14.12.2018 12:42

Հաստատվել է Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը

Հաստատվել է Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի թեկնածությունը

Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում: Տեղեկությունը «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից: Ավելի վաղ դեսպան Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:

Նախորդ շաբաթ անցած լսումների ընթացքում դեսպանը, պատասխանելով սենատորներ Էդ Մարքիի եւ Բոբ Մենենդեզի հարցերին, ընդգծել էր, որ անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ ընդլայնել հարաբերությունները բոլոր մակարդակներով.

«Հայաստանում մեր քաղաքականության նպատակը մնում է անփոփոխ՝ անկախ, ժողովրդավար եւ բարգավաճող Հայաստանի ամրապնդումը, որը խաղաղության մեջ է ապրում իր հարեւանների հետ: Եվ մենք կրկին հաստատում ենք մեր նվիրվածությունը ինքնիշխան Հայաստանին, որն ազատ է ընտրելու սեփական գործընկերներին»:

Թրեյսիի խոսքով, Միացյալ Նահանգները պետք է կենտրոնացնի Հայաստանին տրամադրվող աջակցությունը երեք ուղղություններով. կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակության ամրապնդում եւ անկախ լրատվամիջոցների աջակցություն: