17.12.2018 20:23

Դեկտեմբերի 9-ի ընտրությունների ամենակարևոր արդյունքը

Դեկտեմբերի 9-ի ընտրությունների ամենակարևոր արդյունքը

Դիտավորությամբ, թե տարերայնորեն փորձ է արվում հանրությանը պարտադրել այն կարծիքը, թե իբր` ժողովուրդն ընտրությունը կատարել է ոչ թե գաղափարախոսությունների ու ծրագրերի, այլ ամենազոր անհատի և մեկ տասնյակ լուսանցքային քաղաքական ուժերի միջև: Սա միանգամայն խաբուսիկ տպավորություն է, որովհետև իրականում ժողովուրդն այս ընտրություններում դրսևորեց բացառիկ իմաստնություն, գիտակցաբար թե ենթագիտակցաբար առաջնորդվելով երկու սկզբունքային նկատառումներով` գաղափարական և բարոյական:

Գաղափարական նկատառումով` քվեարկության մասնակիցների 95.30 տոկոսը կտրականապես մերժեց Նժդեհականությունը (ՀՀԿ), 96.12 տոկոսը` Հայդատականությունը (ՀՅԴ), 98.18 տոկոսը` Ահաբեկչությունը (ՍԾ): Իսկ բարոյական նկատառումով՝ նույնքան կտրականապես քվեարկողների 91.64 տոկոսը մերժեց Փառատենչությունը (ԲՀԿ), 93.63 տոկոսը` Փարիսեցիությունը (ԼՀԿ), 99.01 տոկոսը` Սողունությունը (ՕԵԿ):

Ավելի պերճախոս սոցիոլոգիական հարցում դժվար էր պատկերացնել: Եթե նշված հավակնորդների փոխարեն ժողովուրդը նախապատվությունը տվեց ոչ թե մի այլ գաղափարախոսության կամ բարոյական արժեքի, այլ թեկուզ սոսկ անհատի, դա ամենևին չի վերացնում նրանց մերժվածության փաստը:

Ինչևիցե, ժողովրդի անվերապահ վստահությունը վայելող քաղաքական ուժը` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս պահին տիրապետում է հիանալի հնարավորության` պետականության ամրապնդման և ազգային ծրագրերի իրականացման անհետաձգելի գործը վճռականորեն իրատեսության հիմքերի վրա դնելու համար: Ազգի բոլոր առողջ ուժերի պարտքն է այս բախտորոշ պահին մենակ չթողնել Հայաստանի նոր իշխանություններին և ամեն ինչով աջակցել նրան` այդ գործն իր տրամաբանական ավարտին հասցնելու շահագրգռությամբ:

 

Վարդան Հակոբյան