19.12.2018 14:00

ԱԳՆ. Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ

ԱԳՆ. Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի պատասխանը՝ Միլանում ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկար ժամանակ անց առաջին անգամ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

«Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։

Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,- ԱԳՆ փոխանցմամբ հայտարարել է խոսնակը: