14.01.2019 12:35

«Ռեալի» ձմեռային տրանսֆերային գլխավոր նպատակն Իտալիայից է

«Ռեալի» ձմեռային տրանսֆերային գլխավոր նպատակն Իտալիայից է

«Ջենոայի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկի հետ պայմանագիր ստորագրելը Մադրիդի «Ռեալի» գլխավոր նպատակն է լինելու ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հաղորդում է AS պարբերականը։

Ըստ այդ լրատվամիջոցի՝ «Արքայական» ակումբի սկաուտը լեհ ֆուտբոլիստի գործողություններին հետևելու է իսպանական Մարբելյա քաղաքում, որտեղ «Ջենոան» ուսումնամարզական հավաք է անցկացնում։ Ակնկալվում է, որ «Ռեալի» ներկայացուցիչը ներկա կգտնվի իտալական ակումբի և «Վյուրցբուրգեր Կիկերսի»՝ հունվարի 14-ին կայանալիք ընկերական հանդիպմանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը դիտարկում է Պյոնտեկին հունվարին վարձակալելու տարբերակը։ Մի քանի լրատվամիջոցներ էլ պնդել են, որ «Ռեալը» պատրաստ է հարձակվողի տրանսֆերի դիմաց արդեն հիմա վճարել 30 մլն եվրո։ Սանտիագո Սոլարին հուսով է, որ մադրիդյան թիմն այս տեղափոխության շնորհիվ կբարելավի ելույթները հարձակման գծում։

23-ամյա Պյոնտեկն Իտալիայի ընթացիկ առաջնության ռմբարկուների ցուցակում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը՝ անցկացրած 19 խաղում դառնալով 13 գոլի հեղինակ։ Ա Սերիայում խփած գնդակների քանակով նրան գերազանցում է միայն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը հաջողության է հասել 14 անգամ։