11.12.2018 14:43

Լիզա Ճաղարյան. «Огласите весь список, пожалуйста»*

Լիզա Ճաղարյան. «Огласите весь список, пожалуйста»*

Ի պաշտպանություն Քոչարյան Ռոբերտի՝ «սիրելի հայրենակիցներ»-ին «պիկետների ու հանրահավաքների» է հրավիրում «նախաձեռնող խումբ»-ը։

Հրավերի տեքստը կարդացի ու ինձ թվաց՝ «ժամանակի մեքենան» խափանվել է, եւ ես հայտնվել եմ այդ նույն Քոչարյան Ռոբերտի կառավարման տարիների կիզակետում. «Հայաստանի գործող իշխանությունները, կոպտորեն խախտելով ՀՀ Սահմանա­դրությունը և օրենքները, աննախադեպ մեծ ճնշումներ գործադրելով դատավորների վրա...» եւ այլն։

Բարեբախտաբար՝ սխալվում եմ, խոսքը նոր ժամանակների մասին է։ Եվ ի՞նչ է կատարվել այս նոր ժամանակներում։ Կատարվել է մի բան, ինչին Հայաստանի քաղաքացին սպասել է քսան տարի՝ ազատ եւ արդար ընտրություն։ Հայաստանի քաղաքացին սպասել է նաեւ, որ մի օր դատարանի առաջ կկանգնեն ազատ եւ արդար ընտրելու իր իրավունքը, իմա՝ «ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները կոպտորեն խախտողները»։ Եվ եթե Քոչարյան Ռոբերտը «ԼՂՀ պետական պաշտպանության կոմիտեի նախագահ, ղարաբաղյան պատմական հաղթանակների տարիներին Արցախի ղեկավար, ԼՂՀ առաջին նախագահ և Արցախի ազգային հերոս, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ»-ն է եղել, ամենեւին չի նշանակում, որ նա «վաստակել է» ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները խախտելու իրավունքը։

Թե՞ սխալվում եմ, ու քանի որ ահա Քոչարյան Ռոբերտը «հերոս» է, ուրեմն՝ օրենքից ու Սահմանադրությունից վեր է։

Նրա իշխանավարության տարիներին բազմաթիվ Արցախի հերոսներ էին բանտերում խոշտանգվում «արդար» դատարանների որոշմամբ (կարեւոր չէ՝ շքանշան ու մեդալ ստացե՞լ են, թե չեն ստացել, Արցախի ազատագրման համար բոլոր պայքարողները հերոս են), իսկ անմեղ եւ անզեն մարդիկ՝ գնդակահարվում էին մայրաքաղաքի կենտրոնում։

Հետաքրքիր է՝ այս «նախաձեռնող խմբի» անդամներն այդ տարիներին պայքարե՞լ են ապօրինաբար ազատազրկված այդ հերոսների համար եւ պնդե՞լ են, որ նրանք օրենքից վեր են, որովհետեւ պայքարել են հանուն Արցախի։ Կամ՝ սրտներն այսպես մղկտացե՞լ է Մարտի 1-ի տասը զոհերի համար։

Քոչարյանը մի օր բանտից դուրս կգա, իսկ այդ երիտասարդ տղաները երկնքում են, այնտեղից ոչ ոք եւ երբեք չի վերադարձել։

Բայց... ու՞մ եմ հիմա դիմում։

Հայտնի չէ։ Այս աննկուն, «հակազգային ոճիր»-ի դեմ պայքարող, սիրելի հայրենակիցներին դիմողները հանրությանն անհայտ են, չեն ներկայանում։ Ոչ ոք չգիտի, թե այս «նախաձեռնող խումբ» ասվածի տակ ովքեր են այսպես «հերոսաբար» եւ «անձնազոհաբար» թաքնված։

Բա «պիկետների ու հանրահավաքների» էիք հրավիրում սիրելի հայրենակիցներին, չիմանա՞նք՝ ովքեր են հրավիրողները։

Նույնիսկ հրավիրողներդ եք ամաչում (փաստորեն՝ ամոթ էլ ունեք) բացճակատ ներկայանալ։

Վախենու՞մ եք նոր եւ «դաժան» իշխանություններից։

Դե՛ գտեք ուրեմն այն խելապակասներին, որոնք վախկոտների կոչով դուրս կգան փողոց եւ կմիանան ձեզ։ Նորից կրկնեմ՝ ու՞մ։

Հրապարակեք «նախաձեռնող խմբի» ողջ ցուցակը, «հերոսի» պաշտպան պարոնայք եւ տիկնայք, որ ազգն էլ գցի-բռնի՝ արժե՞ միանալ ձեզ, թե լավագույն տարբերակը ձեր կողքով անցնել-գնալն է։ Սուլելով։

*Վերնագիրը՝ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին առավել հասկանալի լեզվով է. հայցում եմ ընթերցողի ներողամտությունը։