20.12.2018 17:37

Մհեր Արշակյան. Ընդդիմություն լինելու վախը

Մհեր Արշակյան. Ընդդիմություն լինելու վախը

Հայաստանին սպասվում է ընդդիմության սով։ Պատճառը միայն այն չէ, որ դաշտում գործող քաղաքական ուժերից ոչ մեկը նոր պայմանների ընդդիմադիր լեզվին չի տիրապետում, այլ այն, որ նույնքան «անձեռագիր» է իշխանությունը։ Բայց դա նոր իշխանության մեղքը չէ։

Ինքը պարզապես նոր է։ Ինքը դեռ նոր է ազատվում հեղափոխականության ծիրանիից։ Ինքը դեռ երկիրը մաքրում է աղբից, որը նրանից քաղաքական լուրջ ձեռագիր չի պահանջում, ինքը դեռ իրենը չի առաջարկում։ Ընդդիմության պարագան այլ է։ Ընդդիմությունը պետք է առաջարկի։ Իսկ ի՞նչ պիտի առաջարկի, երբ առերեւույթ «ոչինչ» տեղի չի ունենում, երբ նույնիսկ խորհրդարանն իր առաջին նիստը չի գումարել։ Ի՞նչ ասի՝ որ երիտասարդներն անփո՞րձ են։ Իհարկե, արդեն իսկ ինչ-որ դժգոհություններ հասունանում են սոցիալական ոլորտում, հազարավոր միջին եւ մանր պետական աշխատողներ են ազատվելու աշխատանքից, նույնիսկ ատոմակայանից է մի քանի հարյուր հոգի ազատվելու օպտիմալացման շրջանակներում։ Նախկինում ցինիկորեն ասված «ո՞վ է այն տղամարդը․․․» խոսքին առաջիկայում համահունչ է լինելու «ո՞վ է այն ընդդիմությունը․․․» գուցե մտերմիկ հոխորտանքը։ Որովհետեւ, իսկապես, կարծես թե ընդդիմություն լինելու վախ կա քաղաքական դաշտում։

Իրականում, նոր ընդդիմությունը իր մասին կհռչակի ոչ պակաս հուժկու ոճով, ինչպես հռչակվեց իշխանությունը։ Այդ ընդդիմությունը կիմանա, որ նույնիսկ նոր ժամանակներում «լավին լավ, վատին վատ» ասելու երկչոտ անհամաձայնությունը չի աշխատի։ Եթե ժողովուրդը սիրում եւ հավատում է նոր իշխանությանը, դա չի նշանակում, որ նա ազատ է արձակել այդ իշխանության ձեռքերը։ Սկզբից ժողովուրդն ինքը կթելադրի այն լեզուն, որով իր հետ խոսելու է նոր ընդդիմությունը։ Որոշ իմաստով դա կլինի հին ընդդիմության լեզվի իներցիան։ Նոր ընդդիմությունն, իհարկե, շատ ավելի գաղափարական կլինի, սակայն շատ բան կախված է իշխանության ցինիզմից։

Համարձակ եւ ցավոտ որոշումներն անգամ կլինեն նոր ընդդիմադիր լեզվի «հացը», սակայն ժամանակի ընթացքում, երբ ժողովուրդը կհասկանա, որ գործ ունի ականջալուր իշխանության հետ, «լեզուն» կփոխվի։ Հարցն այն է, թե նոր ընդդիմադիր դաշտում ինչ դեր կխաղան արմատականները՝ ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն։ Սկզբունքորեն նրանք պիտի որ եղանակ չստեղծեն, սակայն խնդիրն այն է, թե ինչ ինտենսիվությամբ նոր իշխանության քաղաքական ակտիվության մաս կլինի Արցախի եւ, մասնավորապես, նրա վերահսկողության տակ գտնվող անվտանգության գոտին։ Նոր ընդդիմությունը պետք է կարողանա քաղաքական դաշտում առաջանալ այն աղմուկի մեջ, որը կհարուցեն հները՝ իշխանություն կորցրածի իրենց մթագնածությամբ։ Այստեղ նույնպես վերջին խոսքը ժողովրդինն է՝ թե ինքը ինչ է հասկանալու «Ղարաբաղը ծախում են» դեմագոգիայից։

Այսօր, թվում է, ուրվագծվում է նոր ընդդիմությունը՝ հանձինս հեղափոխության մեջ որոշակի դեր ունեցած երիտասարդների, որոնք մի կարճ պահի նույնիսկ իշխանության մաս դարձան եւ հետագայում ձեւավորեցին կուսակցություն, որը մասնակցեց ընտրություններին։ Առայժմ՝ անփառունակ։ Նրանց լեզուն առայժմ «չի ուրվագծում» տարբերությունը, որ ունեն իշխանությունից։ Նոր ընդդիմությունը չպետք է լինի երկչոտ այն համակրանքի առջեւ, որ ունի իշխանությունը, սակայն միայն ժամանակը ցույց կտա, թե հատկապես ինչ «ձեռագրով» նա կկարողանա կանգնել իշխանության եւ ժողովրդի արանքում։