25.12.2018 13:36

ՀՔԾ-ն ստացել է Ռուսաստանի պատասխանը, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է

ՀՔԾ-ն ստացել է Ռուսաստանի պատասխանը, որ Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է

Հատուկ քննչական ծառայությունը ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ «Ազատության» հետ զրույցում ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանն ասել է, որ լրացուցիչ հարցում են ուղարկել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը ե՞րբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն։

Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ։ Նրան մեղադրանք է առաջադրված սահմանադրական կարգը տապալելու համար։

Հատուկ քննչական ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ստուգում է տեղեկատվությունը, թե ինչպես է «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Միքայել Հարությունյանը 2002 թվականից հանդիսացել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի։