19.12.2018 16:27

Լիզա Ճաղարյան. Ում հույսին է մնացել «միակ տղամարդը»

Լիզա Ճաղարյան. Ում հույսին է մնացել «միակ տղամարդը»

Չթաքցնեմ. երկու հատված եմ կարդացել գլխավոր մեղադրյալի ինքնաձոնից։ Նորօրյա վիպասանն անթաքույց «համեստությամբ» ծեփել է «միակ տղամարդու» արեւաճաճանչափայլ «կոթողը», ու վստահ եմ՝ ձեռքը չի դողացել։

Ոչ մի սթափ մտածող մարդ չի էլ ակնկալում, որ Քոչարյանի ձեռքը կարող էր դողալ ինքնամեծարման տողերը շարելիս։ Արդեն մեկ անգամ գրել եմ, որ «վոյինը», ըստ իս, հենց այդպես էլ կարծում է՝ ինքը ոչ մի հանցանք չի գործել, ինքն անքննելի է, սպանվողներն արժանի պատիժ են ստացել, եւ իր բռնակալական «տաղանդի» շնորհիվ է, որ Հայաստանն ու Արցախը դեռ կան։

Ահա այս «հերոսը» հիմա բանտում է եւ մարզումների միջակայքերում հավանաբար նոր գրքի մասին է մտմտում՝ ինքնասիրահարված Նարկիսոսի գրկում օրորվելով։

Իսկ այստեղ՝ դրսում կյանքն այլ արահետով է ընթանում։ Հասարակության մեծամասնությունն անչափ գոհ է, որ վերջապես Քոչարյանը բանտախցում մեկուսացված է, այն նույն բանտախցերից մեկում է, որտեղ իր իշխանության շրջանում տարիներ շարունակ փակված էին Հայաստանի այն քաղաքացիները, որոնց միակ «հանցանքն» այս նույն արեւաճաճանչափայլի իշխանությամբ չհիանալն ու դրա մասին բարձրաձայնելն էր։ Եվ, ի դեպ, այդ խոշտանգված, դաժանորեն ծեծված մարդկանցից շատ-շատերին նույնպիսի հոգատարությամբ, ինչպես հիմա՝ Քոչարյանին, չէին այցելում ՄԻՊ-ի աշխատակիցներն ու հասարակությանը պատմում, թե ինչ պայմաններում են եւ ինչպիսի «հաճելի» խցակիցների ընկերակցությամբ են տանջալի օրերը մթնեցնում այդ մարդիկ։

Բայց վերադառնանք ինքնասիրահարվածին։ Ովքե՞ր են այս կատարելության պաշտպանները։ Մեկը ոչ անհայտ Հարությունյան Արամն է («Ազգային համաձայնություն»), որը հասարակությանը հայտնի է իր անզուգական հոտառությամբ. Քաղաքական խառն իրավիճակում փողի հոտն անմիջապես խփում է սրա քթին, ու հայտնվում է «նուռ» Արամն ու սկսում հոտոտել. դե, ինչ կտան՝ կտան։

Մյուսը «դեմոկրատ» Արամ Սարգսյանն է։ Սա էլ է իր գոյության մասին հիշեցնում իր անվանակցի ռեժիմով, իսկ թե մնացած օրերին ինքն ով է եւ ինչով է զբաղվում, գիտի միայն դեմոկրատական մղումներով բռնակալի պաշտպանությունն իր վտիտ ուսերին առած այս վաղուց ի վեր մարած քարտը։

Հասանք «ծիրան» Զարուհի Փոստանջյանին։ Սա ծանր դեպք է։ Հասարակությունը տարիներ շարունակ տեսել է նրան փողոցներում, ընտրատեղամասերում, լսել է այս նույն Քոչարյանի հասցեին նրա «անշահախնդիր» քննադատությունը, որոշ միամիտներ նույնիսկ հիացական խոսքեր են ասել քաջարի տիկնոջ հասցեին, եւ մի օր էլ, երբ անխոնջ տիկինը գիտակցեց, որ իր աստեղային ժամն էլ ավարտվեց, ինքն էլ ծվարեց Քոչարյանի թեւի տակ։ Ցավակցում եմ նրանց, ովքեր հիացած էին Զարուհու «անձնազոհ» կերպարով։ Ես երբեք այդ մարդկանց շարքում չեմ եղել եւ ոչ մի հոգեկան ցնցում չեմ ապրել Զարուհու «կերպարանափոխությունից»։ Փոստանջյան Զարուհին չի կերպարանափոխվել, ընդամենն այժմ շատ անկեղծ է, որովհետեւ այլեւս սպասելիք չունի «ապերախտ» հասարակությունից։

Քոչարյանի համար «ոտքի ելածներից» թվարկեցի ամենանշանավորներին։ Երեւի դժվար չէ պատկերացնել չթվարկվածների որակն ու մակարդակը։ Չեմ կարծում, թե հասցրել եք մոռանալ ի պաշտպանություն Քոչարյանի «հուժկու» բողոքի ցույցի կազմակերպչի լուսեղեն արտացոլանքը։

Միայն թե չասեք՝ դե՛ վախենում են։ Եթե Քոչարյանի պաշտպանները վախից սսկված են, ուրեմն իրենք էլ են հանցագործ ու վախենում են արդար պատժից, եւ առհասարակ՝ վախկոտների պաշտպաններն են վախկոտ լինում։

Ի դեպ, բռնակալ Քոչարյանի եւ նրա արժանի ժառանգորդ Սերժիկ Սարգսյանի հանցագործ իշխանության դեմ տարիներ շարունակ հազար-հազարավոր պայքարողները չէին վախենում։ Ո՛չ ծեծուջարդից, ո՛չ խոշտանգումներից, ո՛չ բանտախցում հայտնվելու հեռանկարից, ո՛չ բանտախցում փակվելուց հետո եւ ոչ էլ բանտից դուրս գալուց հետո։

Ահա այսպես. ինչ ցանել է, դա էլ հնձում է գլխավոր ամբաստանյալը։

Չեմ ցավակցում։

Ինչի արժանի է՝ դա էլ վաստակել է։