14.01.2019 14:21

Թրամփը հերքում է, որ թաքցրել է Պուտինի հետ բանակցությունների մանրամասները

Թրամփը հերքում է, որ թաքցրել է Պուտինի հետ բանակցությունների մանրամասները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքում է այն մեղադրանքները, թե ինքը թաքցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների մանրամասները: Նրա խոսքով՝ ինքը «ոչինչ չի թաքցնում»:

Washington Post թերթի տվյալներով՝ Թրամփը թաքցրել է բանակցությունների մանրամասները ու նույնիսկ հանդիպումներից մեկի թարգմանչից վերցրել է նրա աշխատանքային գրառումները:

Թերթը նշում է, որ Թրամփը, ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահների, Պուտինի հետ բանակցություններին իր հետ չի տանում Սպիտակ տան բարձրաստիճան աշխատակիցների և ոչ մեկին հետո չի պատմում այդ բանակցությունների մանրամասները:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի  հանձնաժողովն արդեն հայտարարել է, որ մտադիր է նիստ անցկացնել Պուտինի հետ Թրամփի հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության անբավարարության հարցով:

«Ամեն անգամ, երբ Թրամփը հանդիպում է Պուտինի հետ, երկրին ոչինչ չի ասվում: Ամերիկան արժանի է իմանալու ճշմարտությունը, և ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը մտադիր է դա իմանալ: Մենք լսումներ կանցկացնենք՝ պարզելու համար Պուտինի ու նրա շրջապատի հետ Թրամփի տարօրինակ հարաբերությունների շուրջ ծավալվող գաղտնիքները և այն, թե այդ մութ հարաբերություններն ինչպես են ազդում մեր ազգային անվտանգության վրա»,- ասվում է հանձնաժողովի համանախագահ Էլիոթ Էնգելի հայտարարության մեջ:

Փոխանցում է BBC-ն: