12.12.2018 20:37

Ում հույսին է մնացել Քոչարյանը

Ում հույսին է մնացել Քոչարյանը

Քոչարյանի մի խումբ աջակիցների երեկվա ցույցը ծաղր էր հենց Քոչարյանի հանդեպ: Եվ տարօրինակ, շատ տարօրինակ է, որ դա չեն գիտակցել նրա հարազատները, պաշտպանները: Ու խնդիրն ամենեւին էլ ցույցի սակավամարդությունը չէր: Խնդիրը հատկապես աչքի ընկած մի քանի հոգու պահվածքն ու ելույթներն էին:

Նման որակի աջակցության ցույցի արժանի չէ անգամ Ռոբերտ  Քոչարյանը: Եւ էլի տարօրինակ է, որ նրա հարազատները չեն հասկանում, որ այսպիսով նրան, ում ցանկացել են իբր սատարել, դարձրել են ծաղրի առարկա: Ընդ որում՝ հենց իրենք:

Այս քայլով իրենք ասում են՝ տեսեք, ահա թե ում հույսին է մնացել Քոչարյանն այսօր: Այսօր նա այլ աջակիցներ չունի:

Հասկանալի է, որ դժվար է Հայաստանում այսօր նորմալ մարդկանց խումբ գտնել, որոնք առանց ամաչելու «ազատություն Ռոբերտ Քոչարյանին» պաստառներով դուրս կգան փողոց՝ բողոքի ակցիա անելու: Այն էլ՝ հայատառ: Ի դեպ, սա էլ չափազանց ուշագրավ է: Ռոբերտ Քոչարյանի համար մինչ այսօր երեք ակցիա է իրականացվել, եւ բոլոր դեպքերում պաստառները հիմնականում կամ անգլերեն են եղել, կամ՝ անհասկանալի այնպիսի ձեւակերպումներով, որ կողքից նայողը չհասկանար, թե ինչ են պահանջում պաստառ պարզած մարդիկ:

Բայց եթե այդ մի խումբ նորմալ մարդիկ չկան, կամ՝ այդպիսի մարդիկ ամաչում են մարդամեջ դուրս գալ եւ ցույց անել՝ սատարելով Ռոբերտ Քոչարյանին, ապա ավելի լավ է ընդհանրապես ակցիաներ չանել, քան անել այս որակի:

Մյուս կողմից էլ երեկվա ցույցը հետաքրքիր լակմուսի թուղթ էր: Հանրային տրամադրությունները ցուցադրելու համար: Թող հանրությունը եւս մեկ անգամ ականատես լինի, թե ովքեր եւ ինչպես են սատարում Ռոբերտ Քոչարյանին: Թող բոլորը տեսնեն, թե ում հույսին է մնացել Ռոբերտ Քոչարյանը: Թող բոլորը տեսնեն, որ ամիսներ առաջ իրեն՝ Հայաստանում քաղաքական կոնսոլիդացիայի կենտրոն հռչակած Քոչարյանի հույսն այսօր քաղաքականապես տարօրինակ վարքի տեր անձինք են մնացել. մի քանի անհավասարակշիռ քաղաքական գործիչ, մի քանի ժամկետանց գործիչ, մի քանի անհայտ անձ, որոնց քաղաքական կշիռն ու ազդեցությունը միասին վերցրած ավելի քիչ է, քան ոչ անհայտ Տիգրան Կարապետիչի վարկը: Քոչարյանի կողմնակիցները նույնիսկ չեն հասկանում, թե ինչ լավ նվեր մատուցեցին այսօրվա իշխանություններին՝ իրենց այդ, մեղմ ասած, տարօրինակ ցույցով: Եթե սա է քաղաքական կոնսոլիդացիայի կենտրոնը, եթե սա է կոնսոլիդացիայի մասին Ռոբերտ Քոչարյանի պատկերացումը, եւ եթե այդ կոնսոլիդացիան պետք է տեղի ունենա այս ձեւով, ապա իշխանություններն էլ ի՞նչ մտածելու բան ունեն: Որովհետեւ սա ոչ միայն կոնսոլիդացիա չէ, սա անգամ կոնսոլիդացիայի ծաղր էլ չէ: Ու եթե Քոչարյանը չի հասկանում, որ թույլ տալով՝ այս մարդիկ այսօր «սատարեն» իրեն, ինքն իրեն է վնասում, ապա միայն կարելի է զարմանալ քաղաքական մեծ հայտ ներկայացրած անձի քաղաքական անհեռատեսության վրա:

Իսկ սա միայն մեծ նվեր է ոչ միայն իշխանություններին, այլեւ՝ ամբողջ հասարակությանը: Այնպես որ, շարունակեք, պարոնա՛յք:

Ազատ Համբարձումյան