11.12.2018 12:28

Արսեն Գրիգորյան. Վա՛յ այն ՀՀԿ-ականին, որը կկանգնի իր դստեր եւ որդու ճանապարհին

Արսեն Գրիգորյան. Վա՛յ այն ՀՀԿ-ականին, որը կկանգնի իր դստեր եւ որդու ճանապարհին

Նույնիսկ տհաճ է մտածել, որ մենք ընտրել գիտեինք: Տհաճ է հասկանալ, թե, ի վերջո, ինչքան հեշտ էր ամեն ինչ, եւ ինչ դժվարությամբ տրվեց այդ ամենը:

Վերջ: Հիմա մենք մեզ վիճակված մարտահրավերների դիմադրողականությունն ենք: Մենք արդեն պետության հետ մեկ օրգանիզմ ենք: Իշխանությունը ծնվում է, ոչ թե տրվում: Մենք դեմքով գիտենք բոլորին, որոնց ծնում ենք: Մենք արդեն խոսքն ենք եւ նրա իրավունքը: Մենք արդարությունն ենք եւ նրա իրացումը: Մենք խիղճն ենք եւ նրա բաշխումը: Մենք միտքն ենք եւ նրա ընկալումը: Հիմա իշխանությունը միայն կառավարությունը չէ, նա մեր երեխաներից մեկն է, մյուսն ընդդիմությունն է: Կան նաեւ հասարակական այլ կառույցներ, կան լրատվամիջոցները:

Ընտրությունները ցրեցին հեղափոխությունը՝ որպես մառախուղ, որն իբրեւ խոնավ հաճույք նստել էր անապատացող Հայաստանի վրա: Այդ հեղափոխությունը Հայաստանին վերադարձրեց իր կլիման, տարվա եղանակները, մարդու դեմքի մկանների աշխատանքը: Մարդը դարձավ բովանդակություն: Եվ այդ բովանդակությունը կատարեց իր ընտրությունը: Նույնիսկ՝ երբ քվեարկեց ՀՀԿ-ի եւ «Սասնա ծռերի» օգտին:

Հեղափոխությունը վերադարձրեց բազմաձայնությունը: Հեղափոխությունը միտքն ազատեց գոյության պայքարին հարմարվելու միատոնությունից: Այդ հեղափոխության մեջ բոլորը գտան իրենց գույնը, բոլորս մի կտավի բոլոր իմաստների բազմապատկումն ենք: Որովհետեւ մենք արդեն դուրս եկանք «սեւ քառակուսուց», գրողը տանի: Մենք արդեն ունենք էն կետը, որտեղից ներքեւ իջնել չկա: Նոր Հայաստանում այլեւս չի կարող մարդը լինել «Հանրապետական», անմիջապես մատնացույց կանեն որպես վտանգավոր որակի:

Նոր Հայաստանը, այո, ՀՀԿ-ի վերածնունդն է, եթե նա պատրաստ է հաշվի նստել նշաձողի հետ: Եթե նա չի ապրում ատամները սեղմած եւ ձեռքերը չի շփում հանուն այն անցյալի, որտեղից անգամ նրան դուրս են շպրտել: Նոր Հայաստանը նոր ՀՀԿ-ի հանդեպ հանդուրժողականությունն է: Հարկ եղած դեպքում՝ սերը: Այս Հայաստանում անհնար է լինել ծիծաղելի, որովհետեւ անհնար է ծիծաղելի լինել մարտահրավերների մեջ, որոնք նաեւ մեր որոշումն ու լուծումն են ուզում: Ահա այս Հայաստանի հետ պիտի հաշտվեն բոլորը, որոնք իշխանություն են կորցրել: Որովհետեւ այս Հայաստանը եթե ոչ նրանց՝ նրանց որդիների դուռն է, որը նրանք անընդհատ կողպված են պահել:

Երբ Շարմազանովն ասում է, որ դեկտեմբերի 9-ը ՀՀԿ-ի վերածննդի օրն է, նա խոստովանում է, որ չի հաշտվել մերժվելու եւ պարտվելու հետ: Այս Հայաստանը նրա հետ քայլ չունի, բայց վա՛յ այն ՀՀԿ-ականին, որը կկանգնի իր դստեր եւ որդու ճանապարհին: Այս Հանրապետականը քայլ չունի, որովհետեւ ռևանշի զգացումը թարմ է ու մի քանի տարի դեռ կրծելու է նրան: Եվ բնական է, որ նրանք պետք է մի կողմ քաշվեին: Նրանցը քվե չէր նույնիսկ իրենց օգտին, նրանցը ռևանշ էր: Նրանք պետք է ազատեն ու իրենցից մաքրեն այն ճանապարհը, որը տանում է դեպի քվեն, ում օգտին էլ որ դա լինի: Թեկուզ՝ իրենց կուսակցության: