09.01.2019 11:29

Թրամփը հիմնավորել է Մեքսիկայի հետ սահմանային պատի կարևորությունը

Թրամփը հիմնավորել է Մեքսիկայի հետ սահմանային պատի կարևորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հատուկ տեսաուղերձով՝ կրկին հայտարարելով Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու կարևորության մասին:

Իր նախագահության օրոք Թրամփն առաջին անգամ ուղերձ է հղել Սպիտակ տան Ձվաձև կաբինետից:

«Այսօր ես դիմում եմ ձեզ, քանի որ մեր հարավային սահմանում  մարդասիրական ճգնաժամը խորանում է»,- այսպես է սկսել իր ուղերձը նախագահը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն անլեգալ ներգաղթյալներին տուն վերադարձնելու ոչ մի հնար չունի: Թրամփի խոսքով՝ Ամերիկան հպարտությամբ է ընդունում այն ներգաղթյալներին, որոնք օրինական ճանապարհով են մուտք գործում երկիր, սակայն անօրինական ներգաղթը մեծ վնաս է հասցնում ԱՄՆ-ին: Անօրինական ներգաղթյալների հետ միասին գալիս են նաև թմրանյութեր, հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ ընդգծելով, որ «այս տարի թմրանյութերից շատ ավելի մեծ թվով ամերիկացիներ կմահանան, քան զոհվել են վիետնամական պատերազմում:… Մեզ մոտ ահաբեկիչներ են ժամանում»:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարելէր, որ սահմանի վրա արդեն հաջողվել է ձերբակալել չորս հազար «ահաբեկիչների», որոնք փորձում էին մուտք գործել ԱՄՆ, սակայն հետո պարզվել էր, որ դրանց մեծ մասը ձերբակալվել է օդանավակայաններում, այլ ոչ թե սահմանը հատելու փորձ անելիս այն գոտում, որտեղ ԱՄՆ-ը Մեքսիկայից պատով բաժանված չէ:

Փոխանցում է BBC-ն: