոնք վկայում էին, որ ամենեւին էլ «Հոկտեմբերի 27»-ը «ուչաստկովիի» մակարդակի գործ չէ։

Հուսանք, որ մի օր կվերաբացվի նաեւ «Հոկտեմբերի 27»-ի գործը եւ այս չապաշխարվող ահավոր Մեղքը կընկնի Հայաստանի քաղաքացիների ուսերից, իսկ մինչ այդ հիշենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին դատապարտված դաշնակցականներն «իրավիճակի փոփոխության» ձեւակերպմամբ ազատ արձակվեցին Ռոբերտ Քոչարյանի օրոք, եւ չնայած արդեն ապրում էին «ազատ եւ արդար» երկրում, այդպես էլ մինչ օրս անգամ թույլ փորձ չեն արել պահանջելու, որ արդարացնեն «հանիրավի դատապարտված» դաշնակցականներին։ Թե ինչու, դուք ինձանից ու բոլորիցս լավ գիտեք, ընկեր Հրանտ։

Եվ այսպես, ու՞ր հասանք։ Հասանք ահա այստեղ. «Ասեցինք`Ղարաբաղի անունով իշխանության եկած ուժը Ղարաբաղի հարցով պարտվողական քաղաքականություն է վարում: Ասեցին`միթե նման բան հնարավոր է, դուք ճիշտ չեք ասում, դուք նույնիսկ դավաճան եք: Բայց արի ու տես, որ մենք ճիշտ դուրս եկանք: 1997-ին պարզվեց, որ մարդու բուն նպատակը`«տարածքներ խաղաղության դիմաց» է»:

Մի հատ էլ ասեմ՝ վա՛հ, ընկեր Հրա՞նտ։ Իսկ դաշնակցության ահաբեկչական գործունեությունը կոծկող եւ ձեր կուսակիցների բերանները մի քանի պորտֆելով փակող ռոբասերժական իշխանությունը ո՞ր բանակցության սեղանի շուրջն էր նստում։ Հիշեցնեմ. հենց այն նու՛յն սեղանի շուրջը, որտեղ մինչ պալատական հեղաշրջումը նստում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը։ Իսկ այդ բանակցության սեղանին դրված էին եւ մինչ օրս դրված են միմիա՛յն փոխզիջումների տարբերակներ։ Թե՞ Մեղրին Արցախի դիմաց ադրբեջանցիներին նվիրելու տարբերակը ձեր փրկիչ Ռոբերտ Քոչարյանի օրոք չի քննարկվել։ Թե՞ Սերժիկ Սարգսյանը չի ասել. «Աղդամը մեր հայրենիքը չէ»։ Հիշեցնեմ նաեւ, որ այս երկու «պահանջատերերի» օրոք ՀՅԴ-ն նույնպես իշխանության մաս էր, հետեւաբար՝ այս երկուսը բանակցել են նաեւ ընկեր Հրանտի կուսակցության անունից։

Դե, ներելի է, եթե մոռացել եք, շա՛տ եք զառամյալ։

Ամնեզիայի դեպքում ներելի է՝ հիվանդություն է, իսկ ահա ստախոսությունը, պոռոտախոսությունը, պատմական փաստերի գիտակցված եւ անամոթ խեղաթյուրումը զառամախտի հետ առնչություն չունեն։ Սրանք կուսակցական արատավոր, հանցավոր ուղենիշներ են, եւ միայն այս փաստը բավական է ասելու համար՝ ձեր կուսակցությունն այլեւս անելիք չունի, բացի իր զառամած ոտքերը տաք ջրի մեջ դնելուց։

Եվ վստահ եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հենց այդպես էլ կլինի։

Դեմ ըլլալով ձեզ եւ ձեր կուսակցությանը, ընկեր Հրանտ, կողմ եմ, որ ողջ-առողջ լինեք ու կողքից նայեք Հայաստանի ապագային։ Ինչպես Ղարաբաղյան շարժման առաջին տարիներին էիք կողքից նայում։

*Հովհաննես Քաջազնունի, ՀՅԴ անդամ, Հայաստանի առաջին հանրապետության առաջին վարչապետ, 1923 թ.։