14.12.2018 13:04

Արսեն Գրիգորյան. Հաջորդ ընտրություններին սպասելիս

Արսեն Գրիգորյան. Հաջորդ ընտրություններին սպասելիս

Հայաստանի գլխավոր փորձությունը հաջորդ ընտրություններն են: Որովհետեւ այս ընտրությունները չեն ապացուցում, թե մենք ի վիճակի ենք ժողովրդավարական ընտրությունների: «Հունան Պողոսյանը» դեռ ժողովրդավարական ձվից դուրս չի եկել: Նա պարզապես հեռացել է ավտորիտար «ձվից»:

Այսինքն՝ նա գիտի, թե ինչպես են հրահանգում, գիտի կազմակերպել ընտրակեղծիքները, գիտի կոորդինացնել հանցաշխարհին՝ հանուն իշխանության պահպանման: Այս ընտրություններում ոչ մի կեղծարար իր դիրքերը չի զիջել: Նա պարզապես մտել է իր բունը: Նա կոնսերվացվել է: Սպասում է իր «երկրորդ ծնունդին»: Այսինքն՝ հաջորդ ընտրությունները նոր մեզ կասեն, թե ինչ ընտրություններ տեղի ունեցան այս տարվա դեկտեմբերի 9-ին:

Գրականության մեջ միայն երկրորդ ընթերցումից է սկսվում գրքի իմաստավորումը: Այդպես էլ պետական համակարգի կայացումն է: Այս ընտրություններն իմաստավորված չեն: Պարզապես իշխանությունն այն կեղծելու կարիք չուներ: Այս ընտրությունները Հայաստանին հանձնարարված դասագիրք էին, որը սերտվեց: Հաջորդին յուրաքանչյուր քաղաքացի կասի, թե ինչքանով էր դասագիրքը վերաբերում իրեն: Նշանակում է՝ այդ ընթացքում իշխանությունը չպետք է կառավարի դափնիների վրա նստած: Աշխարհի չեմպիոն ծանրորդը չի կարող աշխարհի հաջորդ առաջնությանը ներկայանալ առանց մարզվելու եւ հուսալ, որ երկրորդ անգամ կկրկնի իր նվաճումը: Ինքը՝ ժողովուրդը, իմաստավորման քայլ անելու կարիք չունի:

Ընտրությունները նույնիսկ ընտրական օրենսգիրք չեն ուզում, եթե շատ ցինիկ եւ ուղիղ ձեւակերպենք: Ընտրությունները ժողովրդավարական եւ հակաժողովրդավարական են լինում սոսկ քաղաքական կամքով: Հեղափոխության իշխանությանն այդ քաղաքական կամքը տվեց հենց հեղափոխությունը, չկար մեկը, որը ընտրություններում հաղթելու հավելյալ գործիքների կարիք ուներ: Բայց նոր ընտրությունները պակաս խոցելի դարձնելու համար, դիցուք, պետք է ռեյտինգային ընտրակարգը վերացվի: Սա հայտնի պահանջ է, եւ իշխանությունն այստեղ ունի բավարար քաղաքական կամք:

Սակայն խնդիրն այն է, որ գործող Ընտրական օրենսգիրքը քննություն բռնեց վերջին ընտրություններում: Եվ ցանկացած ընտրական օրենսգիրք եւ ցանկացած Տիգրան Մուկուչյան քննություն կբռներ ցանկացած երկրի ցանկացած ընտրություններում, եթե կա զուտ ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք: Կա վտանգ, որ իշխանությունը, որը հաջորդ ընտրություններում հաստատ այսօրվա հեղինակությունը չի ունենա՝ անկախ կառավարման լավ որակներից եւ տնտեսական հաջողություններից, հենց ռեյտինգային ընտրակարգի կարիք կունենա: Չէ՞ որ իշխանություն պահպանելու գայթակղության դեմ աշխարհում ոչ մի ղեկավար հաջող քննություն չի հանձնել: Կառավարման խորհրդարանական համակարգը ընդհանրապես է ազատում իշխող կուսակցությունների ձեռքը՝ անսահմանափակ ժամկետներով պահպանելու իշխանությունը: Կուսակցությունների կառավարման ժամկետների վրա, իսկապես, սահմանափակում չես դնի: Եվ որպեսզի կարողանան իշխանություն պահել (բնական գայթակղություն), ռեյտինգային ընտրակարգն ամենահարմարն է: Չէ՞ որ այն, ի վերջո, տեղական նշանակության հեղինակությունների մասնակցությունն է կենտրոնացված իշխանության պահպանման գործին, նրանք մարզերում զբաղվում են քվե հավաքելով, ու յուրաքանչյուրը գիտի, թե ում է պետք այդ քվեն:

Ռեյտինգային ընտրակարգը հնարվել է հենց «հեղինակություններին» առաջ բրդելու համար։ Այդ ընտրակարգը «հեղինակություն» սիրող ընտրակարգ է, եւ այն երբեք թույլ չի տա «մեռնել» այդ հեղինակություններին: Այս ընտրություններում, որպես վտանգավոր ընտրակարգ, ռեյտինգայինը «պլստաց» Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակության շնորհիվ, այն իր վատ կողմերը պարտակեց այդ մարդու հեղինակության մեջ: Այսինքն՝ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներին ուղղված ձայները հիմնականում Փաշինյանին էին։ Հաջորդ ընտրություններում ռեյտինգային ընտրակարգը, եթե պահպանվի, կդրսեւորվի 2017-ի խորհրդարանական ընտրությունների անպատկառությամբ՝ երբ քվեները տրվում են ոչ թե քաղաքական մտքին, այլ՝ «արած գործին»։