17.12.2018 16:26

Լիզա Ճաղարյան. Գլխավոր մեղադրյալի «ասֆալտը» ու Մարդը

Լիզա Ճաղարյան. Գլխավոր մեղադրյալի «ասֆալտը» ու Մարդը

Իր իշխանավարության տարիները համեստորեն շատ բարձր գնահատող Ռոբերտ Քոչարյանը, վստահ եմ, անկեղծորե՛ն է վիրավորված՝ մինչեւ հոգու խորքը, որ իր նման «ընտիր նախագահի» նկատմամբ ահա՛ այսպես ուտող-ուրացող դուրս եկան Հայաստանի քաղաքացիները։ ...Բա ասֆալտը, բա Հյուսիսային պողոտան, բա էն ժապավենները, որ ինքն էր շաբաթական մեկ անգամ մկրատում։

Եթե Ստալինը չսատակեր մինչեւ իր արժանի պատիժը, եւ ինչ-որ հրաշքով ժողովուրդը թոթափեր իրեն պատած կենդանական սարսափն ու ճշմարտությունը շրխկացներ այդ արյունարբուի դեմքին, «ժողովուրդների հայրը» տեղում կմնար սովետական երջանիկ ժողովրդի չլսված-չտեսնված երախտամոռության անսպասելի եւ դաժան հարվածից։ Բայց չէ՞ որ ինքը՝ Իոսիֆ Վիսարիոնովիչը, միլիոնավոր մարդկանց գնդակահարել ու սիբիրներ է քշել միմիա՛յն հանուն սովետական ազատ աշխարհի հզորացման։

Եթե Հիտլերն ատրճանակը չդներ սեփական քունքին, այլ կանգներ Հաագայի դատարանի առաջ, ընկնավորության նոպայից շունչը կփչեր հենց դատարանի դահլիճում։ Ինքն ախր վեց միլիոն հրեա է կոտորել, հողագնդի կեսը արյամբ է շաղախել հանուն իր պաշտելի Գերմանիայի աշխարհասփյուռ փառքի։

Բռնակալի համար մարդը զրո է, մժղուկ։ Խոչընդոտու՞մ է իր «վագրային թռիչքներին», ուրեմն պետք է կոխկռճել սմբակներով ու առանց հետ նայելու սլանալ առաջ։ Հենց այս մտայնությունից է սնվում սրանց արնախումությունը։ Քոչարյանի մտքով անցել էր Հյուսիսային պողոտա կառուցել, պետք է կառուցեր ցանկացած գնով։ Թքա՛ծ, որ նրա կամակատարները ենիչերիների պես ներխուժեցին այդ թաղամասի հնաբնակների տները եւ անպետք լաթերի պես փողոց շպրտեցին մարդկանց, երիցս թքած, թե քանի-քանիսի սիրտը պարզապես չդիմացավ։ Հենց այդպես. մարդիկ վշտից ու անզորությունից մեռան կամ «լավագույն» դեպքում՝ մի քանի հիվանդություն վաստակեցին։

Հիտլերն ի՞նչ էր ասել. «Հիմա ո՞վ է հիշում 1915-ին հայերի կոտորածի մասին»։ Բարեբախտաբար, Հիտլերը սխալվեց՝ Ցեղասպանությունը չի մոռացվել։ Իսկ ա՛յ Հյուսիսային պողոտայում ուրախ-զվարթ, անհոգ զբոսնողներից քչերն են հիշում այն ընտանիքներին, որոնց համար այդ պողոտա կոչեցյալն անզորության ու նվաստացման ճանապարհ էր, ընտանիքների քայքայման սկիզբ էր, արցունքի հեղեղի ու սրտի կաթվածի պատճառ էր։ «Պետական գերակա շահի» հարվածից գետնին տապալվածներին հարցրեք. նրանք չեն մոռացել Հյուսիսային պողոտայի չարագուժությունը ու երբեք չեն մոռանա։

Քոչարյանը, նրա մերձավորներն ու հատուկենտ համակիրները չեն հասկանում ու չեն հասկանա, թե ոնց պատահեց, որ Հայաստանը չգնահատեց Քոչարյանի ասֆալտն ու Հանրապետության հրապարակի «խալիչան»։ Չեն հասկանա։ Որովհետեւ, այսպիսի «հրաշագործությունների» պայծառ համայնապատկերին մե՞ծ բան է, որ ոմն Պողոս Պողոսյան սպանվեց «Առագաստ» սրճարանում։ Բա էդ «ամբարտավանին» չսատկացնեի՞ն, որ այլեւս որեւէ մեկի մտքով չանցներ մեծն «շինարար» Ռոբերտ Սեդրակիչի առաջ չորստակ ծալվելուց բացի՝ այլ բան մտքով անցկացնել։

Բա Հայաստանի «միակ տղամարդու» հրամանով Երեւանի Կենտրոնում տասը հոգու չգնդակահարեի՞ն, որ այլեւս ոչ մեկը չհամարձակվեր Քոչարյանի «հոգատար» ջանքերով կառուցված հանցաբուրգը տատանել։

Իրավիճա՛կն է փոխվել, եւ միայն դա է պատճառը, որ Քոչարյանը հիմա կտրականապես հերքում է, թե ինքն է հրահանգել կրակել ցուցարարների վրա։ Որեւէ մեկը կասկածու՞մ է, որ մինչ օրս Հայաստանի վզին բազմած լինելու պարագայում Քոչարյանը ոչ միայն չէր հերքելու, որ Մարտի 1-ի գլխավոր դահիճը հենց ինքն է եղել, այլեւ հպարտանալու էր իր քաջագործությամբ, եւ ինչպես Պողոս Պողոսյանի մահից հետո էր հոխորտացել դահճի սառնասրտությամբ. «Եթե կենդանի լիներ, մի քանի բան կասեի նրան», նույնն էլ ասելու էր Մարտի 1-ի անմեղ զոհերի պարագայում։  

Ես չեմ կասկածում։

Հիմա «միակ տղամարդը» փորձում է սպանությունների պատասխանատվությունը բարդել նախկին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի ուսերին, եւ նման անհեթեթ նենգությամբ գլուխն ազատելու անճոռնի ու ծիծաղելի ճիգերն ընդամենը հուշում են՝ «վոյինը» վախեցած է, «վոյինը» գիտակցում է, որ իրավիճակն իրոք փոխվել է, եւ, «ո՜վ սարսափ», վերադարձել ենք կրկին այն հանգրվանին, երբ մարդու կյանքն սկսել է ասֆալտից թանկ արժենալ։

Գլխավոր մեղադրյալն ու իր մերձավորներն, իհարկե, չեն հասկանում ու չեն հասկանա, թե ոնց է հնարավոր, որ մարդու կյանքն ասֆալտից թանկ արժենա, բայց ուզեն, թե չուզեն՝ ստիպված են համակերպվել նոր իրավիճակին, ստիպված են իրենց կատարած ոճիրներն այլոց վզին փաթաթելու ստոր ուղին բռնել՝ սեփական կաշին փրկելու բնազդային ձգտումով։ Առանց մեղքի գիտակցման նշույլի։