09.01.2019 12:59

Ադրբեջանցի բլոգերի պատժի ժամկետը կարող են երկարացնել

Ադրբեջանցի բլոգերի պատժի ժամկետը կարող են երկարացնել

Ադրբեջանցի 26-ամյա բլոգեր Մեհման Հուսեյնովը, որ հայտնի է իշխանական օղակներում կոռուպցիայի վերաբերյալ իր տեսահոլովակներով, գրեթե երկու տարի բանտում է: Դեկտեմբերի վերջին նա հացադուլ է հայտարարել. Պատժաժամկետի ավարտից երկու ամիս առաջ նրա դեմ ևս մի գործ են հարուցել, որով երիտասարդին սպառնում է հինգից յոթ տարվա ազատազրկում:

Հուսեյնովի պաշտպանությամբ հանդես են եկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը և մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ: Ընդ որում՝ Մեհմանն առաջին ադրբեջանցի ակտիվիստը չէ, որը կարող է նոր պատժաժամկետ ստանալ այն ժամանակ, երբ կալանքի ժամկետն ավարտվելու վրա է:

Մեհման Հուսեյնովը 2007-2014 թթ. աշխատել է «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» իրավապաշտպան կազմակերպությունում, որը ղեկավարում էր հետագայում Ադրբեջանը լքած նրա ավագ եղբայրը: 2014-ին ոստիկանական խուզարկությունից հետո կազմակերպության գրասենյակը փակվել էր:

2017 թ. հունվարին Հուսեյնովը ձերբակալվել էր հասարակական կարգը խախտելու և ոստիկանությանը չենթարկվելու մեղադրանքով: Բանտից դուրս գալուց հետո նա պատմել էր, որ ձերբակալելիս ոստիկաններն իր բերանը փակել են կպչուն ժապավենով, գլխին պարկ են հագցրել, ապա սկսել են ծեծել ու էլեկտրահարել:

Փոխանցում է BBC-ն: