14.01.2019 13:16

ԴՆԹ-ի մոլեկուլը նկարագրած ծագումնաբան Ջեյմս Ուոթսոնը զրկվել է պատվավոր տիտղոսներից

ԴՆԹ-ի մոլեկուլը նկարագրած ծագումնաբան Ջեյմս Ուոթսոնը զրկվել է պատվավոր տիտղոսներից

Ամերիկացի ծագումնաբան Ջեյմս Ուոթսոնը, որը Նոբելյան մրցանակի է արժանացել ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքը նկարագրելու համար, զրկվել է պատվավոր տիտղոսներից՝ այն բանից հետո, երբ կրկին պնդել է, որ ինտելեկտի մակարդակը կապ ունի ռասայական ծագման հետ:

Նյու Յորք նահանգի հանրահայտ Քլոդ Սփրինգ Հարբոր լաբորատորիայի հայտարարության մեջ, որտեղ աշխատել է Ուոթսոնը, 90-ամյա գիտնականի մեկնաբանություններն «անհիմն և անպատասխանատու» են որակվել:

Դոկտոր Ուոթսոնը նման հայտարարություններ արել էր դեռ 2007 թ., սակայն հետագայում հրաժարվել էր դրանցից և ներողություն խնդրել:

1962 թ. Ուոթսոնը, Մորիս Ուիլքինսի և Ֆրենսիս Քրիքի հետ միասին, Նոբելյան մրցանակ էր ստացել ԴՆԹ-ի կառուցվածքը բացահայտելու համար: Սակայն 2014 թ. նա վաճառել էր իր ոսկե մեդալը՝ հայտարարելով, որ տարբեր ռասաների մտավոր և ֆիզիկական զարգացածության տարբերությունների վերաբերյալ իր հայտարարություններից հետո գիտական հանրությունը հալածում է իրեն:

Ուոթսոնը նշում էր, որ սպիտակամոթների ու սևամորթների մտավոր կարողությունների տարբերությունները դրսևորվում են IQ թեստերում: Մտավոր զարգացման հարցով փորձագետների մեծ մասի կարծիքով՝ այդ տարբերությունները բացատրվում են այն միջավայրով, որտեղ նրանք ապրում են, այլ ոչ թե գենետիկ կանխատրամադրվածությամբ:

2007 թ. Ուոթսոնը հարցազրույց է տվել բրիտանական մամուլին և ասել է, թե մտահոգված է «Աֆրիկայի հեռանկարից, քանի որ մեր սոցիալական քաղաքականությունն ամբողջությամբ հիմնված է այն փաստի վրա, թե նրանց ինտելեկտը ճիշտ այնպիսին է, ինչպիսին մերն է, մինչդեռ բոլոր թեստերը ցույց են տալիս, որ դա այդպես չէ»:

Ներկայումս Ուոթսոնը ծերանոցում է և այնքան էլ լավ չի հասկանում, թե ինչ է կատրավում իր շուրջը:

Փոխանցում է BBC-ն: