18.12.2018 13:04

Արսեն Գրիգորյան. Հանգստացեք, պարոն Ալումյան

Արսեն Գրիգորյան. Հանգստացեք, պարոն Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը երեկ անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Նիկոլ Փաշինյանին վիրավորելու փաստին: Նա «ցավ է ապրել» Բելառուսի նախագահի արտահայտություններից եւ դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարին. «Դուք նկատե՞լ եք, որ այդ նույն բառապաշարն եք ինքներդ օգտագործում ձեր ժողովրդի մի զգալի մասի նկատմամբ»:

Փաստաբանը կարծես թե արժանապատվության զրույց է բացում: Այսինքն, զգուշորեն խուսափում է քաղաքական ձեւակերպումներից: Բայց ինչու՞ Հայկ Ալումյանը, եւ ոչ թե մեկ այլ փաստաբան: Որովհետեւ նրա հաճախորդը քրեական հետապնդման տակ է: Նրա հաճախորդը մեղադրվում է արարքների համար, որոնք հանգեցրել են 10 մարդու մահվան: Հիմա, եթե Լուկաշենկոն վիրավորում է Հայաստանի փաստացի ղեկավարին, դրանից Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը մաքրվու՞մ է: Եվ մեր ի՞նչ գործն է, թե ինչ բառապաշար է օգտագործում Ալեքսանդր Լուկաշենկոն: Նախ՝ նա բռնապետ է եւ խոսում է այնպես, ինչպես ուզում է: Եվ ում հանդեպ ուզում է, այդպես էլ խոսում է: Երկրորդ, մենք ունենք վստահություն, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նրան կպատասխանի: Մենք նույնիսկ կարծես թե լիազորել ենք նրան պատասխանել փաստերի եւ զգացմունքների ամբողջ ծավալով:

Եթե Լուկաշենկոն, հանձին Փաշինյանի՝ վիրավորել է ՀՀ քաղաքացուն, ՀՀ քաղաքացին գիտի, որ Լուկաշենկոյի «զոհը» անզեն մեկը չէ, նրա թիկունքում քաղաքականապես եւ ժողովրդավարական առումով առողջ ժողովուրդ է կանգնած: Լուկաշենկոն վրիպել է, նախ, իր բառապաշարում: Լուկաշենկոյի ոչ մի արտահայտությունը Ռոբերտ Քոչարյանին իրավացի չի դարձնում: Եթե Բատկան կատաղել է, նա կատաղել է վարչապետի պաշտոնակատարի հենց այն վարքից, որը հնազանդություն չի ենթադրում: Եթե Բատկայի արտահայտություններում քաղաքական ենթատեքստ կա, մենք անհանգստանալու բան չունենք, որովհետեւ, մեծ հաշվով՝ դրանից Ադրբեջանին վաճառվող զենքի մասին մեր վարչապետի պաշտոնակատարի փաստարկները չեն մթագնում:

Մենք, կարծես թե, մտածելու բան էլ չունենք: Լուկաշենկոն հազիվ թե մեզ պատերազմ հայտարարելու այլ եղանակ մտածի, քան շարունակի «Պոլոնեզների» վաճառքն Ադրբեջանին, որն առանց պատերազմ հայտարարելու էլ անում է: Ինչու՞ է պարոն Ալումյանը ոգեւորվել Ալեքսանդր Լուկաշենկոյի անկեղծությունից: Նա Փաշինյանին չի պատասխանել վերջինիս բառապաշարով, դա իր ոճն է, Բատկան նույնիսկ քաղաքական ասելիքի մեջ շրջանցում է ակադեմիական դիվանագիտության եզրերը, նա էմոցիոնալ է, կարող է խմելիս բաժակը խփել գետնին, նրա ոճը պետք է ընդունել ի գիտություն, այսօր Փաշինյանի մասին է այդպես խոսում, վաղը մեկ ուրիշի մասին կխոսի, հաջորդ օրը գուցե սեր էլ խոստովանի, եթե նրա մեջ ճանաչի մի փոքրիկ համախոհի, ասենք, ընդդեմ Ռուսաստանի: Ամեն ինչ հնարավոր է:

Հայ փաստաբանն ինչու՞ է ոգեւորվում Բելառուսի նախագահի վիրավորանքներից: Մի՞թե այդ վիրավորանքներն այն մասին, են, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է հանիրավի, մի՞թե Լուկաշենկոն իր ոճի մեջ պահանջում է ազատ արձակել այդ մարդուն կամ դադարեցնել քրեական հետապնդումը: Եթե նույնիսկ չի հաշտվում էն մտքի հետ, որ իր երբեմնի կոլեգան նստած է, առայժմ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, չի անհանգստացնում վիրավորանքների նոր չափաբաժնով: Նա գիտի ուղիղ խոսել եւ եթե որոշի հանդես գալ որպես հետապնդվողի «շահերի ներկայացուցիչ», կասի ամենաուղիղ ձեւով: Բատկան փակագծերով չի խոսում: Ինչպես Քոչարյանը փակագծերով չի սպանել Պողոս Պողոսյանին, եթերազրկել Ա1+-ը, կեղծել համապետական մի շարք ընտրություններ, որոնց «պսակը» 2008-ի փետրվարի 19-ն էր, որը հանգեցրեց մարտի 1-ին:

Հանգստացեք, պարոն Ալումյան, Լուկաշենկոն դեռ չի ասել մի բան, որը կերկպառակի Հայաստանի ժողովրդին: