19.12.2018 16:43

Արգենտինայի նախագահը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Վենեսուելայից միգրանտների հոսքի դեմ

Արգենտինայի նախագահը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Վենեսուելայից միգրանտների հոսքի դեմ

Հարավամերիկյան ընդհանուր շուկայի երկրները պետք է շտապ միջոցներ ձեռք առնեն՝ տարածաշրջանում մարդասիրական ճգնաժամը կարգավորելու համար, ինչն առաջացել է Վենեսուելայից զանգվածային միգրացիայի պատճառով: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Ուրուգվայի մայրաքաղաքում ընթացող դաշինքի գագաթնաժողովում Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին:

Մակրիի խոսքով՝ Վենեսուելայի իշխանությունները «կեղծ ընտրություններ են անցկացրել և ոչնչացրել են դեմոկրատիան» երկրում: «Մենք պետք է շարունակենք և համակարգված ձևով հասնենք քաղբանտարկյալների ազատ արձակմանը, մարդու իրավունքների հարգանքին և ժողովրդավարության վերականգնմանը Վենեսուելայում»,- հավելել է նա:

2016 թ. դեկտեմբերին Հարավամերիկյան ընդհանուր շուկայի երկրները՝ Արգենտինա, Պարագվայ, Բրազիլիա և Ուրուգվայ, որոշում են կայացրել դադարեցնել Վենեսուելայի անդամակցությունը դաշինքին՝ միավորմանն անդամակցելիս Կարակասի ստանձնած պարտավորությունները չկատարելու համար: Խոսքը, մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ պայմանագրի և այլ փաստաթղթերի վավերացման մասին է, որոնք կարգավորում են հարաբերությունները Հարավային Ամերիկայի խոշորագույն առևտրատնտեսական միավորման ներսում:

Փոխանցում է tass.ru-ն: