09.01.2019 16:00

Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

Այսօր ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է. նախագահ Տեր-Պետրոսյանը դարձավ 74 տարեկան:

iLur.am-ի խմբագրակազմը ի սրտե շնորհավորում է Լևոն Տեր-Պետրոսյանին` առաջին հերթին մաղթելով առողջություն եւ երկար տարիների կյանք:  

Լեւոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրվա կապակյցությամբ շնորհավորական գրառումներ են կատարել նաեւ ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր:

Ամենաուշագրավ գրառումներից մի քանիսը՝ ստորեւ.

Լեռնիկ Դալլաքյան  

Էսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան տարեդարձի օրն է: Շնորհավոր: ՖԲ ընկերներիցս շատերը նրա հետ լուսանկար են հրապարակում. ափսոս՝ նույնը անել չեմ կարող. չունեմ: Միշտ համարել եմ, որ նրա մասշտաբի գործիչ հայերս շատ վաղուց չենք ունեցել, իսկ համաշխարհային առումով իր ժամանակի վիթխարիների (Թետչեր, Քոլ, Միտերան, Ելցին) շարքում հավասար եղավ: Ինձ համար համակ հպարտություն է: Էսքան բան: Հնարավոր եմ համարում (ՖԲ-ի կենսափորձս է հուշում), որ ինձ թունդ հակադարձողներ կլինեն. էսօր էդ օրը չի, ջնջելու եմ: Համ էլ՝ իմ էջը համար 6 հիվանդասենյակի հետ չշփոթեք...  

Կարպիս Փաշոյան

Մեկ-մեկ սիրում եմ գլուխ գովել ու մեծամտանալ: Երբ հարցնում են, թե ինչ հարաբերություններ ունես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, կատակով ասում եմ, որ նա իմ ընթերցողն է: Կատակը մի կողմ: Այսօր առաջին նախագահի ծննդյան օրն է, ու դրանից ելնելով՝ նորից հրապարակում եմ ոչ վաղ անցյալում գրված իմ այս ակնարկը (09.01.2018): Իսկ լուսանկարը՝ 2017 փետրվարի 6-ին, երբ նախագահը ինձ նվիրեց իր հայտնի մենագրությունը: Ինձ հյուր եկող մարդկանց միշտ ցույց եմ տալիս փոքրիկ գրադարանս, որտեղ իսկապես շատ արժեքավոր գրքեր եմ հավաքել՝ Պլատոնից մինչև հայոց մատենագրություն և Կանտինց ու Բրոդելից մինչև Մանդելշտամ։ Դե ցույց տալու ու հպարտանալու ուրիշ ոչինչ չունեմ։ Եվ ահա այդ գրադարանում կա մի գիրք, որը չափազանց առանձնահատուկ նշանակություն ունի ինձ համար։ Այդ գիրքն է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Խաչակիրները և հայերը» մենագրությունը, որը առանձնահատուկ է ոչ միայն իր գիտական արժեքով, այլ նաև այն հանգամանքով, որ հենց հեղինակն է ինձ նվիրել։

Ընդհանրապես՝ Առաջին նախագահը այն բացառիկ մարդկանցից է, որ չափազանց մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա։ Ես երբեք նրան աստվածացնողների ու փառաբանողների շարքերում չեմ եղել, ընդհակառակը, միշտ կարծել եմ, որ նախագահը հակասական կերպար է, և հենց այդ հակասականությունն էլ ինձ ոգեշնչել է։ Հայհոյեք, աստվածացրեք, ինչ ուզում եք արեք, հակաճառեք, կուրորեն մի համաձայնվեք, կամ էլ կուրորեն համաձայնվեք ամեն մի ստորակետի հետ, բայց մի բան չեք կարող չարձանագրել, որ Պապիի տրամաչափի քաղաքական գործիչ չկա Հայաստանի քաղաքական դաշտում:

Դեռևս փոքր են, զիջում են, չեն ձգում: Ի դեպ, սա շատ վատ է, սա ողբերգություն է, երբ երկրում իսկապես լուրջ տրամաչափի քաղաքական գործիչներ չկան: Պոպուլիզմն ու դեմագոգիան եկան ու սրբեցին տարան քաղաքական միտք կոչվածը: Հիմա ուզենք, թե չուզենք, սիրենք, թե չսիրենք, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանոն, Բաբկեն Արարքցյանը մեր պետության ստեղծման հիմքերում կանգնած մարդիկ են: էս փաստից մենք ոչ մի կերպ խուսափել չենք կարող՝ փորձելով ջնջել, մոռանալ նրանց հետ կապված հիշողությունը: Ես մամուլում նրա գործունեության մասին քննադատական ակնարկներ չեմ գրում, քանի որ չեմ ուզում հպանցիկ ինչ-որ տեքստ գրել ու անցնել առաջ։

Ինչ-որ մի օր գրելու եմ, ու շատ լուրջ, մի կողմից՝ փորձելու եմ շեշտադրել նրա չափազանց կարևոր դերը Հայաստանի նորագույն պատմության մեջ, իսկ մյուս կողմից էլ՝ ընդգծել սխալներն ու բացթողումները, և այս ամենը՝ նրա կերպարի հակասականության և խորհրդավորության տիրույթում՝ ֆեյսբուքյան անլուրջ խժդժություններից անդին։ Շատերը երազում են կրկնել Տեր-Պետրոսյանի քաղաքական ֆանտաստիկ կարիերան՝ Ղարաբաղյան շարժումից մինչև 2008 թ․։ Չէ՛, ես այդ մարդկանց շարքում չեմ, ես նրանից ուզում եմ սովորել բոլորից ու ամեն ինչից լուռ հեռանալու արվեստը։ Շատ եմ ուզում մի օր արթնանալ ու այլևս տեղյակ չլինել քաղաքական ընթացիկ նորություններից ու «Խաչակիրները և հայերը» մենագրության մակարդակի գիրք գրել՝ ինչ-որ ներդրում ունենալով հայագիտության մեջ, եթե, իհարկե, թափս հերիքի։ Շնորհավոր, պարոն նախագահ:   

Քնարիկ Ղարիբյան

Մարդ, ում խելքի եւ վեհության շնորհիվ ունենք Անկախ Հայրենիք... Մարդ, ում խոհեմության եւ վճռականության շնորհիվ ունենք Արցախի Ինքնիշխան Հանրապետություն... Մարդ, ում լռությունը ավելի շատ քաղաքական միտք է արտահայտել եւ արտահայտում, քան շատերի ճառը... Մարդ, ով առանց թիթիզ խոստումների ընդլայնել է ՀՀ-ի տարածքը... Մարդ, ով իր հպարտ հրաժարականից հետո էլ մնաց անփոխարինելի քաղաքական գործիչ... Մարդ, ով միշտ կմնա օրինակելի... Մարդ, ում արտահայտած մտքերը պետք է ապրեն հարյուրամյակներ... Մարդ, ով միշտ վերջում ճիշտ է դուրս գալիս...  Եվ ուրեմն՝ Ծնունդդ Շնորհավոր, Պապի... Թող Քո Հիմնած Հայաստանը Դառնա Քո Երազանքների Երկիրը... Քեզ Քաջառողջություն, Երկար եւ Երջանիկ Կյանք, Մշտադալար Երիտասարդություն եւ Անսպառ Եռանդ ...  

Արման Ավագյան

 Շնորհավոր, պարոն Նախագահ, միակ Նախագահ Տեր-Պետրոսյանն իմ, կուզեք՝ պատմական, կուզեք՝ ներկայի հերոսն է։ Մարդ, ով կմնա անգերազանցելի իր գործով և խոսքով։ Մարդ, ով կարողացավ հաղթել պատերազմ։ Մարդ, ում հետ աշխարհն էր հաշվի նստում։ Մարդ, ով գլխավորեց երկու համաժողովրդական շարժում։ Մարդ, ով տեսակ է և օրինակ, ում ամեն մի ելույթը քաղաքական մի նոր դիսերտացիայի հիմք է։ Մարդ, ով վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս։ Եվ ամենակարևորը՝ որ միշտ մնաց  ՄԱՐԴ:

Կարեն Թովմասյան

 2007-ը իմ կյանքում շրջադարձային, բեկումնային տարի էր մի քանի հանգամանքների բերումով, բայց գլխավոր հանգամանքը պայմանավորված էր ՀՀ Առաջին նախագահի վերադարձով մեծ քաղաքականություն: Շարժման հենց առաջին օրերից ես զինվորագրվեցի առաջին նախագահի գլխավորած շարժմանը ու արդեն 11 տարի է ՝մեկ օր, մեկ ժամ, մեկ րոպե չեմ զղջացել կամ փոշմանել կատարածս ընտրության համար: 11 տարիների մեր քաղաքական պայքարը քաղաքական մտածողության ձևավորման իսկական համալսարան, ակադեմիա էին իմ ու պայքարի ընկերներիս համար, իսկ նախագահ Տեր-Պետրոսյանը՝ ավելին, քան հիմնադիր նախագահ,կամ ընդդիմության առաջնորդ, առաջին նախագահը իմ ուսուցիչն է, իսկ ես անսահման հարգանք եմ տածում այն բոլոր մարդկանց նկատմամբ, ումից ինչ-որ բան եմ սովորել ու ում համարել եմ ուսուցիչ: Ծնունդդ շնորհավոր, պարոն Նախագահ: Ձեր վաստակը մեր սերնդի, պետության ու պետականության նկատմամբ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ Է!

Դավիթ Մինասյան.

Այսօր Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է, մարդու, որ մարտի 1-ին, իր խոստման համաձայն, նույնիսկ մնալով մեն- մենակ՝ չէր հեռացել Ազատության հրապարակից...

Վահրամ Թոքմաջյան

«Փառք Աստծու, որ քննադատներիս երեւակայությունն առայժմ չի բավականացրել` ինձ մեղադրելու նաեւ Ավարայրի ճակատամարտը տանուլ տալու համար»։ Հայոց նորանկախ պատմության ամենաշատ քննարկված և քննադատված գործիչը Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ընդհանրապես, մեր պատմության մեջ, եթե կլասիկ վեճերը, օրինակ՝ Վարդան-Վասակ, մի կողմ դնենք, նա կրկին կլինի ամենաքննարկված գործիչը: Մյուս կողմից, նրան սիրողներն ու չսիրողները, ատողները և դատափետողները, հարգողները և ուրացողները, ցանկացած վճռական պահի, սպասում են նրա խոսքին: 

Սակայն Տեր-Պետրոսյանի հմայքն առկա է մեկ այլ տեղ ևս: Նրա հավատարիմ թիմակիցների և կողմնակիցների տիրույթում: 21 տարի Տեր-Պետրոսյանն իշխանության չէ: Նրան հաջորդող բոլոր իշխանությունները որևէ ջանք չեն խնայել, որևէ միջոցի առաջ չեն կանգնել՝ ուրանալու, կեղծելու, պիտակելու Նախագահի անձն ու գործը: Սակայն այդ ամենի արդյունքում Դուք դժվար գտնեք երկրորդ մեկին, որն ունի համակիրների ու գաղափարակիցների նվիրյալ շարքեր: Շարքեր, որոնք խոցվել են, մաղվել, բռնաճնշվել, բայց մնացել են՝ առանց որևէ ակնկալիքի: Իսկ դա նշանակում, որ հիմքում միտք կա, գաղափար կա, որը մերժում է պատեհապաշտությունը: 

Հ. Գ. Ծնունդ չեմ շնորհավորում: Կարծում եմ, որ ցանացած մարդու ծննդյան օրն իր ապրած տարին վերարժևորելու առիթ է:

Արտակ Հարությունյան

Երկու տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը գրել էի. «Լևոն Տեր-Պետրոսյանին կուզեի մաղթել միայն մի բան. առիթ չունենալ ակտիվ լինել քաղաքականությունում, վայելել վաստակած հանգիստը, զբաղվել իր սիրած զբաղմունքներով»: Ինքս չէի հավատում, որ դա հնարավոր է: Քաղաքական իմպոտենտ դաշտը Նախագահին էդ հնարավորությունը չէր տալիս: Էսօր կա հնարավորություն, որ Նախագահը վայելի իր վաստակած, իրապես վաստակած հանգիստը: Չէ, իր խոսքի կարիքն էլի կա, իր փորձն օգտագործելը միայն կօգնի Հայաստանին: Բայց անցյալ տարվա դեպքերը նախադրյալ են ստեղծել, որ Նախագահն ավելի հանգիստ իրեն զգա: Վստահ եմ, որ փոփոխություններից ամենաշատ ուրախացողներից է եղել: Էս բոլոր տարիներին, դեռ մինչ անկախացումը, անկախացումից հետո՝ իր իշխանության տարիներին, հրաժարականի պահին, հրաժարականից հետո «լռության» տարիներին, քաղաքականություն վերադառնալուց հետո, վերջին հեղափոխության ժամանակ, երկրի համար օրհասական բոլոր դրվագներին ցույց է տվել ու ապացուցել է իր բացառիկ պետականամետ տեսակը, պետական ու ազգային շահը սեփական ամբիցիաներից վերադասելը: Սա էն նշաձողն ա, որը լավ կլինի կարողանան պահել Հայաստանում քաղաքականությամբ բոլոր զբաղվողները: Շնորհավո՛ր ծնունդդ, ամենաշատը քննադատված, ամենաշատը չհասկացված, ամենաշատը բանսարկված, բայց էս երկրին կյանքդ ու գործունեությունդ նվիրած Նախագահ: 

Հարութ Ուլոյան

«Փառք Աստծու, որ քննադատներիս երևակայությունն առայժմ չի բավականացրել` ինձ մեղադրելու նաև Ավարայրի ճակատամարտը տանուլ տալու համար։ Թեկուզ այս միակ դեպքում ես ալիբի ունեմ, քանի որ 451 թվականին այնքան էլ ծնված չեմ եղել, բայց դա նույնպես կարող է չօգնել, որովհետև եթե շատ ցանկանան, հեշտությամբ ծննդականս էլ կկեղծեն». Լևոն Տեր-Պետրոսյան, 01.03.2015թ:

- Մինչև 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները Տեր-Պետրոսյանին օր ու գիշեր մեղադրում էին «ցուրտ ու մութ» տարիների համար: Հայաստանի պատմության մեջ աննախադեպ խայտառակ ընտրությունների պաշտոնական արդյունքներով Տեր-Պետրոսյանը ստացավ ավելի քան 350.000 քվե: Ըստ ամերիկյան գաղտնի զեկույցների` այդ քվեների քանակն իրականում տատանվել է 490-570.000-ի սահմաններում: Տեր-Պետրոսյանի թեկնածությունը պաշտպանում էր ողջ ընդդիմադիր դաշտը:

- Կեղծված ընտրությունների դեմ օրեր շարունակ տևած համաժողովրդական ընդվզումն աննախադեպ բռնությամբ և զենքի ուժով ճնշելուն զուգահեռ, քոչարյանասերժական ռեժիմը սկսեց տարածել այն թեզը, թե, իբր, Մարտի 1-ին ոչ թե ուժայիններն են զենք գործադրել, այլ` ցուցարարները, և որ այդ ամենն ընդդիմության և անձամբ Տեր-Պետրոսյանի կողմից նախապես ծրագրված հեղաշրջման փորձ է եղել: Հիշեք, թեկուզ, այդ օրերին ընդունված «Տեր-Պետրոսյանը և ուրիշները» տիպի «հույժ գաղտնի» հրամանագրերը:

Անցան տարիներ, և Մարտի 1-ին նախորդող և հաջորդող օրերի վերաբերյալ շատ դրվագներ բացահայտվեցին, իշխող Հանրապետական կուսակցությունն ինքը ստիպված եղավ հայտարարել, որ Մարտի 1-ին վիրավորված ոչ մի ոստիկան հրազենային վիրավորում չի ունեցել, իսկ անցած տարվա իշխանափոխությունից հետո գրեթե ամբղջապես լույս սփռվեց այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների վրա: Սահմանադրական կարգի տապալում, բանակի ներգրավում, օպերատիվ տեղեկատվության կեղծակերպում (սիմուլյացիա), իրեղեն ապացույցների կեղծում, քաղաքական բռնաճնշումներ և հետապնդումներ, արտակարգ դրություն, անդադար մանիպուլյացիա. ահա այն զինանոցը, ինչը քոչարյանասերժական ռեժիմը գործադրել է 2008 թվականի նախագահական ընտրություններում սեփական թեկնածուի «հաղթանակն» ապահովելու և համաժողովրդական շարժումը ոչնչացնելու ուղղությամբ:

 - 2012 թվականից Տեր-Պետրոսյանի դեմ սկսվեց շրջանառվել մեկ այլ թեզ: Այս անգամ Տեր-Պետրոսյանին քննադատում էին Բարգավաճ Հայաստան կուսակցության, իսկ ավելի կոնկրետ` Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցելու համար: Անցան տարիներ, և այդ ընթացքում Տեր-Պետրոսյանի բոլոր քննդատներն այս կամ այն ձևաչափով համագործակցեցին նույն ԲՀԿ-ի և Ծառուկյանի հետ: Հիշեք, թեկուզ, իշխանափոխության օրերին և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ Ծառուկյանի հետ ձեռք բերված փոխպայմանավորվածությունները, ինչի արդյունքում ԲՀԿ-ն միակն էր, որ պաշտոնապես արժանացավ «հեղափոխության աջակցող ուժ» պատվավոր տիտղոսին:

- 2013-2014 թվականներից Տեր-Պետրոսյանի դեմ շրջանառվում էր նաև մեկ այլ թեզ, այն է` «Տեր-Պետրոսյանը ռուսամետ է և ցանկանում է, որ Հայաստանը մնա Ռուսաստանի ազդեցության գոտում»: Այս պիտակավորմանն էլ Տեր-Պետրոսյանն արժանացել էր «ԵԱՏՄ անդամակցությունն անշրջելի է» ձևակերպման համար: Այժմ ստացվել է այնպես, որ Տեր-Պետրոսյանի քննադատների գերակշիռ մասը, ըստ էության, ընդունել է նույն դիրքորուշումը, ինչի համար ոչ վաղ անցյալում քննադատում էր Տեր-Պետրոսյանին:

- 2016 թվականից կրկնակի թափ առավ Տեր-Պետրոսյանի դեմ ուղղված բոլոր ժամանակների ամենամոդայիկ քննադատությունը. «Տեր-Պետրոսյանը ցանկանում է Արցախը հանձնել»: Քոչարյանասերժական իշխանություններին և նրանց սպասարկող ուժերին պատկանող լրատվականներն օր ու գիշեր ողողված էին/են Տեր-Պետրոսյանի կողմից Արցախը հանձնելու պատրաստակամության մասին հրապարակումներով և մեկնաբանություններով: Երբ հեղաշրջում իրականացնելով հասնում են իշխանության, սակայն հեղաշրջման անունը դնում են «փոխզիջման կգնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք», իսկ իրենց իշխանության տարիներին Արցախը նպատակաուղղված դուրս են մղում բանակցություններից, բանակցում են «Ընդհանուր պետություն» և «Քի Վեսթյան» խայտառակ սկզբունքներ պարունակող տարբերակների շուրջ, Արցախի հարցը վերածում են Հայաստան-Ադրբեջան տարածքային վեճի, խնդիրը հասցնում են փակուղային իրավիճակի, ինչի արդյունքն Ապրիլյան պատերազմն է լինում, գրանցում են 800 հա տարածքի կորուստ և այլն, և այլն, ապա, բնականաբար, իրենց դեմքը փրկելու համար մի կողմից պիտի իրավիճակներն ու իրականությունը խեղաթյուրեն, իսկ մյուս կողմից «այլ տեսակետ ունեցողին» պետք է ներկայացնեն որպես «Արցախը հանձնողի»:

Ինչևէ, «լրջանալու պահն» ինչպես 22 տարի առաջ էր արդիական, այնպես էլ շարունակում է մնալ արդիական: Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է: Շնորհավոր, մեծարգո Նախագահ: