29.12.2018 13:46

Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին փաստաթուղթն ընդունվել է հենց Քոչարյանի օրոք

Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին փաստաթուղթն ընդունվել է հենց Քոչարյանի օրոք

Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ռոբերտ Քոչարյանն իր գրքում Արցախի հարցի վերաբերյալ մի ուշագրավ միտք է արտահայտել: Նախ` բացահայտ խեղաթյուրել է Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետներն ու Մինսկի խմբի կողմից 1997թ-ին ներկայացված պաշտոնական փաստաթղթի էությունը, ապա իր ու Տեր-Պետրոսյանի դիրքորոշումների տարբերությունը ներկայացրել է հետևյալ կերպ. «Մեկն առաջարկում էր ազատվել այդ ծանր բեռից, իսկ մյուսը կարծում էր, որ թեև բեռը ծանր է, մենք այն առել ենք մեր ուսերին և պետք է արիաբար տանենք մինչ վերջ, այնքան ժամանակ, քանի դեռ հնարավոր է»:

Արցախի հարցի վերաբերյալ քաղաքական դաշտում հնչեցվող ամենաանհեթեթ դիրքորոշումն, իհարկե, դա դեռ 1997-98թթ-ից շրջանառվող այն տեսակետն է, թե «փոխզիջումների կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք»: Ըստ էության` Արցախի հարցի լուծման վերաբերյալ Քոչարյանի տեսլականը նույնպես սահմանափակվում է ժամանակ ձգելու հնարավորությամբ: Եթե սրան գումարենք նաև այն, որ ըստ Քոչարյանի` Տեր-Պետրոսյանը ցանկանում էր «հանձնել» Արցախը, ապա ստացվում է, որ Քոչարյանը Տեր-Պետրոսյանին հակադարձել է հետևյալ կերպ` «Քանի դեռ հնարավոր է չհանձնել, չենք հանձնի»: Այսինքն` եթե Տեր-Պետրոսյանը ցանկացել է «հանձնել» Արցախը, ապա Քոչարյանը ցանկացել է հանձնել այն ժամանակ, երբ հարկադրված կլինի: Իսկ Տեր-Պետրոսյանը դեռ 20 տարի առաջ էր այդ տեսակետը ոչնչացրել. «Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին»:

Ինչ վերաբերվում է իրականությանը, ապա Արցախը հանձնելու և Ադրբեջանի կազմում թողնելու մասին փաստաթուղթ Հայաստանն ընդունել է ոչ թե Տեր-Պետրոսյանի, այլ հենց Քոչարյանի օրոք: 1998թ-ին Քոչարյանի ղեկավարության օրոք Հայաստանի կողմից ընդունված «Ընդհանուր պետություն» կոչվող փաստաթղթում ամրագրված է` 
- ԼՂ-ն Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»; 
- ԼՂ սահմանները կհամապատասխանեն նախկին ԼՂԻՄ սահմաններին;
- ԼՂ քաղաքացիները կունենան Ադրբեջանի անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով:
- ԼՂ-ում երկրորդ պաշտոնական լեզուն ադրբեջաներենն է:

Ու նման փաստաթուղթ բանակցած ու ընդունած անձնավորությունը խոսում է այն մասին, թե Տեր-Պետրոսյանը ցանկացել է Արցախը «հանձնել»:»