14.01.2019 15:21

Լիզա Ճաղարյան. Լրագրությունը գուժում է ճշմարտության մահը

Լիզա Ճաղարյան. Լրագրությունը գուժում է ճշմարտության մահը

Ես լրագրողական համքարության այն սիրատոչոր խմբակից չեմ, որոնց անդամները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ սիրում են իրենց բոլոր գործընկերներին։ Նախ՝ երբեք չեմ հավատացել եւ հիմա էլ չեմ հավատում, որ որեւէ մարդեղեն արարած ունակ է բոլորին սիրել, երկրորդ՝ չեմ պատկերացնում, թե ոնց է հնարավոր սիրել, օրինակ, բացահայտ ստախոսներին, ճշմարտությունը խեղաթյուրողներին, լրատվական դաշտի «վարձկաններին», սոցցանցերը հեղեղած կիսագրագետ, պրոֆեսիոնալիզմից յոթ սարուձոր հեռու գրչակներին։

Որեւէ մեկը կհամարձակվի՞ հերքել, որ հիմա Հայաստանի լրատվական դաշտում սրանք ճնշող մեծամասնություն են։

Ավելին, պնդում եմ, որ ներկա լրատվական դաշտն աղետալի վիճակում է,  եւ բազմաթիվ լրատվամիջոցներ այսօր մրցում են միմյանց հետ այն «սուրբ» նպատակով, թե հայտնի հեքիաթի հերոսների պես՝ իրենցից ո՛ր մեկն առավել մեծ ու անամոթ սուտ կասի՝ Հայաստանը թալանած նախկինների «թագավորության կեսին» արժանանալու համար։ Եվ այն սիրառատները, որ «սիրում են» բոլոր լրագրողներին, ոչ միայն կեղծում են, նաեւ իրենց որդեգրած կեցվածքով նպաստում են, որ լրագրություն կոչվածն ավելի ու ավելի գահավիժի։

Չնայած՝ ի՞նչ «ավելի», «ավելի»-ի սահմանն էլ է արդեն վաղուց հատվել։ «Դեղին» եւ ծանրակշիռ լրատվամիջոցների սահմանազատման փորձ անողները նախապես պետք է շատ ծանրութեթեւ անեն՝ հուսահատվելու շեմին չհայտնվելու համար։

Սեփական խոսքի ճշմարտացիության նկատմամբ պատասխանատվության այսպիսի անկում կար Հայաստանի անկախության առաջին տարիներին, բայց այն ժամանակ ասպարեզում մի քանի թերթ էր ընդամենը, եւ աղետի ծավալն այսչափ զարհուրելի ու ամոթալի չէր։ Մի տարբերություն նույնպես կար. ճշմարտությունը խեղաթյուրողներն էլ էին գրագետ եւ արհեստավարժ։ Կամ՝ արհեստավարժ ու գրագետ էին սրանց խմբագիրները, եւ ընթերցողներն ստիպված չէին, կեղծիքի հետ միասին՝ նաեւ անգրագիտության չլսված-չտեսնված նմուշներ «վայելել»։

Այս խայտառակ իրավիճակից դուրս գալու ելքը ո՞րն է։ Չգիտեմ։ Դրա պատասխանը թող տան զանազան լրագրողական միություններն ու կազմակերպությունները, որոնցից ոչ մեկին երբեւէ չեմ անդամագրվել ու ապագայում էլ նման մտադրություն չունեմ, բայց ոչ ոք չի կարող զրկել ինձ տարակուսելու իրավունքից՝ եթե կարող եք մրցանակներ շնորհել, ըստ ձեզ, արժանավոր լրագրողներին, ի՞նչն է խանգարում, որ որեւէ կերպ ճանապարհ գտնեք պարսավելու նաեւ լրագրողի մասնագիտությունը լկտիաբար արժեզրկողներին եւ Հայաստանի պետական լեզուն սեփական անգրագիտությամբ ծաղրողներին ու նսեմացնողներին։

Հանկարծ չասեք՝ մտահոգությունս ազատ խոսքի սահմանափակման պահանջ է նշանակում։ Ազատ խոսքի ու վայրահաչության նույնացումը լրագրության թշնամիների հորինածն է, իսկ դրա նպատակն էլ թացն ու չորը միմյանց խառնելու միջոցով՝ կեղծիքի ու ստի աղբի տակ ճշմարտության «հանդիսավոր» թաղումն է, ինչն էլ արվում է այսօր ու հիմա։