22.12.2018 14:21

Մհեր Արշակյան. Ուրիշ Նոր տարի

Մհեր Արշակյան. Ուրիշ Նոր տարի

Մանվել Գրիգորյանը գրավով ազատ արձակվեց Իոսիֆ Ստալինի ծննդյան օրը: Այդ մարդու ծավալները թույլ կտային, որ ամբողջ տարին աշխատեր Ձմեռ պապ: Իսկ այսօր նա մի մարդ է, որ ապրելու է բոլորի աչքից հեռու՝ հոգում եւ մարմնում կուտակած բազմաթիվ հիվանդություններով:

Ես չգիտեմ՝ ի՞նչ է դառնում կյանքը այն մարդկանց համար, որոնց առերեսում են իրենց տարիների մեղքերի հետ:

Երբ տեսնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը բանտում է, հասկանում եմ, որ միշտ չէ, որ «Աստված քեզ երկար առողջություն տա»  մաղթանքը բարի է: Երբ ավելի ու ավելի շատ բան բացահայտվի, այդ մաղթանքը, որով բաժակ բարձրացնողները ողողել են այդ մարդու ականջը երկար տարիներ, թվալու է մի կատաղի անեծք: Ինքը գիրք է գրել, ինքը ամեն ինչ է փորձում անել Աստծո բացակայության դաշտում անմեղ լինելու համար: Որովհետեւ գիտի, որ խաբվողը մարդիկ են, միայն նրանց կարելի է հավատացնել, որ ինքը ոչ մեկին չի սպանել: Պետությունն աղոթքներով եւ օրհնանքներով չի ապրում: Քոչարյանը դա գիտեր: Բայց մարդիկ նրա իշխանության օրոք մեռնում էին առանց հոգեւարքի:

Հայաստանը տարի է ամփոփում: Սա սոսկ տարի չէ: Այլ մի ամբողջ ժամանակաշրջան: Առաջին անգամ մենք գիտենք՝ ինչ է անցյալը: Առաջին անգամ մենք տեսնում ենք, որ քաղաքական իրերը վերստանում են իրենց անունները: Մարտի 1-ի զոհերի հարազատների խաղաղությունն առաջին անգամ գերազանցում է Գեւորգ Կոստանյանի խաղաղությանը: Թեպետ Կոստանյանն այդ կարծիքին չէ: Ինքը եվրադատախազ է:

Հայաստանը աշխարհի այն երկրներից էր, որտեղ նախ իրավաբանը չգիտեր, որ «մախաթը պարկում չես թաքցնի»: Տարին խաղաղություն բերեց նաեւ դատավորներին, որոնք միայն դրանով էին զբաղված՝ գիտեին, որ սխալ վճիռներ են կայացնում, գիտեին, որ արդարադատության աստվածուհի Թեմիսն իրենց վճիռներից հետո ավելի ու ավելի անպտուղ է դառնում: Բայց նրանք չկանխեցին «Պրոմեթեւսի» ծնունդը, որը Թեմիսի զավակներից մեկն էր:

2018-ը հեռանում է: Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի 2019-ը: Մարդը լուսանցքից դուրս է եկել: Բայց դեռ հայտնի չէ, թե ուր է գնում: Շատ բան որոշելու է հենց ինքը՝ մարդը: Այս Հայաստանի միակ ուրախությունն այլեւս Հենրիխ Մխիթարյանը չէ, Աստված նրան երկար առողջություն եւ վարպետություն տա: Հիշում եք միասնության շուրջպարերը, հիշում եք «Բազե»-ները: Երբ ձեր փոխարեն ձեզանից հազար անգամ լավ ապրող ինչ-որ պաշտոնյաներ որոշում էին «թմրադեղեր» ներարկել ձեր գիտակցության մեջ, որպեսզի մոռանայիք, որ կյանքի ամեն դրվագը նախ ընտրություն է, որ դուք եք որոշում, թե ում հետ միասին լինել եւ պարել, որ եթե ձեզ չխանգարեն, ինքներդ կորոշեք, թե որտեղ, երբ եւ ում հետ հանգստանալ եւ ինչ անվանել այդ հանգիստը՝ Բազե՞, թե Ճուռակ:

Անցան այդ ժամանակները, անցան եւ իրենց հետ ապականեցին բազմաթիվ նոր տարիներ: Այս մեկը՝ 2019-ը, ինքներդ եք իմաստավորելու: Նույնիսկ եթե առայժմ չհերիքեն ապրելու գործիքները, որոնք ժամանակին հերիքում էին նույն Ռոբերտ Քոչարյանին՝ միայն պետությունն ապականելու եւ մարդ սպանելու համար: