14.12.2018 12:53

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը շնորհավորական հեռագիր է հղել Փաշինյանին

 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը շնորհավորական հեռագիր է հղել Փաշինյանին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը շնորհավորական հեռագիր է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

«Թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ընտրական գործընթացի կազմակերպման բարձր մակարդակը, քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում քաղաքական ուժերի դրսևորած պատասխանատվության զգացումը վկայում են ժողովրդավարության իդեալներին Հայաստանի ժողովրդի հանձնառության մասին:

Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքին ընտրողների ցուցաբերած անվերապահ աջակցությունը համոզիչ ապացույցն է այն վստահության, որ վայելում է Հայաստանում Ձեր հայտարարած բարեփոխումների ուղղությունը ու նաև ապացույցն է դրանց իրագործմանն ակտիվ մասնակցելու այն պատրաստակամության, որ ունի Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը: Համոզված ենք, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի ակտիվ աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համակողմանի ամրապնդմանն աջակցելու, ՀԱՊԿ անդամ պետությունների միջև իրական դաշնակցային հարաբերությունները պահպանելու ուղղությամբ»,- գրել է Սեմերիկովը՝ հավելելով. «ընդունեք լավագույն բարեմաղթանքներս: Մաղթում եմ Ձեր պատասխանատու աշխատանքում մեծ հաջողություններ, քաջառողջություն և անձնական երջանկություն»: