27.12.2018 13:15

Չարաշահումներ`զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում

Չարաշահումներ`զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մի շարք չարաշահումներ են բացահայտվել զինված ուժերի համար հենապատերի կառուցապատման աշխատանքների ընթացքում, մեղադրանք է առաջադրվել կապալառու ընկերության գործադիր տնօրենին։ 

Մասնավորապես՝ քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՍՊ ընկերությունը պայմանագիր է ստորագրել զինված ուժերի համար անհրաժեշտ կառուցապատման աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի ժամանակ կազմել է ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր՝ խաբեության եղանակով դիտավորությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափերի գումար:

Պայմանագիրն ստորագրվել է 2013 թվականի հուլիսին, որով սահմանափակ պատասխանատվության ընկերությունը պարտավորվել է դաշտային պահեստների, պահակակետի և հակահրդեհային դեպոյի շրջակայքում կառուցել հենապատեր։ Նախնական քննության տվյալներով՝ ընկերությունը պատշաճ չի իրականացրել ստանձնած պարտավորությունները, այն է՝ չի կատարել նախագծային փաստաթղթերով սահմանված հենապատերի հետնամասում ձեռքով գրունտի հետլիցք, գրունտի հետլիցքը պնևմոգործիքով խտացման, ավելորդ գրունտը 1 կմ հեռավորությամբ տեղափոխման աշխատանքները, իսկ հենապատերի հիմքերի խորությունը նախատեսված 60 սմ-ի փոխարեն կառուցել է միջինը 15-ից 45 սմ խորությամբ։ Սակայն կազմվել է ակնհայտ կեղծ ծավալնելով, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ համարվող կատարողական ակտեր՝ աշխատանքները նախագծա-նախահաշվային փաստաթղթերին համապատասխան կատարված լինելու վերաբերյալ, որի դիմաց փոխանցված գումարը հափշտակվել է։ 

Բացի այդ, չարաշահումներ են արձանագրվել նաև նույն ՍՊ ընկերության հետ 2017 թվականի փետրվարի 16-ին ստորագրված պայմանագրված նախատեսված պահեստի կառուցապատման աշխատանքներում։  Մասնավորապես՝ դաշտային պահեստների կառուցման  ընթացքում չեն պահպանվել նախագծային փաստաթղթերով սահմանված պահանջները։ Այն է՝ պահեստի հիմքի ամբողջ մակերեսը բիտումային շերտով չի պատվել, մինչդեռ ընթացիկ աշխատանքների վերաբերյալ կազմված կատարողական ակտերում դրանք ներկայացվել են որպես պատշաճ կատարված, որի դիմաց փոխանցված  գումարը հափշտակվել է:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ ՍՊԸ գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2 դրվագ, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մեղադրյալն ընդունել է առաջադրված մեղադրանքը և ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը։ 

ՍՊԸ գործադիր տնօրենի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան։

Բազմակողմանի քննության արդյունքում չարաշահումներ են հայտնաբերվել նաև զինված ուժերի համար այլ ենթակառուցվածքների, օժանդակ շինությունների կառուցապատման, հրդեհի ահազանգման համակարգերի տեղադրման ընթացքում, հստակեցվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Նախաքննության արդյունքներով մեղադրանքներ են առաջադրվել ևս 10 անձի, որոնցից 7-ը՝ տարբեր ընկերությունների ղեկավարներ, 3-ը՝ բարձրաստիճան զինվորականներ, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև հանցանքի վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով։

Եւս մեկ ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա մասով քննությունը շարունակվում է, հանձնարարություն է տրվել ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: