25.12.2018 16:18

Լիզա Ճաղարյան. Չեք խնայում ձեր ընտրյալին

Լիզա Ճաղարյան. Չեք խնայում ձեր ընտրյալին

Դե լա՛վ էր էլի ռոբասերժականների ժամանակ։ Ամեն ինչ պարզից էլ պարզ էր։ Գիտեինք՝ մենք իրենց ենք ատում, իրենք՝ մեզ։ Գիտեինք՝ մենք իրենց ատում ենք, որովհետեւ թալանում են մեզ ու մեր երկիրը, սպանում ու ազատությունից զրկում են անմեղ մարդկանց, նվաստացնում են Հայաստանի քաղաքացիներին... Իրենք էլ մեզ ատում էին, որովհետեւ գիտեին, որ մենք գիտենք, որ իրենք հանցագործ են ու մարդասպան, նաեւ գիտեին, որ մենք ատում ենք իրենց։

Գիտեինք, որ Հայաստանում օրենք չի գործում, ավելի ճիշտ՝ գործում է «պախանի» օրենքը։ Իրե՛նք էլ գիտեին, որ մենք գիտենք, բայց  «ինչքան ուզենք, էնքան կխփենք» պախանական լպիրշությունը բավարար էին համարում՝ մեր գիտեցածն արհամարհելու, եւս քսան ու ավելի տարիներ մեզ ստրկացնելու ծրագիրն իրագործելու համար։

Բարեբախտաբար չստացվեց, եւ հիմա... ամեն ինչ խառնվել է իրար։

Իշխանության ղեկին է մի ուժ, որը ձգտում է իր բոլոր քայլերն անել ըստ օրենքի։ Ի տարբերություն «օրենքից քշվածների», հասարակության մեծամասնությունը չի ատում նոր իշխանությանը, նույնիսկ շա՛տ-շատերը շա՛տ-շատ սիրում եւ հավատում են նորերին։ Ավելի ճիշտ՝ նոր ղեկավարին։ Ավելի ճիշտ՝ Նիկոլ Փաշինյանին։

Բայց ի՞նչ է պարզվում։ Պարզվում է՝ քսան եւ ավելի տարիներ պախանական գաղջ մթնոլորտում ապրած եւ «բարգավաճած» մեր հասարակության մի պատկառելի հատված ոչ միայն պատրաստ չէ օրենքով ապրելու, այլեւ չի էլ գիտակցում, թե «օրենք» ասվածն ինչ է եւ «ինչով են ուտում»։

Դառն է, բայց ճշմարտությունը սա է. հասարակության այս պատկառելի հատվածը դեռ չի ատում, նույնիսկ սիրում է, բայց դժգոհ է իր սիրելի Նիկոլ Փաշինյանից, որ «ազատ է արձակել» գեներալ Մանվելին (հիշեցնեմ. ազատ արձակողը դատավոր Դավիթ Բալայանն է)։ Որքան ուզում ես բացատրիր, միեւնույն է՝ չեն հասկանում, թե ոնց կարող է պատահել, որ ի՛նքն ուզենա՝ Մանվելը փակի տակ մնա, ու չկարողանա դատավորին ստիպել... Եթե ուզենա, վստահ եմ՝ կկարողանա։ Ներկայի բոլոր դատավորները նախկինների կարգածներն են եւ առավել վարժված են վերեւից հնչող հրահանգներով աշխատել։ Չար պախանին բարի պախանով փոխարինելու համա՞ր էր պայքարում հասարակության այս հատվածը։ Չէի ցանկանա այսպես մտածել, բայց ցանկությունը քիչ է՝ հենման կետն է բացակայում։

Հասարակության այս հատվածը չի պատկերացնում, թե ինչու է իր ընտրած Նիկոլ Փաշինյանը թույլ տալիս, որ ՀՀԿ-ական ավազակախմբի «ինԾելեկտուալ» կոմսոմոլներն ազատորեն, մեծամտորեն ու լկտիաբար ճառեր ասեն ազնվության ու արդարության մասին, եւ ինչու բոլորին բանտախցերում չի փակում (ախր քանի տարի են մեզ վառե՛լ, խորովե՛լ)։ Բայց նաեւ չի պատկերացնում, որ իր ընտրյալից պահանջում է բռնակալ դառնալ։ Բարի բռնակալ չի լինում, հարգելիներս, «բռնակալ» բարդ բառի արմատներից մեկը «բռնություն»-ն է։

Հասարակության այս հատվածը փոփոխություններ է ուզում, ուզու՛մ է, որ ՀՀ պետական բյուջեն չմսխվի, բայց հանկարծ ինքը կամ իր ընտանիքի անդամը, կամ՝ մոտիկ ազգականն ու սիրելի հարեւանը դրանից չտուժեն։ Փոփոխություններ, այո՛, անհրաժեշտ են,  բայց իրենց տնամերձին չկպչեք։ Ա՛յ, ձախ կողմի հարեւանի հետ աչքով աչք չունեն, թող դրա աչքը հանած պահեն։

Հասարակության այս հատվածը հաջողությամբ կուլ է տվել ՀՀԿ-ական ավազակախմբի նետած խայծը։ Շատերն են մոռացել, որ հասարակությունը փողոց է ելել անարդարության ու ապօրինության դեմ պայքարելու, եւ պայքարողներից ոչ ոք այդ օրերին չէր հիշում՝ իր սառնարանը դատարկ է, թե լիքը։ Հիմա պարզվում ՝ պայքարը հանուն լիքը սառնարանների էր։ Խայծն օդ արտանետողների համար իրոք գերխնդիրը ստամոքսն էր եւ է, ու որքան էլ հիշես ու հիշեցնես, որ Հայաստանի պատմության ողջ ընթացքում երբեւէ հեղափոխություն չի եղել հանուն ստամոքսի, հասարակության այս հատվածը դա չի հասկանա, որովհետեւ գլխավոր ամբաստանյալը եւ նրա շարիկովները չարախնդացել են՝ սառնարանները երբ որ կդատարկվեն, կտեսնեք... Հո պատահաբա՞ր օդ չնետվեց այն բարբաջանքը, թե հեղափոխություն անողներն աղքատներն էին։

Տպավորություն չստեղծվի, որ հեղափոխությունից հետո կատարվող ամեն բան դուր է գալիս ինձ։ Ամենեւին։ Գուցե նույնիսկ ավելի շատ խնդիրներ թվարկեմ, քան այսօր «անձնազոհաբար» պայքարողներն են բարձրաձայնում։

Բայց նաեւ նկատեմ. չե՛ք խնայում ձեր ընտրյալին։

Այս իրավիճակն ինձ հիշեցնում է 90-ական թվականները։ Դհոլ-զուռնայով, տաշի-տուշիով Անկախությանն «այո» ասաց գրեթե ողջ Հայաստանը, եւ դեռ ամիսը չբոլորած՝ հասարակության մի պատկառելի հատված սկսեց նոր իշխանությանը մեղադրել, որ սկուտեղի վրա «հեքիաթ» չմատուցեց իրեն։ Իսկ առաջին քայլեր անող պետությունը տնքում էր սովետի փլուզման բնական հետեւանք տնտեսական ծանրագույն ճգնաժամի, ահավոր երկրաշարժի եւ մեզ պարտադրված պատերազմի զարհուրելի բեռան տակ։ Այս ամենը գիտակցող հասարակության մյուս հատվածը ցավով արձանագրեց, որ շատերի համար Անկախությունը «պռազդնիկ» էր ընդամենը, ոչ թե տարիների տքնանքի անհրաժեշտության կարիք զգացող ծանրագույն պարտականություն։

Նույնն էլ հիմա է։ Արտաքուստ գուցեեւ տեսանելի չէ, բայց ներսից մեր պետությունը քայքայված ու բզկտված է մինչեւ ոսկրածուծը։ Դրսի թշնամուց ավելի հզոր է ներքին թշնամին։ Հայաստանը թալանողների թաթերի մեջ կուտակված է այնքան հարստություն ու փող, որոնց համեմատ երկրի պետական բյուջեն «մեկ օրվա ծախս» է։ Եվ նոր իշխանության դեմ սրանք պայքարում են սրած ժանիքներով, սրանք ընդունակ են ցանկացած չարագործության։ Վկան՝ իրենց իշխանության օրոք գործված ոճրագործությունները։ Տարիների ընթացքում բարոյազրկված հասարակության մի հատված հանուն փողի պատրաստ է նույն ստրկամտությամբ ծառայել սրանց ու ծառայում է, գումարած՝ ոչ մի սրբություն չունեցող ծախու լրատվամիջոցները։

Եվ այս իրավիճակում անհամբերությունը վահան դարձրած՝ պահանջել նոր իշխանությունից, որ օրենքները շրջանցի, ընդամենը նշանակում է մի պարզագույն իրողություն՝ դարձ ի շրջանս յուր։

Ուրեմն, ի՞նչ կարիք կար իշխանափոխություն անելու. նախկինները ոնց որ թե «հրաշալիորեն» կոխկռճում էին օրենքները։

Թե՞ ես ինչ-որ բան սխալ եմ հիշում։

...Քիչ էր մնում մոռանայի՝ շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ։