07.12.2018 13:38

Արսեն Գրիգորյան. Ինչպե՞ս հարամել ընտրությունները

Արսեն Գրիգորյան. Ինչպե՞ս հարամել ընտրությունները

Նույնիսկ հանրապետականները չեն կասկածում, որ այս ընտրությունները բացառիկ են լինելու: Չեն կասկածում, բայց հարամելու տեղ կա: ԵԱՀԿ ԺՄԻԳ-ը՝ նրանց օգնական: Այս կազմակերպության վերջին զեկույցից դատելով՝ մեր ընտրությունների մասին հետագա զեկույցներում դիֆերամբներ չեն հնչելու:

Վիգեն Սարգսյանին այդ զեկույցը դուր էր եկել:

Հայտնի հեռուստաբանավեճի ժամանակ նա գրոհում է Նիկոլ Փաշինյանի վրա՝ դուք այդ զեկույցը կարդացե՞լ եք: Իհարկե կարդացել էր: Բայց Վիգեն Սարգսյանի սիրտը զարգացում է ուզում: Դա լինելու է փոքրիկ մահափորձ հեղափոխության նկատմամբ:

Բայց հիմա պատկերացրեք հայ ընտրողի տարակուսանքը: Կարծես թե ինքը ընտրելիս ոչ մի խնդիր չի ունեցել, մինչ այդ տեսել է մի «շքեղ» հեռուստաբանավեճ, տեսել է ՀՀԿ-ականների չքմեղանքը, եւ հանկարծ եվրոպացի դիտորդների մի խումբ այս ընտրությունները հայտարարում է քայլ առաջ: Իբր՝ կարող էր ավելի լավը լինել: Նույնիսկ ուսուցիչներն այս ընտրությունների ժամանակ չհասկացան, թե ինչ իմաստ ուներ ուսուցիչ լինելը, եթե ծնողներին ինչ-որ մեկի օգտին քվեարկել համոզելու կարիք չկար, թաղային հեղինակություններն ընդհանրապես վերանայեցին իրենց ծնված լինելու նպատակահարմարությունը: Իսկ եվրոպացի դիտորդները դեռ նախընտրական շրջանի վրա աշխատելու տեղ են գտնում:

Բացառված չէ, որ ռուս դիտորդներն ընդհանրապես կասկածի տակ դնեն ընտրությունների որակը: Ես չգիտեմ, թե ինչ օրինական հիմնավորմամբ դա կանեն: Բայց նույնիսկ այդտեղ խնդիր կա: Ընտրողն այլեւս դիտորդների կողմը չի նայում: Նա գիտի, որ իր քվեն իր քվեն է, դիտորդների ճշմարտության սկզբնաղբյուրն այլեւս կամ միայն իշխանությունների հանձնառությունը չէ, որ ընտրությունները կլինեն ազատ, արդար եւ թափանցիկ: Այս ընտրության որակի տերը ընտրողն է, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անգամ դարձել է անկյուն քշված մի վիճակագիր, որը, սակայն, գիտի, որ այս անգամ կեղծիքներ չեն եղել: Նախկին իշխանությունների կեղծարար սոցիոլոգների ծպտունն անգամ չի լսվում:

Վարչապետի կոշտ հռետորաբանությու՞նն է դիտորդներին վախեցրել: Հայ ընտրողը դրա հետ խնդիր չունի, ամեն ինչ վերջապես իր տեղն է ընկել: Ինչու՞ հայ ընտրողին մի ավելորդ անգամ ապացուցել մի բան, որն ինքը չի տեսել: Նախկինում ինքը չէր տեսնում արդար ու ազատ քվեարկություն, եւ չնայած դրան՝ ընտրությունները միշտ մի քայլ առաջ էին: Հիմա ընտրողը վերջապես թողնված է իր գործողություններին: Բանակի ղեկավարությունն անգամ հատուկ հրահանգ է տարածում, որ քվեարկության օրը հրամանատարները հեռու մնան զինվորներից: Սա նույնիսկ ընտրություն չէ, այլ՝ տոնախմբություն: Նախկինում լրագրողն ու ընդդիմադիրը ընտրություններին պատրաստվում էին, ինչպես զինվորը՝ պատերազմին: Գիտեին, որ կռիվ կա տալու: Հիմա լրագրողների սիրտը դող է մտել, որ ձանձրանալու են: Թերեւս արժեր դժգոհել ընտրողի հանդեպ շոկային հարգանքից, քանի որ գուցե կարիք կար մեզ երկար նախապատրաստել այսպիսի ընտրությունների: Բայց այս ընտրությունները մեկ քայլ առաջ լինել չեն կարող, սրանք բոլորովին նոր որակի ընտրություններ են: Նույնիսկ Եվրոպան պետք է պատրաստ լինի այսպիսի ընտրությունների: