19.12.2018 11:27

Թրամփի նախկին խորհրդական Ֆլինի դատավճիռը հետաձգվել է

Թրամփի նախկին խորհրդական Ֆլինի դատավճիռը հետաձգվել է

Կոլումբիայի շրջանային դատարանը հետաձգել է Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի դատավճռի արձակումը, որպեսզի նա ավարտի ցուցմունքներ տալ հետաքննությանը:

Դատավորը համաձայնել է դատավճիռը հետաձգել և Ֆլինին ևս երեք ամիս ժամանակ է տվել՝ ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ գործով հետաքննության հետ համագործակցելու համար:

Ֆլինը պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ է, նա Թրամփի աշխատակզմում նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականն է: Նա դեռ մեկ տարի առաջ է խոստովանել, որ ստել է ՀԴԲ գործակալներին, և սկսել է համագործակցել  հետաքննության հետ:

Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակը դատավորին ուղղված միջնորդության մեջ այնքան բարձր է գնահատել նրա  համագործակցությունը, որ առաջարկել է Ֆլինին կալանքի չդատապարտել:

Ֆլինը Ռուսաստանի դեսպանին համոզել է, որ 2016 թ. վերջին սահմանված պատժամիջոցներին պետք չէ արձագանքել: Ֆլինին դատում են նրա համար, որ նա այդ փաստը թաքցրել է ՀԴԲ –ից:

Փոխանցում է BBC-ն: