25.12.2018 17:30

Քոչարյանն ու Սարգսյանը «հրաշալի» են արել հասարակության ուղեղների լվացումը

Քոչարյանն ու Սարգսյանը «հրաշալի» են արել հասարակության ուղեղների լվացումը

Ավետ Գրիգորյանը ֆեյսբուքում գրում է. 

«Եթե հարցնեք, թե դաշնակները, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ի՞նչն են լավ արել՝ ոչ թե ինչ լավ բան են արել, այլ ի՞նչն են լավ արել, ապա միանշանակ է, որ «հրաշալի» են արել հասարակության ուղեղների լվացումը: Մի քանիսին մի քանի կոպեկ տալով, մյուսներին շանտաժելով` խնդիր են դրել կեղծել իրողությունները, դեպքերը, պատմությունը: Սրանք էլ արել են դա մեթոդաբար, անամոթաբար, ստեր ու կեղծիքներ ներարկելով: Արել են մամուլով՝ հնարավոր բոլոր մեդիա հարթակներում, ու ամենաեղկելին է, որ արել են դասագրքերով: Արել են` նպատակ ունենալով ջնջել, վերացնել նախկինների արածները, մոռացության տալով փառահեղ հաղթանակներին ու նվաճումներին նրանց մասնակցությունը, ամեն ինչ վերագրելով իրենց, գլխիվայր շրջելով ամեն ինչ` նրանց վերագրելով հազար ու մի մեղք: Դա անամոթաբար շարունակվում է նաեւ այսօր: Ամենաթարմ օրինակը. «Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը (Ղարաբաղի հետ միասին)՝ դրանով փակելով Հայաստանի ու Արցախի իրավական միավորման ճանապարհը եւ սկիզբ դնելով ուժասպառ անող բանակցություններին»:

Սա գրվել է այսօր՝ 25.12.2018-ին lragir.am կայքում, մոռանալով կամ միտումնավոր չհիշելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «իր օրոք», 1996-ին Լիսաբոնում վետո կիրառեց ԵԱՀԿ-ի մի հայտարարության ընդունմանը, հայտարարություն, որը հիմնվում էր երեք սկզբունքների վրա. «Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարգում (ա), Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր աստիճանի ինքնակառավարման ապահովում (բ), Լեռնային Ղարաբաղի եւ նրա ողջ բնակչության անվտանգության երաշխավորում (գ)»:

Միեւնույն ժամանակ լրագրողը նաեւ մոռանում կամ միտումնավոր չի հիշում 1999-ին Ստամբուլի խարտիան ստորագրած Ռոբերտ Քոչարյանին, որը Ստամբուլում (ճակատագրի հեգնանք) իր ստորագրությամբ կանխորոշել էր Արցախի կարգավիճակը՝ ճանաչելով Ադրբեջանի տերիտորիալ ամբողջականությունը՝ այսինքն, Արցախը Ադրբեջանի կազմում:

Մոտագույն պատմության կեղծումը, երբ ողջ են ընթացքի մասնակիցները, հանցանք է եւ անշուշտ պիտի արժանանա դատապարտման:
Այս օրերին շատ է խոսվում արդարության վերականգնման մասին, ժողովրդից թալանածը վերականգնելու մասին: Մի՞թե չկա անհրաժեշտություն վերականգնելու պատմական արդարությունը՝ ժողովրդին վերադարձնելով հոգեւոր թալանը»: