19.12.2018 10:58

Թրամփ. Մեքսիկայի սահմանային պատը գեղեցիկ կլինի, «գեղարվեստական ձևավորումով»

Թրամփ. Մեքսիկայի սահմանային պատը գեղեցիկ կլինի, «գեղարվեստական ձևավորումով»

Այն պատը, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, որպեսզի խոչընդոտի անօրինական միգրանտների թափանցումը Միացյալ Նահանգների տարածք,  պողպատյա ձողերից կազմված գեղեցիկ և «գեղարվեստորեն ձևավորված» կառույց է լինելու: Այդ մասին Թրամփն այսօր գրառում է կատարել Twitter-ում:

«Դեմոկրատները բարձրաձայն և հստակ հայտարարում են, թե չեն ուզում բետոնե պատ կառուցել: Բայց մենք բետոնե պատ չենք կառուցում, մենք գեղարվեստորեն ձևավորված մի կառույց ենք կառուցում պողպատյա ձողերով,  որոնց միջով կարելի է շատ լավ տեսնել: Այն շատ գեղեցիկ կլինի և, միևնույն ժամանակ, մեր երկրին անվտանգություն կհաղորդի, ինչին արժանի են մեր քաղաքացիները»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Ավելի վաղ Թրամփի առանցքային խորհրդականներից Սթիվեն Միլլերը CBS  հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե նախագահն ամեն ինչի պատրաստ է, այդ թվում՝ մասնակի դադարեցնելու կառավարության աշխատանքը՝ ամերիկա-մեքսիական սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահովելու համար: Պետության ղեկավարը Կոնգրեսից 5 մլրդ դոլար է պահանջել պատի շինարարության համար, սակայն դեմոկրատները նման խոշոր գումարին դեմ են և համաձայն են տրամադրել ընդամենը 1,3 մլրդ:

Փոխանցում է tass.ru-ն: