11.01.2019 15:31

Մհեր Արշակյան. Հեշտ իշխանության եւ դժվար ընդդիմության ժամանակներ

Մհեր Արշակյան. Հեշտ իշխանության եւ դժվար ընդդիմության ժամանակներ

Նոր խորհրդարանում, այո, երեխաներ կան: Բայց ո՛չ տարիքի ու փորձի իմաստով: Նրանք երեխաներ են մարտահրավերների առաջ: Եվ նրանց առաքելությունը պակաս կարեւոր չէ: Երեկ նրանք աջ ու ձախ ասում էին, որ «կնոպկա սեղմողներ» չեն լինի: Դա ճիշտ է «հանրապետական» իմաստով:

Նրանք իսկապես «կնոպկա» չեն սեղմի՝ ինչ հարց էլ որ քննարկվի:

Բայց մենք արդեն գիտենք, որ վերջին 20 տարում բոլոր, գրեթե բոլոր օրենքները հարմարեցվել են մի կուսակցության իշխանության հարատեւմանը: Էդ օրենքները պետք է փոխվեն: Նոր կառավարությունը բոլոր այդ օրենքները պետք է հարմարեցնի նոր Հայաստանին: Ասենք, հարկային օրենսդրությունը, որն այսօր էլ փոքր-ինչ բարեփոխված վիճակում գրեթե սեղմում է միջին գործարարի կոկորդը: Հետհանրապետական կառավարությունն այսօր գիտի, թե ինչ պետք է անի: Նույնիսկ եթե նոր խորհրդարանը չի պատկերացնում իր անելիքը, կառավարությունը նրան կասի: Հենց այս իմաստով նոր խորհրդարանի դերն ամենապարզն է վերջին 20 տարիների Հայաստանում՝ բարեփոխել օրենքներն այնպես, որ դրանք մեկ կուսակցության օրենքներ չլինեն:

Նոր պատգամավորները խրտնում են «կնոպկա» բառից: Խրտնել պետք է, եթե կառավարությունը չկարողանա փաստարկի, թե ինչու պետք է բարեփոխվի այս կամ այն օրենքը: Եթե կոռուպցիայի դեմ պայքարի փիլիսոփայությունը թափանցիկ չէ, կառավարությունն, անշուշտ, պիտի խնդիրներ ունենա ԱԺ-ում: Իսկ եթե թափանցիկ է, կոճակները պետք է սեղմվեն նույնիսկ առանց լուրջ քննարկման:

Նոր Հայաստանում լրագրողների դերը, մեծ հաշվով, ավելի կարեւոր է լինելու, քան նույնիսկ խորհրդարանի: Քանի որ խորհրդարանի դերն ամրագրված է նոր Հայաստանի փիլիսոփայության մեջ՝ այն պետք է երկիրը դուրս բերի կառավարման միահեծանությունից: Ավելին, էդ վիճակից պետք է դուրս բերի նույնիսկ սեփական դեմքը կորցնելու գնով: Իսկ սեփական դեմքը կորցնելն առանձնապես ոճական իմաստով շատ «հանրապետական» չի լինելու, բոլորն են տեսնելու, որ նոր խորհրդարանը չի շեղվում այն նպատակներից ու ծրագրերից, որ իր առջեւ դրել է նոր Հայաստանը: Պարզապես այս խորհրդարանը չի կարող լինել բանավեճերի մեծ ամբիոն հենց այն պատճառով, որ նպատակները հստակեցված են:

Այս խորհրդարանում ամենահակասականը կլինի ընդդիմության վիճակը: Թվում է, թե նրանց պարագան հասկանալի է՝ կտրել կառավարության դեմը, եթե իրենց նպատակների մեջ ազնիվ չեն: Երկրորդ ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասում է, թե այն, ինչ թույլատրելի չէր Սերժ Սարգսյանի իշխանությանը, թույլատրելի չէ նաեւ նորերին: Սակայն նորերը դա գերազանց գիտեն: Նորերը կարող են միայն առաջարկել իրենց անպատժելիությունը, նրանք չեն կարող կրկնօրինակել արդեն տրորված անպատժելիությունը: Նորերը հաստատ չեն կարող Սերժ Սարգսյանի սխալները կրկնել, որովհետեւ նրա նման էլ կգնան: Հետեւաբար՝ նորերը զգոն են: Բայց ընդդիմությունը նորի ձեռագիր չունի: Ընդդիմությունը դեռ պետք է ձեռագիր գտնի, որովհետեւ ինքը, ըստ էության, ճշգրտված նպատակներով ու ծրագրերով կառավարության հետ գործ ունի: Ինքը չի կարող ասել, թե չեմ տեսնում կոռուպցիայի դեմ ձեր պայքարը, որովհետեւ հենց օրենքներն սկսեցին մտնել ԱԺ, դրանք աշխատելու են ամբողջ թափով:

Գուցե ընդդիմությունն իր առաջարկներն ունենա, խոսք չկա, բայց իր ցավը հենց այն է, որ գալով Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի թեթեւությունից, երբ ցանկացած մեղադրանք համապատասխանում էր իրականությանը, այն հիմա չի կարող նույն թեթեւությամբ քողազերծել նոր իշխանությանը: Այդտեղ նա պետք է դեռ ժողովրդին էլ համոզի: