14.01.2019 17:22

Արսեն Գրիգորյան. Ժողովուրդ է պետք

Արսեն Գրիգորյան. Ժողովուրդ է պետք

Իշխանությունը միայն պայմանական է նոր: Այս իշխանությունը, ըստ օրենքի, պաշտոնավարելու է 5 տարի: Նշանակում է, հինգ տարի ինքն իրեն անձեռնմխելի է զգալու: Նրա մեջ հիմնականում ներգրավված են երիտասարդներ: Այսինքն, մարդիկ, որոնք կյանքի սկզբում արդեն ունեն հրահանգներ անելու, ինչ-որ վայելքներից օգտվելու սահմանադրական լիազորություն: Հինգ տարի հետո հենց նրանք են կանգնելու իշխանությունը կորցնելու սպառնալիքի առջեւ:

Սերժ Սարգսյանի իշխանությունը սարսափելի էր նրանով, որ անհասկանալի մարդիկ ամեն գնով կանգնեցրել էին ժողովրդի մասնակցությունը իշխանության ձեւավորման աշխատանքներին: Ավելին, ժողովուրդը «աջ քաշած» մի օրգանիզմ էր, որն ինքն էլ այլեւս չէր դիմադրում պետության մեջ դեր չունենալուն: Ի վերջո դա հանգեցրեց հեղափոխության:

Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ մարդիկ են, որոնք դեռ նոր են զգալու իշխանության համը: Նրանք դեռեւս չունեն այն ժողովուրդը, որը պիտի նստի նրանց շնչին եւ ցույց տա, որ եկել են ծառայելու, ոչ թե վայելելու: Այդ ժողովուրդը չկա: Այդ ժողովուրդը դեռ նոր պետք է ձեւավորվի: Եվ ժողովուրդը մի «խասիաթ» ունի, որն ի վերջո չի ներում ոչ մեկին՝ ինքը երբեք չի մտնում ուրիշի իշխանության ախորժակի մեջ, եթե դա իրենը չէ: Իր կյանքում ոչ մի փոփոխություն չտեսնելով ժողովուրդը չի կարող հինգ տարի մտածել, որ իշխանությունը գիտի ինչ է անում: Ահա ինչու, գրեթե ամբողությամբ երիտասարդներով ձեւավորված իշխանությունը ապագայում կարող է խնդիրներ ստեղծել ոչ թե անպատասխանատվության, այլ իշխանության համի առումով՝ նրանք թարմ ուժեր են, նրանց ատամներն առողջ են, նրանք կիմանան ինչը պաշտպանել: Ահա ինչու, այսպիսի իշխանությանը ժողովուրդ է պետք: Իսկ ժողովուրդ ասվածը Հայաստանում եղել եւ մնում են մարզերի բնակիչները, որոնք այնպես չէ, որ վերագտել են իրենց ձայնը: Պարզապես այլեւս նրանց ճնշող չկա, նրանց խանգարող չկա:

Այսինքն, հեղափոխությունը պետությունը պետք է ապահովի ժողովրդով: Քանի որ ինքնին հեղափոխությունը եւ պետությունը փաստ են: Իշխանությունն ունի իր Նիկոլ Փաշինյանը: Ինքնին ենթադրելի է, որ նա նաեւ ժողովրդի Նիկոլ Փաշինյանն է: Բայց Նիկոլ Փաշինյանը (տվյալ դեպքում նաեւ նրա թիմը) կարող է կորցնել ժողովրդի զգացումը, ինչը առանձնապես անբնական չէ Հայաստանի տիպի երկրներում, արդեն իսկ թիկնազորի անդամին պատգամավոր դարձնելը, այնուհետեւ վերջինիս կրքոտ հոխորտանքները քաղաքացիական հասարակության ներկայացուցչի հանդեպ լավ բան չեն խոստանում: Կարճ ասած, նոր իշխանության ներկայացուցիչները չափազանց հագեցած են լեգիտիմությամբ իրականության զգացումը բանի տեղ դնելու համար: Այդ իրականության զգացումին կարող է խանգարել նաեւ այն ընդդիմությունը, որ կա խորհրդարանում, ահա ինչու է կարեւորվում ժողովրդի դերը: Այս իշխանությունն այլեւս խորհրդարանում չի կարող ընդդիմություն ստեղծել հանձին ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի: Մնում է, որ ժողովուրդը դառնա նրանց իրականության զգացումը: