24.12.2018 13:35

Լատվիան բացել է ԿԳԲ-ի արխիվները

Լատվիան բացել է ԿԳԲ-ի արխիվները

Դեկտեմբերի 20-ին Լատվիան բացել է ՊԱԿ-ի արխիվները՝ գործակալների, ռեզիդենտների և հանդիպաբնակարաններ պահողների անուններով քարտարանը:

Քարտարանում ավելի քան 10 հազար անուն կա: Այդ մարդկանց մեծ մասը հավաքագրվել է 80-ական թթ. վերջին, ներկա պահին նրանցից ոմանք ակտիվ քաղաքականության մեջ են, զբաղվում են բիզնեսով և հասարակական գործունեությամբ:

Օրինակ՝ քարտարանում կա քարտ՝ 1960 թ. ծնված Վալերի Բելոկոնի անունով: «Մյաչիկով» կեղծանունով գործակալը «Советская молодежь» թերթի թղթակիցն էր: Նրա անվանակից Վալերի Բելոկոնը լատվիական Baltic  International բանկի համասեփականատերն է, ինչպես նաև բրիտանական «Բլեքփուլ» ֆուտբոլային ակումբի համասեփականատերը:

Մեկ այլ քարտ Կուդրյաշով Ալեքսանդրի անունով է, 1939 թ. ծնված: Նրա անվանակից Ալեքսանդր Կուդրյաշովը Ռիգայի և համայն Լատվիայի միտրոպոլիտն է և Լատվիական ուղղափառ եկեղեցու առաջնորդը: Գործակալը հավաքագրվել է 1982 թ., կեղծանունն է՝ «Ընթերցող»:

Քարտ կա 1951 թ. ծնված Իվար Գոդմանսի անունով՝ Լատվիայի նախկին վարչապետի, որը հավաքագրվել է 1988 թ. և գործել «Պուգուլիս» կեղծանվան տակ:

Քարտարանում կան նաև այլ քաղաքական գործիչների անուններ, և այդ փաստը ամենալուրջ փաստարկներից մեկն էր այն վեճերում, թե արդյոք արժի բացել ԿԳԲ-ի արխիվները: Այդ հարցը պարբերաբար բարձրացվում էր Լատվիայի խորհրդարանում: Արխիվները բացելու որոշումը կայացվել է 2018 թ. աշնանը:

Փոխանցում է BBC-ն: