05.01.2019 18:33

Քոչարյանի ցինիկ սուտը, կամ՝ նրա բացարձակ իշխանությունը Վազգեն Սարգսյանի դիակի վրայով

Քոչարյանի ցինիկ սուտը, կամ՝ նրա բացարձակ իշխանությունը Վազգեն Սարգսյանի դիակի վրայով

Իր տխրահռչակ գրքում Ռոբերտ Քոչարյանը ստում է գրեթե բոլոր դրվագներում՝ շատ դեպքերում պատասխանատվությունը հասցեագրելով այն մարդկանց վրա, ովքեր դժբախտաբար կենդանի չեն ու չեն կարող պատասխանել նրա կեղծիքներին։ Սա խոսում է երկրորդ նախագահի բարոյական կերպարի մասին։

Օրինակ՝ ԱԱԾ մեկուսարանում գտնվող պաշտոնաթող նախագահը պնդում է, թե ինքը մտահոգված է եղել իշխանության լեգիտիմությամբ, չի ցանկացել նախագահ դառնալ, «ուզեցել է Վազգենը դառնա, մինչդեռ նա չի ցանկացել, ու ինքը ստիպված համաձայնել է», իսկ իր քաղաքացիության «հիմնավորումը» մտածել են Վազգենն ու նրա իրավաբանները։

Ավելորդ է ասել, որ Ռոբերտ Քոչարյանի ասածները բացարձակապես սուտ են։ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից ու նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելուց հետո Վազգեն Սարգսյանի հենարանը հանդիսացող ԵԿՄ-ն անցկացրել է վարչության առնվազն մի քանի նիստ, որոնց ժամանակ միաձայն պնդվել է, որ հենց պաշտպանության նախարարը պետք է առաջադրվի նախագահի թեկնածու։ Ավելին՝ ազդեցիկ երկրապահներից շատերը կտրականապես չեն ցանկացել լսել Ռոբերտ Քոչարյանի անունը։

Բացահայտ կեղծիք է Քոչարյանի այն պնդումը, թե Վազգեն Սարգսյանն է իրեն համոզել՝ առաջադրվել նախագահի պաշտոնում, որովհետև ճիշտ հակառակը՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Սամվել Բաբայան եռյակն է անընդհատ ու հետևողականորեն Վազգեն Սարգսյանին համոզել, որ վերջինս արտաքին աշխարհի համար ներկայանալի կերպար չէ։

Սրանով հանդերձ՝ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը Վազգեն Սարգսյանի սրտով չի եղել ու, որպես կոմպրոմիսային թեկնածու, որոշվել է առաջադրել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի թեկնածությունը։ Թե ինչու է Հարությունյանը պատասխանատու պահին «անհետացել», ավելի լավ կլինի, որպեսզի պարզաբանեն հենց Քոչարյանն ու Գագիկ Հարությունյանը։

Այլ խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը Վազգեն Սարգսյանին խաբել է ու խորամանկորեն առաջադրվել է նախագահի թեկնածու, ու այս պատմությունը գիտեն շատ մարդիկ, որոնք դերակատարություն են ունեցել այդ տարիների քաղաքական դաշտում։

Ի դեպ, Քոչարյանի իշխանատենչությունն ու ագահությունը հայտնի են բոլորին։ Նա սեփական իշխանությունը պահպանելու և այն համատարած թալանին ծառայեցնելու համար երկու անգամ զանգվածաբար ընտրություն է  կեղծել արդեն Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո՝ 2003-ին ու 2008-ին, չխորշելով գնդակահարել Հայաստանի տասը քաղաքացիների։

Այնուամենայնիվ՝ վերադառնանք 1998-99 թթ.-ը ու նկատենք, որ Քոչարյանի պաշտոնավարումից ընդամենը մեկ տարի հետո, ավելի ստույգ՝ ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու ու Ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի սպանությունից հետո, Վազգեն Սարգսյանն այնքան հիասթափված է եղել Ռոբերտ Քոչարյանից, որ մտածել է 1998-ի իր «սխալն» ուղղելու մասին ու դաշինք է կազմել 1998-ի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի հիմնական մրցակից Կարեն Դեմիրճյանի հետ։

«Միասնություն» դաշինքը համոզիչ հաղթանակ տարավ 1999-ի խորհրդարանական ընտրություններում, ինչից հետո Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց «անգլիական թագուհու» դերում, որից դուրս եկավ միայն Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո։ Ճշմարտությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում ձգտել է բացարձակ իշխանության, ու նրա հիմնական խոչընդոտը եղել է հենց Վազգեն Սարգսյանը։

Հայաստանում Քոչարյանի բացարձակ իշխանություն ու ռուսական վասալության ռեժիմ հաստատվեց հենց Վազգեն Սարգսյանի դիակի վրայով։

Սարգիս Արծրունի (1in.am)