06.12.2018 11:37

Ամերիկյան երկու ռազմական օդանավ ընկել են Խաղաղ օվկիանոսը

Ամերիկյան երկու ռազմական օդանավ ընկել են Խաղաղ օվկիանոսը

ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի երկու ինքնաթիռներ օդում լիցքավորվելիս ընկել են օվկիանոսը Ճապոնիայի ափերից հարյուրավոր կիլոմետրեր դեպի արևելք:

Ինքնաթիռներում աղետի պահին ընդհանուր թվով եղել է յոթ մարդ, այս պահի դրությամբ՝ նրանցից մեկին հաջողվել է ողջ գտնել, BBC-ի թղթակցին հաղորդել են ծովային հետևակի կորպուսից: Փրկված զինվորականը բժշկական զննության է ուղարկվել ծովային հետևակի՝ Ճապոնիայի հարավում գտնվող Իվակունի ռազմաբազայում:

Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդման համաձայն՝ ինքնաթիռները բախվել են օդում լիցքավորվելիս, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել: Ի դեպ, օդում լիցքավորումը բավական բարդ և վտանգավոր գործողություն է:

 Ճապոնիայի ինքնապաշտպանության ծովային ուժերի որոնողական-փրկարարական ծառայությունները և ամերիկյան օդուժը շարունակում են մյուս վեց ծովային հետևակայինների որոնումները:

Փոխանցում է BBC-ն: