14.01.2019 18:45

Թրամփի հակառակորդները ծաղրում են նրա դստեր հնարավոր նշանակումը ՀԲ-ի ղեկավարի պաշտոնում

Թրամփի հակառակորդները ծաղրում են նրա դստեր հնարավոր նշանակումը ՀԲ-ի ղեկավարի պաշտոնում

Ամերիկյան The Financial Times թերթը տեղեկացրել է, որ երկրի նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի անունը մշտապես հիշատակվում է Համաշխարհային բանկի նոր ղեկավարի նշանակման համատեքստում:

Համաշխարհային բանկի ներկայիս նախագահ Ջիմ Յոն Կիմը մի քանի օր առաջ հայտարարեց, որ վաղաժամ հեռանում է պաշտոնից: Նրա լիազորություններն ավարտվում էին 2022 թ.: Հրաժարականի պատճառները չեն նշվում:

Թեպետ Իվանկա Թրամփի նշանակումը դեռ ընդամենը խոսակցությունների մակարդակում է, նրա հոր քաղաքական մրցակիցներն արդեն արտահայտել են նման հնարավորության վերաբերյալ իրենց կարծիքը:

Այսպես, Կալիֆոռնիայից դեմոկրատ պատգամավոր Թեդ Լեուն Twitter-ում զարմանք է արտահայտել, որ «բոլոր ամերիկացիներից, ովքեր կարող էին ղեկավարել Համաշխարհային բանկը, ամենաշատը այդ պաշտոնին համապատասխանում է Իվանկա Թրամփը, որը զրկվել է հագուստի իր ապրանքանիշից և նախագահի դուստրն է: Հասկանում եմ»:

Միլիարդատեր Թոմ Սթեյները, որը ֆինասավորում է Թրամփին իմպիչմետ հայտարարելու պահանջով գործընթացը, հայտարարել է, որ դա իր լսած ամենազավեշտալի առաջարկն է: «Ազգականներին առաջադրելը կոռուպցիայի մի ձև է: Ես զարմացած չեմ, բայց անհեթեթության  աստիճանն ուղղակի ցնցող է»,- հայտարարել է նա:

Համաշխարհային բանկի ղեկավարի նշանակման որոշումը կայացնում է տնօրենների խորհուրդը: Սակայն ավանդաբար՝ հաղթում է հենց այն թեկնածուն, որին առաջադրում է ԱՄՆ նախագահը: Ջիմ Յոն Կիմին 2012 թ. առաջադրել է Բարաք Օբաման: Կազմակերպության ղեկավարի պաշտոնում առայժմ կին չի եղել:

 Փոխանցում է Interfax-ը: