13.12.2018 14:05

Հանրայինի լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենն ազատման դիմում է գրել

Հանրայինի լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրենն ազատման դիմում է գրել

Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թեւոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Այս մասին Թեւոսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Ի հակառակ ընկերներիցս շատերի վստահեցման, թե խնդիրը չափազանցնում եմ, ինքս չկարողացա հաղթահարել ներքին էթիկական նյուանսները:

Միշտ համոզված եմ եղել, որ քաղաքական ուժի հարող մարդն արդեն իսկ սուբյեկտիվ է որպես լրագրող, անկախ իր մարդկային հատկանիշներից, ու որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայությունը նման տնօրեն ունենալու շռայլություն իրեն չի կարող թույլ տալ Նոր Հայաստանում: Ու եթե խորհրդարան չանցնեի էլ (դեռ փաստացի չեմ էլ անցել), դիմում գրելու էի, այսպես թե այնպես: Հիմա էլ նույն էթիկական դրդապատճառով որոշեցի վաղաժամ դադարեցնել պարտականություններս»,-գրել է նա:

Վահագն Թեւոսյանը նշել է, որ Հանրային հեռուստաընկերությունում նույնիսկ այսքան կարճ ժամանակ աշխատելն իր համար մարտահրավեր էր, որը շատ բան սովորեցրեց, շատ բան փոխեց իր մեջ: «Առնվազն, թե որքան մակերեսային ենք մենք շատերս պատկերացնում որոշ բաներ, թե որքան տարբեր են երբեմն լինում դրսից ու ներսից երեւացող իրականությունները, որքան հետաքրքիր, բայց միեւնույն ժամանակ ծանր է հեռուստատեսային մենեջերի աշխատանքը՝ ամենօրյա աննկարագրելի դժվարությունների առատությամբ:

Սրտանց շնորհակալությունս եմ ուզում հայտնել Լուրերի իմ գործընկերներին, Հանրային հեռուստաընկերության ամբողջ անձնակազմին՝ այդ թվում տնօրենների խորհրդին, գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի գլխավորությամբ՝ համատեղ ծանր ճանապարհ անցնելու համար:

Ու մի բան էլ: Այս լուրը իմ անձնակազմից շատերի համար անակնկալ է լինելու: Ուստի ներողություն եմ խնդրում, որ այսպես եմ ձեզ տեղկացնում սույնի մասին, որովհետև առիթ եք տվել համոզվելու, որ դուք երբեմն ինձնից համառ եք գտնվում ու կարողանում եք ինձ համոզել հակառակը: Այսպիսով փորձում եմ խուսափել ձեր՝ այդքան ինձ սիրելի դարձած ազդեցությունից:

Քայլ հաջորդ»,- գրել է Թեւոսյանը: